ԵՐԿՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԸ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ »ՔԱՐԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ« ԳՐՔՈՒՄ

ԿԱՐԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Նուիրւում է
Հրանդ եւ Ժանետ Մարգարեանների
ծննդեան 80-ամեակին

Խմբագրութեան կողմէ. — Քաջառողջութիւն եւ արեւշատութիւն կը մաղթենք տակաւին կորովի Մարգարեան ամոլին։ Հրանդ ի սկզբանէ եղաւ նաեւ «Հորիզոն»-ի աշխատակիցը, այդ ճամբով ալ մեզի սերտօրէն կապուած գրող մը։ Յարգա՛նք իր վաստակին։

2018թ. հոկտեմբերի 6-ին Հրանդ Մարգարեանը բոլորում է երկրային կեանքի 80-րդ տարին: Հայ նորագոյն շրջանի մշակոյթի պատմութեան մէջ նա քաջածանօթ ու սիրուած անուն է: Ծնուել է Իրաքում՝ եղեռնից մազապուրծ վանեցիների ընտանիքում, այնուհետեւ բարձրագոյն կրթութիւնը ստացել, ապրել ու գործել է ԱՄՆ-ում: Բազմաշնորհ այս մտաւորականը աչքի է ընկել ու մնայուն հետք թողել տարբեր ասպարէզներում՝ քիմիական գիտութիւնների, գրականութեան՝ մասնաւորապէս բանաստեղծութեան, թատերագրութեան, թատրոնի՝ բազմաթիւ բեմադրութիւններով եւ դերակատարումներով, մանկավարժութեան, հասարակական, կազմակերպչական, բարեգործական գործունեութեան եւ այլն:
Մի բան յստակ է, որտեղ որ եղել, ինչ ուղղութեամբ էլ գործել է Հրանդ Մարգարեանը, նա միշտ մնացել է իրական հայ՝ անմնացորդ հաւատարիմ իր ինքնութեանը, ստացած ժառանգութեանը, այն հարստացնելու եւ սերնդէ-սերունդ փոխանցելու վսեմ առաքելութեանը: Այս առաքելութիւնն իրականութիւն դարձնելու դժուարին ճանապարհին նրա անդաւաճան ուղեկիցը, ամուր սատարը, ոգեւորող մուսան է եղել կինը եւ երկու զաւակների մայրը՝ բժշկուհի Ժանետ Մարգարեանը, որը եւս այս տարի բոլորում է կեանքի 80-րդ տարին: Այս ամոլը օրինակ ու քաջալերանք է եղել սփիւռքահայ եւ հայրենաբնակ երիտասարդութեան համար՝ ազգապահպանման բարդ ու պատասխանատու գործում, նաեւ իրենց թոռնիկների՝ Մատթէոսի ու Սարինի համար, որոնց դաստիարակութեան մէջ եւս ահռելի է նրանց դերակատարութիւնը:
Հրանդ Մարգարեանի գրական գործունեութեան մասին կարելի է շատ ու շատ երկար խօսել, սակայն կայ մի թեմա, որ կարմիր թելի պէս անցնում է նրա գրականութեան միջով, որը կարելի է բնորոշել եւ՛ որպէս իշխող գաղափար, եւ՛ ստեղծագործութեան լրում ու ամբողջացում. Երկիրը:
Անշուշտ իւրաքանչիւր գիտակից հայի համար սրբազան ու նուիրական է Երկիրը: «Տարօրինակ ազգային ներգիտակցական երեւոյթ մը կը պարզուի «Երկիր» բառին հետ: Մեր նախնիները Արեւմտահայաստանը «Երկիր» կոչած են: «Երկիր» բառով անոնք այդ հողերը մեր ազգային պատկանելիութեան սահմաններուն մէջ դրած են, հոն զետեղելով մեր տէր ըլլալու անզիջող կամքը…»(Հրանդ Մարգարեան, «Քարաձայն պատարագ», Նիւ Եորք, 1998, էջ 16: Այսուհետեւ այս գրքից կատարուող մէջբերումների էջերը կը նշուեն խօսքաշարում՝ փակագծերի մէջ):
Եթէ մինչեւ 1997թ. Հրանդ Մարգարեանի համար Երկիրը անչափ սիրելի, սակայն հեռաւոր էր, անմատչելի ու միայն երեւակայելի, ապա 1997-ից յետոյ, մնալով անչափ սիրելի, դարձաւ մերձաւոր, շոշափելի, ճանաչելի, գուրգուրելի ու փայփայելի, քանի որ 1997-ին Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեանի ղեկավարութեամբ կատարեց իր առաջին ուխտագնացութիւնը դէպի Արեւմտեան Հաեաստան եւ Կիլիկիա, ինչի արդիւնքը եղան «Քարաձայն պատարագ» գիրքը եւ բազմաթիւ դասախօսութիւններ Հայաստանում եւ սփիւռքի գաղթօջախներում: «Քարաձայն պատարագ» գիրքը լոյս տեսաւ Նիւ Յորքում 1998-ին, եւ 2018-ին նաեւ այս գրքի յոբելեանն է՝ 20-ամեակը:
