ԹՈՒՐՔԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍԵԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՄԷՋ

ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ՄՈՒՏՔ

1064 թ. թուրքմէն-սելջուկ Արփ-Արսլանը գրաւում ու աւերում է հայոց մայրաքաղաք Անին: Մի քանի տարի յետոյ՝ 1071 թ., նա Մանազկերտի ճակատամարտում ջախջախում է բիւզանդական հզօր զօրքը: Այս յաղթանակով թուրքերը վերջնականապէս հաստատւում են Հայկական բարձրաւանդակում, որտեղից այլեւս երբեք չպիտի հեռանային: 1299 թ. հռչակւում է Օսմանեան կայսրութիւնը: 1453 թ. քսանմէկամեայ եռանդուն սուլթան Մէհմէդ 2-րդը գրաւում է անառիկ Կոստանդնուպոլիսը՝ վերացնելով Բիւզանդական կայսրութիւնը:Երբ Ստեֆան Ցուայգը գրում էր «Մարդկութեան աստեղային ժամերը» գիրքը՝ Կոստանդնուպոլսի անկումը համարելով քաղաքակրթութեան ամենից եղերական դրուագը, Օսմանեան կայսրութիւնը մի քանի տարի առաջ՝ 1923 թ., արդէն անցել էր պատմութեան գիրկը: Իրականում Առաջին աշխարհամարտում պարտուած թուրքերը ոչնչից ծնում են Մուստաֆա Քեմալ, որը աւարտում է երկիրը հայերից ու յոյներից հիմնաւորապէս «մաքրելու» գործը եւ փլուզուած կայսրութեան փլատակների վրայ բարձրացնում ժամանակակից, արդէն հանրապետական Թուրքիան: Լենինի, այսինքն՝ Ռուսաստանի անթաքոյց օժանդակութեամբ թուրքերը վերցրին Կարսը, Արդահանը, Իգդիրը, Արարատ լեռը, իսկ կիսով հայաբնակ Նախիջեւանն ու գրեթէ լրիւ հայաբնակ Ղարաբաղը 1921 թուականի մոսկովեան պայմանագրով մտցրին պետութեան կարգավիճակ եւ Ադրբեջան անուն ստացած թուրքական նոր խանութեան մէջ:
1915-23 թուականների միջեւ ընկած, Մեծ Եղեռն կոչուած այս պատմական աղէտը շուրջ մէկ դար է՝ ցնցում է Հայաստանի նորագոյն պատմութիւնը՝ զբաղեցնելով նաեւ հայ գրողների միտքը:
1980-ական թթ. սկզբին Երեւանի գրական շրջաններում թափառում էր մի լեգենդ, թէ իբր Եղեռնի պատկերմանը դէմ է հայաստանցի գրողներից մէկը՝ Հրանտ Մաթեւոսեանը: Իրականում շուրջ քառասուն տարի տեւած իր գործունէութեան ընթացքում նրան երբէք չի լքել այդ նիւթը: Ինչո՞ւ եղաւ եղեռնը, ինչո՞ւ եղաւ յատկապէս իր լուսաւոր դարի սկզբին, ո՞վ է դրա մեղաւորը, եւ ի՞նչ պէտք է անել եղեռնի կրկնութիւնը թոյլ չտալու համար: Խորհրդային կարգերի օրօք այս հարցերը գրողը քննել է առաւելապէս գեղարուեստի միջոցներով, իսկ անկախութեան շրջանում՝ նաեւ հրապարակախօսութեան լեզուով:

1

Մաթեւոսեանը ազգովի մորթուելու համար հայերից ոչ ոքի չի մեղադրում, բայց դրդում է մտածելու եւ հասկանալու թէ՛ իրեն, թէ՛ թշնամուն: 1990թ. տուած մի հարցազրոյցում այդ բարդ երեւոյթի ճանաչման դրդապատճառների մասին նա ասում է. «Թուրքը՝ թուրք, եւ թուրքը մեր ամբողջ երկինքն անցեալից մինչեւ ապագայ բռնել է, բայց մենք մի որեւէ հայդուկի չափ ազնուօրէն միամիտ էինք լինելու, եթէ գոնէ չփորձէինք կռահել այն անորսալին, որ թուրքին հայի եւ հային թուրքի թշնամի է անում»(1):