Երկրի մասին ուղղակի կամ անուղղակի կերպով խօսելիս՝ Մարգարեանը յաճախ դիմում է բազմաթիւ ու բազմապիսի խորհրդանիշերի օգնութեանը, որոնք օժտուած են խօսքը ոճաւորելու անսահման կարողութեամբ: Դրանք կարող են լինել ամենատարբեր իրեր եւ երեւոյթներ, վերացական հասկացութիւններ, անձնանուններ, տեղանուններ եւ այլն, եւ այլն: «Խորհրդանշանը գեղարուեստական լեզուի պատկերաւորութեան միջոցներից մէկն է, որը որոշակի ընդհանրութեան հիման վրայ ընդունւում է որպէս մի այլ երեւոյթի կամ հասկացութեան (գաղափարի) պայմանական անուանում»[1]:
«Քարաձայն պատարագ» գրքի արդէն առաջին տողերում հանդիպում ենք խորհրդանիշների: Որքան էլ տարօրինակ լինի, դրանք են մկրատը, մեծ մօր գործած տոպրակը՝ ջուալը, պապենական կալուածքի թուղթը: Սրանք խորհրդանիշներ են, քանզի Հրանդի հայրը՝ Մանուկը, այս երեք իրերն է հետը վերցրել Երկրից, պապենական տնից, որտեղ վերադառնալու հնարաւորութիւնը այդպէս էլ չունեցաւ: Ինչպէս նշում է հեղինակը. «Մեր տան մէջ միշտ ակնածանքով կը նայէինք հօրս բերած Երկրի երեք իրերուն: Անխօս կտակ մըն էին անոնք, անտեսանելի կապ մը՝ մեր տան եւ մեր Տան միջեւ… Փաստաթուղթը սեւ մելանով արաբատառ թուրքերէնով մեծադիր էջ մըն է… Հիմա, մեր նոր տան պատերը զարդարող նկարներուն մէջ այդ յստակօրէն ընթեռնելի փաստաթուղթը, մաքուր շրջանակուած, յատուկ տեղ կը գրաւէ ու ինծի համար դարձած է մեր պատմութեան եւ մարդկային անիրաւութեան մնայուն յուշարար մը»(12):
Խիստ իրական ու առարկայական խորհրդանշաններից Մարգարեանն անցում է կատարում վերացարկուած ու աննիւթական խորհրդանիշերի՝ խօսելով այն դատարկութեան, այն մեծ խոռոչի մասին, որ իր հետ բերել է Երկրի կորուստը: Այս խոռոչը նա անուանում է «Մեծ բացատ», որը եւս խորհրդանշան է, սակայն այնպիսին, որն իր մէջ ներառում է բազմաթիւ խորհրդանիշեր: «Ամեն գիտակից հայ “սեւ փոս”-ի նման Բացատ մը ունի իր ենթագիտակցութեան մէջ, եւ որուն ինչ ըլլալը չի գիտեր: Անուն չունի այդ Բացատը: Շուրջը կը դառնանք ազգովին ու կը փորձենք ածականներով բնորոշել՝ կարօ՞տ, պահա՞նջ, բարկութի՞ւն, վրէ՞ժ, դառնութի՞ւն, անկարողութի՞ւն, անտեսուածութի՞ւն, անարդարութի՞ւն, պահանջատիրութի՞ւն…: Յստակ անուն չունի այդ «Մեծ բացատը», սակայն կը կրծէ, կը տանջէ, կը հիւծէ մեր զգացական աշխարհը»(16-18):
Այնուհետ գալիս է խորհրդանշանների մի այլ տեսակ, որն ընթերցողին ուղեկցում է մինչեւ գրքի վերջը եւ շարունակում իր կենդանի ներկայութիւնը նրա կեանքում. աշխարհագրական անունները: Սրանք աշխարհագրական պարզ անուններ չեն, այլ կորուսեալ հայրենիքի պատառիկներն ու Երկրի խորհրդանիշերը: Սրանցից ամեն մէկը իւրովի է ներազդում հեղինակի եւ ընթերցողի հոգեկան աշխարհի վրայ՝ առաջացնելով ամենատարբեր զգացողութիւններ, որոնցից անփոփոխ ու բոլորի դէպքում նոյնն է մէկը՝ կորստի ցաւը: Եւ Հրանդ Մարգարեանը մեզ ուղեկցում է իր ուխտի ճանապարհով՝ իւրաքանչիւր հանգրուանին կիսուելով արձակ, յաճախ չափածոյ խորհրդածութիւններով: Աւելացնենք, որ գիրքը երկմաս է՝ հայերէն եւ անգլերէն բաժիններով, ինչով ներգրաւում է ընթերցողների շատ աւելի լայն շրջանակ:
Ուխտագնացութիւնն սկսւում է Պոլսից, որտեղ ուխտաւորները հանդիպումներ են ունենում տեղի հայ մտաւորականների հետ: Դեռ մինչեւ Պոլիս մեկնելը Հրանդ Մարգարեանը երեք քառատողի մէջ ամփոփում է իր ուղեւորութեան նպատակը:

Փշալարուած պատմութեան
սեւ ու արնոտ դէպքերով
ես բեռնաւոր ուղեւոր
կ՚երթամ ես Ինձ գտնելու…(20)

Որոնում-ուխտագնացութեան առաջին կանգառը պատմական Այնթապ քաղաքն է: Հէնց առաջին կանգառին, առաջին քայլերից Երկրի խորհրդանիշներին զուգահեռ հեղինակը խորը ցաւով բացայայտում է (երեւի ճիշտ կը լինի ասել) հակախորհրդանիշերը. քաղաքի կենտրոնական հրապարակում Մուստաֆա Քեմալի արձանն է, ձին հեծած, աջ թեւը դէպի առաջ պարզած: «Կարելի չէ ներկան առանձինն տեսնել առանց պատմական կապուածութեան, — գրում է Հրանդ Մարգարեանը, — ամեն քայլափոխիս պատմութիւնը զուգընթաց կը քալէ հետս եւ ճնշիչ ներկայութիւն մըն է մէջս» (24):
Ինչպէս ուխտագնացութեան միւս փուլերին, այնպէս էլ այստեղ հեղինակն անցնում է պատմական ակնարկի՝ համառօտ կերպով ներկայացնելով քաղաքի, այստեղ գործած եկեղեցիների, կրթական, մշակութային օջախների պատմութիւնը:
Յաջորդ խորհրդանշան-կանգառը Ամենայն հայոց կաթողիկոսանիստ սրբավայր Հռոմկլայ բերդաքաղաքն է: Այստեղ են ապրել ու գործել կաթողիկոսներ Գրիգոր Պահլաւունին, Գրիգոր Դ. Տղան, Կոնստանդին Ա. Բարձրաբերդցին: Այստեղ է իր ծովածաւալ ժառանգութիւնը ստեղծել Ամենայն հայոց կաթողիկոս Սուրբ Ներսէս Շնորհալին՝ Կլայեցին:
Ապա հասնում են Մուսա լեռ: Մուսա լեռը ոչ միայն Հայրենիքի, այլեւ նրա ազատատենչ ոգու եւ ազատագրական շարժման խորհրդանիշն է, այս լեռան վրայ է կերտուել այն հերոսամարտը, որը յետագայում իր արտացոլումը գտաւ Ֆրանց Վերֆելի հանրայայտ վէպում: Մուսա լեռը, սակայն, յայտնի է ոչ միայն իր հերոսամարտով: Ինչպէս նշում է հեղինակը. «Մտովին կը վերակառուցեմ պատմութիւնը՝ Պիթիասի արեւմտեան կողմը կը գտնուէր Ս. Յովհան Ոսկեբերանի ճգնավայր մատուռը, իսկ հիւսիսարեւելեան կողմն ալ՝ Ս.Եղիայի ճգնավայր-քարայրը, 1915-ին հայերու ամբողջական թիւն էր 5311 հոգի, 1235 ընտանիքներէ բաղկացեալ: Հայկական գիւղերն էին՝ Քեպուսիյէ, Վաքըֆ, Խտրպէկ, Եողուն-օլուք, Հաճի-Հապիպլի, Պիթիաս եւ Նոր Զէյթուն»(44):
Յուզիչ է յատկապէս Վաքըֆ այցելութիւնը: Այս գիւղում երեսուն ընտանիք է ապրում, որից քսանը հայկական են: Վերանորոգում էին Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցին, որի օծումը նախատեսւում էր օգոստոսին: Մտադիր էին նաեւ հայկական դպրոց բացել: Փորձելով յաղթահարել հոգեկան խորը խռովքը՝ Մարգարեանը գրում է. «Մեր ազգի ապագայ սերունդները դե՜ռ իրենց պապենական հողերուն վրայ են: Արեւմտահայաստանի վերջի՜ն բեկորները՝ թառած լեռներու գագաթին… Այդ խնկելի մարդիկը, Անատոլուի տարածքին ցրուած հատուկտոր հայերու հետ վերջի՛ն պահակներն են, հո՛ն են, հայրենի հողին վրայ… Ու կը խորհրդածեմ…»(48):
Այս խորհրդածութիւնների արդիւնքն է «Պահակները» բանաստեղծութիւնը, որն ամբողջութեամբ կառուցուած է այլաբանական պատկերներով: Պահակները եւս խորհրդանիշ են, այս դէպքում Երկրի հողի վրայ վերջին հայեցի ապրողների խորհրդանիշը.