Մաթեւոսեանի գործերում մշտապէս ներկայ է թուրքի կերպարը՝ ազգային-քաղաքական նկարագրով, կենցաղով ու բարքերով, ազգագրութեամբ, «օրհնուած» ասոյթներով ու թուրքերէն հատուածներով: Այդպէս է առաջին փորձերից մինչեւ վերջին անաւարտ էջերը:
Ո՞րն է եղել Մաթեւոսեանի գրական նախափորձը: Փոքր հօրեղբօր հետ ունեցած մի զրոյցից («Նժոյգս, նժոյգս») եւ Աղուն մօր մի խայթոցից («Աշնան արեւ») մենք գիտենք, որ մաթեւոսեանական պատանի հերոսը դպրոցական տարիքում ինչ-որ պիես է գրել: 2007թ. գրողի ազգական, պատմաբան Սամսոն Քառեանը Հրանտ Մաթեւոսեանի «Ահնիձոր» ակնարկին վերաբերող նիւթերի ժողովածուի առաջաբանում պատմում է իր ահնիձորեան այս վերյուշը. «Հրանտը դեռ գիւղում, դպրոց յաճախելու տարիներին, չեմ յիշում՝ հինգերորդ թէ վեցերորդ դասարանում էր, մի պիես գրեց: Թուրքերը գիւղի հանդամասերից մէկում՝ Ճրագթաթում, Քառեան ազգից երկու երիտասարդ էին սպանել: Այս ողբերգական դէպքը Հրանտն օգտագործել էր որպէս պիեսի նիւթ՝ գիւղի ակումբին կից գործող թատերական խմբակի համար»(2):
Ի դէպ, այս վկայութիւնը կարող է էական նիւթ տալ Մաթեւոսեանի գրական նախափորձերի, նրա գրական մուտքի հանգամանքները եւ մանրամասները ճշտելու գործին: Բայց խնդրոյ առարկայ «թուրքական թեմայի» տեսանկիւնից փաստը ինքնին իրօք որ պերճախօս է: Փաստօրէն Մաթեւոսեանի ցարդ վկայուած ամենավաղ գրուածքը այն մասին է, թէ ինչպէս են թուրքերը սպանել հայ տղաների, որ իր համագիւղացիները, աւելին՝ իր հարազատներն էին: Մէկընդմիշտ հաւաստենք, որ Մաթեւոսեանի բառապաշարում չկայ «ադրբեջանցի» բառը. թուրքը թուրք է, եւ վերջ: Օրինակ՝ «Մեսրոպի» ամբողջ բնագրում, ներառեալ համանուն վիպակն ու այլ գործերում տեղ գտած չորս-հինգ վարիացիոն պատումները, «նրանք» թուրքեր են (ինչ-որ կռահելի դրդապատճառով բացառութիւն է միայն Անահիտ Բայանդուրի ռուսերէն թարգմանութիւնը, որում երբեմն օգտագործւում է «ադրբեջանցի» ձեւը):
Յետոյ գալիս են տպագրուած գործերը, եւ Մաթեւոսեանը թուրքական թեման բնագիր ներմուծելու առիթը բաց չի թողնում: Ահա յայտնւում է «Ահնիձոր» ակնարկը՝ իր բնապահպանական ու սոցիալական պարունակներով, եւ որտեղից որտեղ մէջտեղ է գալիս Մարցեցի Մուխտիլ պապի պատմած գիւղական նորաստեղծ լեգենդը. «Մարցեցի Մուխտիլ պապը պատմում է, որ ժողովրդին ջարդել ու տեղահան է արել լազգու Հասա՛նխանը: Զրոյցն է ասում: Ձորերում ճրագը մի անգամ էլ էր հանգչելու: Թուրքերն էին հանգցնելու։ Յովհաննէս Թումանեանը չթողեց:
—Հա՛, ինքը չթողեց: Ուհաննէս Թումանեանը: Տեսաւ, որ ուզում են էս ժողովրդի գլուխն ուտեն պրծնեն, նաւ նստեց, Բաթումայ ծովովը գնաց թուրքի թագաւորի մօտ: Ասաց. բա անյարմար չե՞ս զգում… Չէ, դու ինձ ասա, իսկի ամօթ չե՞ս անում: Էս խառնակ ժամանակներումը որ էս մի ամբողջ ազգի գլուխը կերար, բա յետոյ որ խաղաղութիւնն ընկաւ, ի՞նչ պատասխան պտիս տալ մենձ ազգերին: Թագաւորը մտածեց ու փաշին ետ կանչեց»(3):