Պատմութեան պէս լո՜ւռ պահանջ
խոհ ու արմատ, տաք հող են
պահակները այս վերջին…(50):

Շարունակւում է ուխտի ճանապարհը Անարզաբա, Ուրֆա (Եդեսիա), Կարմուճ, Նեմրութ դաղ, ապա երկարում Եփրատի ափերով: Աստուածաշնչային, հայ ժողովրդի համար նուիրական այս գետի վտակ Արածանիում են Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ձեռամբ մկրտուել հայոց արքայական ընտանիքը, ազատանին եւ ժողովուրդը:
Փոխուել են ժամանակները, 1915-ին Եփրատի ալիքների մէջ իրենց մահկանացուն կնքեցին եւ յաւիտենական կեանքի փոխուեցին բազմաթիւ անմեղ հայ կանայք ու աղջիկներ: Մեսրոպ Սրբազանը հոգեհանգստեան պաշտօն է կատարում, եւ յանկարծ Եփրատն էլ է դառնում խորհրդանիշ, Անանուն զոհերի խորհրդանիշը:
Ապա Մալաթիա, Խարբերդ, Բալու, Հաւաւ գիւղ, որտեղ ծնուել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեանի մայրը՝ Մարթան:
Յաջորդ կանգառը Տիգրանակերտն է: Սա արդէն հայոց պետական հզօրութեան խորհրդանիշն է: «Մեծն Տիգրան՝ հայոց պատմութեան անկրկնելի հսկան, բացառապէս կազմակերպող, դարուն լեզուն հասկցող, ամենէն զօրաւոր արքան եղած է մեր պատմութեան մէջ: Հայոց պատմութեան տեւողութեան, Տիգրանը միակն է, որ կարողացած է քաղաքական յարգանք պարտադրել շրջանի երկու հզօր պետութիւններուն՝ Հռոմին եւ Պարսկաստանին: Միակն է, որ կարողացած է Հայաստանի սահմանները ընդլայնել եւ տարածել՝ ծովէ ծով: Միակն է, որ Հայաստանը վերածած է կայսրութեան… Եթէ մեր պատմութեան ընթացքին քանի մը Տիգրաններ ունեցած ըլլայինք, մեր պատմութիւնը, հաւանաբար, տարբե՜ր ուղղութիւն ստանար: Տիգրանի գահակալութենէն երկու հազար տարի ետք, Տիգրանակերտի մէջ, բոլո՛ր քրիստոնեաները հայերէն կը խօսէին: Խաչ հանողը հայ քրիստոնեայ կը սեպուէր: Ահա Տիգրանի ուժին մարմնացումը»(78):
Տիգրանակերտում է գտնւում եօթ խորան ունեցող Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը յետագայում պիտի վերակառուցուէր, օծուէր 2012-ին, գործէր, յետոյ նորից աւերուէր նոյն ջարդարարի ձեռքով:
Ապա ուխտաւորներն այցելում են Մուշ, պատմական Տուրուբերան աշխարհ, Տարօն գաւառ: Մուշը եղել է գրչութեան կենտրոն, 1915-ին այստեղ ապրել է 9000 հայ, գործել է եօթ եկեղեցի: Տարօնի Հացեկաց գիւղում է ծնուել եռամեծ սուրբը՝ Մեսրոպ Մաշտոցը: Հայոց աշխարհի ամենամեծ սրբավայր-ուխտավայրերից մէկը եղել է Մշոյ Սուրբ Կարապետ վանքը: Այս կողմերն անապահով են համարւում քրդական հաւանական յարձակումների պատճառով, եւ ուխտաւորներին չի արտօնւում մեկնել վանք: Նայելով անկատար մնացած երազի՝ սրբատեղիի ուղղութեամբ՝ հեղինակը մրմնջում է, եւ ծնւում է նոր բանաստեղծութիւնը. «Զաւակներդ խունկ ու մոմով ոտքդ եկան, բայց չհասան…»(88):
Ուխտաւորների խմբի կէսը ուղղութիւն է վերցնում դէպի Վան: Վան տանող ճանապարհն անցնում է Բիթլիսով, որտեղ ծնուել են Վիլեամ Սարոյեանի ծնողները: Ճանապարհ ընկնելուն պէս հեղինակն անհուն կարօտով ու սիրով սկսում է խօսել Վանի մասին, որը հայոց (այսօր աւելի ու աւելի շատ գիտնականների պնդմամբ՝ աշխարհի) պատմութեան սկզբնավայրն է: Ըստ այդմ նա խորհրդանիշն է սկզբի, խորհրդանիշն է դրախտի, խորհրդանիշն է յաւերժութեան:
Ի՞նչ էր Վանը մինչեւ 1915-ը: «Վան եղած է Արա Գեղեցիկի, Երուանդեան (Դ-Բ դար Ք.ա.) եւ Արծրունեաց հարստութեանց մայրաքաղաքը (908-1021). 1915-ին Վարագայ վանքը Վանի առաջնորդանիստ վայրն էր: Հայութեան թիւը եղած է 23000, որոնք ունեցած են հետեւեալ եկեղեցիները — Ս. Տիրամայր կամ Ս.Նշան, Ս.Պետրոս, Ս.Պօղոս, Ս.Էջմիածին, Ս.Ստեփանոս, Ս.Վարդան, Ս.Սահակ, Ս.Ծիրանաւոր եւ Ս. Աստուածածին, որ ամենէն մեծ եկեղեցին եղած է: Վանի աշակերտներուն թիւը եղած է 4000: Վանի մէջ Խրիմեան Հայրիկ հաստատեց գաւառի առաջին թերթը՝ Արծուի Վասպուրականի-ն. 1872-ին բացաւ աղջկանց առաջին դպրոցը եւ հաստատեց Վարագայ Վանքի Ժառանգաւորաց վարժարանը: Վանը հանդիսացաւ հայ ազատագրական շարժման կարեւոր կեդրոններէն մին… Վասպուրականը կերտեց իր հերոսամարտը 1915-ին ապրիլ 7-էն Մայիս 6…» (90): Խօսել կարելի է անվերջ:
Ի՞նչ է այսօրուայ Վանը… Այստեղ եւս Մարգարեանը բախւում է հակախորհրդանիշերի, չսպիացող վէրքի ու այրող ցաւի հետ ու գրում «Հակապատկեր» չափածոյ խորհրդածութիւնը:
Ուխտաւորներն այցելում են Վանայ ծով, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Վարագավանք, Նարեկավանք, որից երկու աղիւս է միայն մնացել, մագլցում են Սուրբ Գրիգոր Նարեկացու ճգնարան, Մհերի դուռ:
Բզնունեաց ծովակի ափին հեղինակը դէմքն է թրջում աղի ջրով՝ յիշելով հօրը, որը մանուկ հասակում ո՞վ գիտէ, թէ ինչ երջանիկ պահեր է այստեղ ապրել, հօր մանկութեանն է հակադրում իր մանկութիւնը՝ արդէն անցած օտարութեան մէջ ու գրում «Վանայ ծովու ափին» բանաստեղծութիւնը.