Անտիպ մնացած, յետմահու տպագրուած «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակում հետաքրքրական դրուագներ կան հայ եւ թուրք սարուորների փոխյարաբերութեան, միմեանց ոչխարների վրայ աչք ունենալու, Ղազախի թուրքերի անասնագողութեանը Իշխանի եւ ուրիշ գիւղացիների ունեցած մասնակցութեան մասին: Յայտնի է, որ 1963 թ. գրուած այս գործը «Մենք ենք մեր սարերը» վիպակի հետ կազմելու էր Մաթեւոսեանի առաջին ժողովածուն՝ «Գողերը», բայց հեղինակի վկայութեամբ իր այդ առաջին գրքի պատրաստի շարուածքը ցրում են եւ արգելում տպագրութիւնը: Եւ ահա գողութիւնների պատմութիւնը շարադրելիս Մաթեւոսեանն անդրադառնում է հայերի եւ թուրքերի գողութիւններին: Հերոսներից մէկը՝ Զարմայրը, ծիծաղելով յիշում է, թէ ինչպէս Ղազախի տարածքի թուրքական գիւղերի հովիւները իրենց հօտերը բերել են Ծմակուտի սարերը, եւ ոչխարները փախել են հայկական գիւղ: Այս կապակցութեամբ յիշւում են նաեւ անասունների գողութեանը մասնակցող որոշ հայ գիւղացիներ. «Այնքան որ… Զարմայրը հռհռում է ու աչքերը սրբելով շարունակում. — վայ, վա՜յ. այնքան որ սալահլիեցիք իրենց ոչխարը բերել էին Ծմակուտի սարերը ամառուայ արօտի՝ ոչխարը ներիով-բանով փախել էր Ծմակուտ. ուրեմն դա լրիւ Ծմակուտի ոչխարն էր եղել: Վայ, վա՜յ: Թուրքերն ասում էին. «ոչի՜նչ, ձմեռը գայ, ձեր ոչխարը բերէք ձմեռային արօտի՝ կը փախչի Սալահլի, Բաշսալահլի, Բաշքենդ»: Վայ, վա՜յ… Թուրքերի խօսքը Իշխանին ասացին՝ քթի տակ ծիծաղեց:
Ծմակուտում մի Սարգիս կար. դեռ ապրելիս կը լինի, մի անբանի մէկը. ցերեկը քնում էր, գիշերը գողանում: Գողանում տալիս էր. սարերում թուրքեր կային՝ դրանց. դրանք քշում էին Ղազախ»(4):
Այս պատումի մէջ գերակշռողը կենցաղային-ազգագրականն է: Բայց երկու ժողովուրդների բարքերի նկարագրութեան ենթատեքստում արդէն կայ նաեւ ազգամիջեան յարաբերութիւնների տեսանկիւնը: Բնորոշ է, որ սահմանակից Ադրբեջանի գիւղացիներին թէ՛ հերոսները, թէ՛ Մաթեւոսեան հեղինակը «թուրք» են կոչում: Ակնյայտ է նաեւ դրուագների իրական-վաւերական նախահիմքը. Մաթեւոսեանի շատ գործերում հանդիպող «Ղազախ» ընդհանրական տեղանունը այստեղ մասնաւորուած է շրջանի որոշակի գիւղերի անուններով՝ Սալահլի, Բաշսալահլի, Բաշքենդ: Նկատենք նաեւ, որ սահմանային հանդամասերի եւ արօտավայրերի շուրջը ծաւալուող հակասութիւնները շուտով էական տեղ են զբաղեցնելու Մաթեւոսեանի գլխաւոր «հակաթուրք» հերոսներից մէկի՝ Մեսրոպի խոհերում եւ գործողութիւններում:
«Նանա իշխանուհու կամուրջը» վիպակում առանձին պատում է թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը գրավելու, թալանով տարուած հայերի ամօթալի պահուածքը վկայող Իշխանի վերյուշը: Նա յիշում է, թէ ինչպէս 1919 թուին ընկերոջ հետ գնում է Ղարսը պաշտպանելու: Հասնում են Ալեքպոլ եւ ականատես լինում զարհուրելի տեսարանի. թուրքերը ուր որ է քաղաք են մտնելու, իսկ հայերը զբաղուած են զինուորական պահեստների թալանով: Այս պահին յայտնւում է երիտասարդ հայ պորուչիկի ողբերգական կերպարը: Նա խնդրում է թալանով տարուած ու փախչող ազգակիցներին՝ մտածել թուրքի վերահաս ներխուժման մասին. «Ու մի զինուորական սրա-նրա փէշից կախւում է, խնդրում է, ձիերի առջեւը կտրում է՝ սանձը բռնում ու լաց լինում. «Եղբայրնե՜ր, հայե՛ր, ինչ էք անում, ամօթ է, հայրենի՜քը, թո՜ւրքը… եղբայրնե՛ր, հայ եղէք…»: Հայ են, էլի, բա ինչ են, հօ նասրանի՞ չեն: Քշում են ամենքն իրենց համար»(5): Հայրենասէր ու ողբերգական երիտասարդ զինուորականը հանում է նագանն ու ինքնասպան լինում, իսկ աւարով տարուած հայերը վերցնում են ատրճանակն ու շարունակում իրենց սեւ գործը:
Այս դրուագում արձակագրի նպատակը ոչ թէ թուրքերին կերպաւորելն է, այլ նրանց զարհուրելի արշաւանքի օրերին հայերի դրսեւորած անձնամոլ պահուածքը ցուցադրելը: Ընդ որում դա արուած է Մաթեւոսեանի ամենից ուժեղ կերպարներից մէկի՝ Իշխանի յիշողութիւնների հոսքի միջոցով: Սա ընդհանուր օրինաչափութիւն է, ըստ որի՝ թուրքերի եւ հայերի համեմատական վերլուծութիւնը արւում է զուգահեռաբար, ազգային ինքնաքննադատութեան եւ նոյնիսկ մեղադրականի դիրքերից: Թուրքերի ուժի դիմաց հայերի սխալ պահուածքի քննադատութեամբ Իշխանի այս վերյուշն ու դատապարտումը նոյնպէս նմանութիւն են դրսեւորում Մեսրոպի աշխարհայեացքի հետ, մի տեսակ նախապատրաստում այն:
Իսկ ահա նախապէս նոյն «Գողերը» գրքում զետեղուած «Մենք ենք մեր սարերը» վիպակը կարծես թէ առնչուած չէ թուրքական թեմային: Բայց ահա թէ ինչ է լինում: Հովիւներից ամենագրագէտը, որին Դուքսից բացի՝ նաեւ Օթելլօ մականունն են կպցրել, ոչխարները մորթելիս անսպասելիօրէն արտասանում է Շեքսպիրի «Օթելլոյի» վերջին մենախօսութիւնից մի հատուած: Ինքնասպան լինելու պահին նա յիշում է, թէ ինչպէս մի անգամ Հալէպում մի փաթթոցաւոր թլպատուած շուն՝ մի թուրք, ծեծում էր մի վենետիկցու եւ հայհոյում իր պետութեանը: Նա բռնում է այդ շան կոկորդից ու դաշոյնով սպանում: Այս խօսքի պահին Օթելլոն ինքն իրեն է սպանում նոյն կերպ: Նոյն բառերով Զաւէն Քոչարեանը բեմականացնում է ոչխար մորթելը: Ուշագրաւ է, որ հետագայ հարցաքննութեան ընթացքում լեյտենանտը, Իշխանը, ապա եւ ինքը՝ Զաւէնը, շարունակաբար սեւեռւում են հէնց այս դրուագի վրայ:
Կարելի էր մտածել, որ սա սոսկ զաւեշտ է, առաւելագոյնը՝ կոլորիտ, եթէ չլինէին տեքստային որոշ գործօններ: Այսպէս՝ Զաւէնը ակնյայտօրէն շրջանցում է Շեքսպիրի «Օթելլոյի» առայժմ միակ հայերէն տեքստը՝ մասեհեանական թարգմանութիւնը, կրկնօրինակում է Վահրամ Փափազեանի արած եւ «Իմ Օթելլոն» գրքում մեկնած իմպրովիզացիան՝ երիցս հեգելով «Հալէ՞պ… Հալէպ… Հալէ՜պ…» փափազեանական ներմուծումը, բայց բուն մենախօսութիւնը տալիս է լրիւ ինքնուրոյն ձեւով: Ահա այդ տեքստը. «Մի անգամ Հալէպում… մի շուն տաճիկ հայհոյեց իմ ազգը: Ես բռնեցի այդ թլփատ շան կոկորդից … ու խեղդեցի ահա այսպէ՜ս…» (1, 69-70):
Ե՛ւ անգլերեն բնագրում, եւ՛ մասեհեանական(6), եւ՛ փափազեանական(7) հայերէնում «շունը» միայն «թլպատուածի» որոշեալն է, մինչդեռ մաթեւոսեանական տեքստում այն նաեւ որոշիչն է տաճիկ-թուրքի («մի շուն տաճիկ»):
Այս մեկնաբանութիւնը, անգամ ինտերտեքստի կիրառութիւնն ինքնին կարող են թուալ հակագեղագիտական կամ պարզապէս դիպուածային: Բայց այդպէս մտածողը ստիպուած կը լինի նոյնպիսին համարել հէնց իր՝ Շեքսպիրի կիրառութիւնը: Եթէ թուրքին սպանելը կապ չունի ոչխար մորթելու հետ, այն կապ չունի նաեւ կնոջ դաւաճանութեան եւ խանդի հետ:
Բայց խնդիրն ունի պատմատեսական խորը պարագծեր: Մանազկերտի ճակատամարտից, Արփ-Արսլանի կողմից Ռոմանոս 4-րդ կայսերը գերելուց ու ստորացնելուց եւ յատկապէս Կոստանդնուպոլիսը պղծելուց յետոյ եյրոպացիները սարսափում էին թուրքերից, իսկ մեծ մտածողները՝ փորձում հասկանալ նրա բարբարոսական էութիւնը: Շեքսպիրի անմիջական նախորդներից մէկը՝ Նիկոլօ Մաքիավէլին, իր նշանաւոր «Տիրակալը» գրքի մէջ կենտրոնական տեղ յատկացրեց թուրք սուլթաններին: Ի դեպ, Մաթեւոսեանը Յակոբ Մնձուրուն նուիրուած յօդուածներից մէկում մէջբերել է Մաքիավէլու՝ թուրքերին բնորոշող ասոյթներից մէկը՝ այն դիտելով որպէս գուշակութիւն սուլթանի, երիտթուրքերի, Մուստաֆա Քեմալի եւ «գորշ գայլերի» ժառանգորդական այն հզօր կապի, որի ուժով թուրքը կարողացավ 20-րդ դար մտնել իր ազգային նպատակը իրագործած. «Սրանց բոլոր ամբոխավարական ջանքերով երկիրը մաքրուեց հայերից, ապա յոյներից, Տաճկաստանը դարձաւ Թուրքիա՝ միալեզու-միատարր երազային երկիր, ինչպիսին Գերմանիայում Գերմանիան էր եւ Ֆրանսիայում՝ Ֆրանսիան։ Թուրքիան թրքերէնից վտարեց այլ լեզուների ու ժողովուրդների յիշողութիւնը։ Փառաւոր առաջընթաց էր, որ դեռ Մաքիավէլի մեծ ցինիկն էր գուշակել. “Որեւէ նուաճողի համար թուրքի վրայ գնալը դժուար է լինելու, հպատակներն այնտեղ միապետի գերին են, նուաճողը չի կարող իրենց միապետի դէմ նրանց ըմբոստութեան հետ յոյս կապել. բայց յաղթանակի դէպքում նուաճողի համար հեշտ է լինելու կառավարել այդ երկիրը, որովհետեւ նոյն այդ հպատակները չպիտի ըմբոստանան նաեւ իր դէմ”»(8):
Այս երեւոյթը շարունակւում է յետագայ դարերում: Երբ թուրքերը յոյն ապստամբներին աջակցելու մեղադրանքով 1822 թ. ոչնչացրին Քիոս կղզու 155 հազար յոյն բնակչութեան իննսունինը տոկոսին, ցնցուած Վիկտոր Հիւգոն գրեց «Քիոսցի երեխան» հանրայայտ բանաստեղծութիւնը՝ նոյնքան յայտնի սկզբնատողով. «Թուրքերն են անցել այստեղով՝ սփռելով աւեր ու մոխիր»:
Չմոռանանք նաեւ, որ Օթելլոն զինուորական է, եւ այդ շրջանում Վենետիկը պատերազմում է թուրքերի դէմ: Հրանտ Մաթեւոսեանի երկիրն էլ, ահա, պատերազմի մէջ է նոյն վայրագ ուժի դեմ: Ու թէեւ «Մենք ենք մեր սարերը» ինքնին դուրս է թուրքի թեմայից, բայց բաղկացուցիչն է մաթեւոսեանական մեծ բնագրի, որը տառացիօրէն ներծծուած է արիւնով:

2

Ստեղծագործական հոգեբանութեան առումով խիստ էական հանգամանք է, որ Մաթեւոսեանի մանկութեան գիւղը, որտեղից բխում է նրա ամբողջ արուեստը, սահմանակից է Ադրբեջանին: Եւ երեխա ժամանակ նա տեսել է իր համագիւղացիների եւ Ղազախի թուրքերի զանազան շփումներ, որոնք տպաւորուել են ապագա գրողի յիշողութիւններում ու արտայայտուել բնագրերում: Դրանցից ամենացնցողը Աւետիք Ղազարեանի սպանութիւնն է թուրքերի ձեռքով, որ յատուկ արուել է նրա մանկահասակ տղայի ներկայութեամբ: Այս ֆաբուլան 60-ական թթ. կէսերին Մաթեւոսեանի ստեղծագործութեան մէջ ծնունդ է