Կը մրմնջեմ ես յուշիկ՝
Ծո՜վ, պարուրէ ինձ մէջդ:
Քեզի շա՜տ եմ երազեր,
Քեզ որբութիւնս եմ բերեր…(94)

Խորը կսկիծով է Հրանդ Մարգարեանը խօսում նաեւ Վարագավանքի երբեմնի փառքի եւ ներկայ անմխիթար վիճակի մասին, նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցու, նրա անկրկնելի զարդաքանդակների, Մանուէլ ճարտարապետի տաղանդի, հրաշքը մի փոքր վայելելու եւ բաժանման կրծող պահի մասին, որտեղ «մթութիւնը կ՚իջնէ: Լուսին ալ չկայ: Կայ բացարձակ խաւար մը: Մութին մէջ չ՚երեւար կղզին… չ՚երեւար նաեւ որբացած խաչը… Կայ միայն սարսափելի լռութիւն մը, որ կը կրծէ էութիւնս…»(112):
Վանի պանդոկի ճաշարանում Հրանդ Մարգարեանը «Դլէ եաման » է երգում: Այս երգը վանեցիների խորհրդանիշերից մէկն է. նրանք այն երգում էին բոլոր՝ ուրախութեան թէ տխրութեան պահերին, իսկ հեղինակը դա այսպէս է բնորոշում. «Երգս բոլոր լռած աշուղներու… եւ ինծի՝ անկոչ հիւրիս համար է. նաեւ բոլոր անոնց, որոնց պապերը այստեղ կ՚ապրէին ընդամէնը ութսուն տարի առաջ» (102):
Վանի վերջին կանգառը Շուշանց գիւղն է, հեղինակի հայրենիքը, հօր ծննդավայրը: Սա նաեւ Հրանդ Մարգարեանի անհատական խորհրդանիշն է, եւ պատահական չէ,որ այստեղ ուղեգրութիւնը ձգւում է, ներառում այլեւայլ պատմական փաստեր, հոգեբանական շերտեր, փիլիսոփայական խորհրդածութիւններ: «Ըստ Խրիմեան Հայրիկի Շուշանց գիւղին մօտ եղած է Կարմրաւոր վանքը, կառուցուած Ս.Գրիգոր Լուսաւորչին կողմէ, որու տեսիլին մէջ Մարիամ Աստուածածին երեւցած է կարմիր զգեստով, այդ պատճառով ալ վանքը կոչուած է Կարմրաւոր վանք: Հոն եղած է նաեւ Լուսաւորչի ճգնավայրը, ուր Խաչի տօնին առթիւ քաղաքէն ու գիւղերէն ժողովուրդը ուխտի կու գար: Գիւղին մէջ կար եւ Շուշանցի Ս. Գէորգ եկեղեցին եւ Շուշանիկ Իշխանուհիի խաչքար դամբարանը… Հօրս ձայնը ականջիս մէջ է՝ «եկեղեցւոյ մէջ դպրութիւն կ՚ընէի… Կը մտաբերեմ՝ հո՞ս, այս վայրի՞ն մէջ, հայրս շապիկ հագած ու շարակա՞ն երգած է, մեր բարեպաշտ ժողովուրդը հո՞ս եկած է ուխտի: Տիրող ամայութեան պէս, ապտակուած ու չորցած եմ ես ալ: Չեմ գիտեր՝ ինչ կը զգամ» (116-118):
Յաջորդ օրը Հրանդ Մարգարեանն անջատւում է խմբից եւ կրկին այցելում Շուշանց՝ ուխտը կիսատ չթողնելու, Շուշանցի նորանոր խորհրդանիշերը փնտռելու: Քրդերի հետ երկար հարցուփորձը Ապարանջան աղբիւրի մասին մնում է ապարդիւն, գտնում են մի այլ աղբիւր, որից ջուր է վերցնում հեղինակը, երկար քայլում է պապենական գիւղի փողոցներով, նայում Ձիանթռնուկ ժայռակտորին եւ ուխտում.

Ծունր եկած ես կ՚ուխտեմ՝
սրբապղծուած վայրերուն
արմատախիլ մայրերուն,
թէ օղակ մ՚եմ ես կարծր
այն շղթային փշրուած
որ իմ ծնունդը կապեց
այս ժայռերու գագաթին…(128)

Նաեւ յաւելում. «Հոգւոյս մէջ հողիս կորուստը, ձեռքս՝ շիշ մը պապենական աղբիւրի ջուր, կը հեռանամ Շուշանցէն: Վերադարձիս խօսելու տրամադրութիւնս ամբողջովին չքացեր է…Բայց Ապարանջան աղբիւրը գտնելու վճռակամութիւնս անխախտ է: Օր մը պիտի գամ նորէն, պիտի գամ նախնիներուս ջուրով օրհնուելու…» (124):
Ինչպէս միշտ երկակի զգացումներով լեցուն՝ ուխտաւորներն ուղեւորւում են դէպի Կարս ու Անի: Ճանապարհը երկար է՝ մօտ եօթ ժամ, եւ ընթանում է Արարատի փեշերով: Արարատն արդէն աշխարհի ցանկացած անկիւնում ապրող իւրաքանչիւր հայի եւ ողջ հայութեան խորհրդանիշն է: Հայն «Արարատ» է անուանել իր սրտին ամենամօտն ու հարազատը իր զաւակից, իր բնակավայրից սկսած մինչեւ իր սիրելի ֆուտբոլային ակումբը: Սրբազան լեռանը ձօնել է բազմաթիւ ստեղծագործութիւններ, նրա նկարներով զարդարել իր շրջապատը:
1984-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա.-ի օրհնութեամբ լոյս է տեսնում Արարատի ալբոմը՝ կազմուած քառասուն նկարներից եւ հայ ու այլալեզու անուանի ստեղծագործողների Արարատին նուիրուած քառասուն ստեղծագործութիւններից կամ հատուածներից՝ խորքի մէջ նպատակ ունենալով լինել «Հրաւէր հայրենեաց Կոչ արդարութեան եւ ստուգութիւն գալիք յաղթութեանց»[2]:
Իսկ քառասունի այս շարքը բացւում է Աստուածաշնչի տողերով. «եւ նստաւ տապանն յեւթներորդում ամսեանն ի քսան եւ յեւթն ամսոյն ի լերինս Արարատայ»[3]:
Ուխտաւորները եւս անզուսպ ցանկութիւն ունեն լուսանկարել ու լուսանկարել Արարատը, սակայն հեղինակը յանկարծ հասկանում է, որ. «անկարելի է այս Լեռը նկարել: Չկա՛յ, ո՛չ լուսանկարչական գործիք, ո՛չ ալ նկարչական տաղանդ, որ կարողանայ այս ամբողջութիւնը սահմանել: Շրջանակով չի՜ կաշկանդուիր…: Միայն աչքով պէտք է տեսնել եւ հոգիով ըմբոշխնել իր յարափոփոխ խորհրդաւորութիւնը» (130):
Ու դարձեալ չափածոյ խորհրդածում է.

Տո՜ւր ինձ՝ որ խմեմ քար լռութիւնդ:
Տո՜ւր ինձ՝ որ ապրիմ դառն մենութիւնդ:
Տո՜ւր ինձ՝ որ դառնամ խաչելութիւնդ: (132)

Յաջորդում է Բերկրիի հրաշագեղ ջրվէժը, ապա Իգդիր, Կարս, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի՝ կառուցուած Աբաս Բագրատունու օրօք 928-953թթ.: Եկեղեցին կանգուն է, բայց չկայ կողքի զանգակատունը, ուխտաւորները միայն կողքի պատուհանից հանուած ձողի շնորհիւ են կարողանում ներս սողոսկել. «Խորանը պարապ, գմբեթը պատկառելի», սակայն կայ ցնցող սառնութիւն, որ թափանցում է մինչեւ հոգու խորքը:
Յաջորդ կանգառը Անին է՝ հազար ու մեկ եկեղեցին, եւ Հրանդ Մարգարեանը դարձեալ մտովի վերադառնում է պատմութեանը: Անին եղել է Բագրատունեաց հարստութեան մայրաքաղաքը եւ հոգեւոր, մշակութային, տնտեսական մեծ կենտրոն, որի մասին կարելի է շատ երկար խօսել: Նորից ու նորից «ներկան կը հակադրուի հազարամեայ շքեղանքին: Քանի մը եկեղեցի, մէկ մզկիթ, փլատակներ ու քարե՜ր, քարե՜ր, որոնք բողոքող մացառներու պէս մարդուս ոտքերուն կը փաթթուին»(138):
Ուխտաւորներն այցելում են Անիի Մայր տաճարը՝ կառուցուած Տրդատ Ճարտարապետի կողմից, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ (աւելի ծանօթ Տիգրան Հոնենցի եկեղեցի անունով),Սուրբ Գրիգոր (Ապուղամրենց), Սուրբ Փրկիչ եկեղեցիները: Սրտաճմլիկ է յատկապէս վերջինը, որը ոչ կանգուն է, ոչ էլ փլուած, այլ կիսուած եւ յիշեցնում է մեր ազգային ճակատագիրը: Եթէ առաջ Անին ծաղկուն կեանքի խորհրդանիշն էր, այսօր աւերակուածութեան խորհրդանիշն է, եւ հեղինակը խոր ցաւով յիշում է ժողովրդական ասացուածքը, «Անին շէն, աշխարհս աւեր, աշխարհս շէն, Անին աւեր…» (150):
Հետեւում է Կարսից թռիչք Պոլիս, այցելութիւն հայ գրողների շիրիմներին, ապա թռիչք Նիւ Եորք, տուն… արդեօ՞ք այստեղ պէտք է լիներ հայ մարդու տունը…
Ամբողջ ուղեւորութեան ընթացքին Հրանդ Մարգարեանն ուշի-ուշով հետեւում է յուշարձանների ցուցանակներին, զբօսաշրջիկների համար պատրաստուած գունաւոր գրքոյկներին, ապա արձանագրում. «Պատմական Հայաստանի իմ ուղեւորութեան, միա՛կ տեղը ուր «հայ» բառը տեսայ, Աղթամար կղզին տանող նաւահանգիստին ափին՝ ցուցատախտակի մը վրայ էր, ու կ՚ըսուէր. «Եկեղեցին կառուցուած է ճարտարապետ Մանուէլ, Վասպուրականի հարստութեան հայ թագաւոր Գագիկի ժամանակ»»(170):
Ի՞նչ է եղածը, եթէ ոչ մշակութային ցեղասպանութիւն «որ կը միտի վերջնականապէս անէացնել Հայ Դատը» (172):
Մէկ անգամ եւս խորհրդանշաններն ու հակախորհրդանշանները հակադրւում են միմեանց՝ կրկին պատճառելով անասելի տառապանք. «Անցեալը՝ պայծառ, ներկան՝ փլատակ: Անցեալը՝ հայերով լեցուն, ներկան՝ քիւրտերով եւ թուրքերով: Անցեալը՝ Հայ Մշակոյթի օրրան, ներկան՝ Հայ Մշակոյթի գերեզման: Անցեալը՝ շէն ու շէնշող, ներկան՝ քանդուածութիւն, ոչնչացում եւ անէացում…» (172):
Սակայն, ինչպէս շատ յաճախ, այս անգամ եւս տառապանքից ծնւում է Ճշմարտութիւնը, եւ ամբողջանում է Երկրի Քարաձայն Պատարագի պատգամը. «Ամե՛ն գնով, առանց որեւէ՛ վերապահութեան, ամբողջակա՛ն նուիրումով՝ զօրացնել ինծի պատկանող մէն ու միա՛կ հողը՝ Հայաստանը» (184):

* * *

Այս տողերը թղթին յանձնելուց անցել է ուղիղ քսան տարի: Այս քսան տարիները (ինչպէս նաեւ դրանց նախորդածները) փաստում են, որ Հրանդ Մարգարեանը հաւատարիմ մնաց Աղաղակող քարերի երկրի Քարաձայն պատարագի պատգամին եւ իր խոստմանը: Նրա կեանքը եղավ նուիրում Հայրենիքի շէնացման գործին:
Հրանդ Մարգարեան մարդու եւ ստեղծագործողի մասին կարելի է անվերջ խօսել, ինչը հնարաւոր չէ մէեկ յօդուածի շրջանակում: Տեղի սղութեան պատճառով բաւարարուենք այսքանով, երկար տարիների առողջ կեանք ու բեղուն գործունէութիւն մաղթենք Հրանդ եւ Ժանետ Մարգարեաններին՝ ի պայծառացումն մեր Հայրենիքի եւ ի վայելումն մեր ժողովրդի։

ԿԱՐԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ
բանասիրական գիտութիւնների թեկնածու
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի գիտաշխատակից

1] Էդ. Ջրբաշեան, Հ. Մախչանեան, Գրականագիտական բառարան, Ե., 1980, էջ 145:
2] Վազգեն Ա., Կաթողիկոս ամենայն հայոց, «Արարատ», Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, 1984:
3] Աստուածաշունչ մատեան, Հին կտակարան, Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 1997, էջ 7:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *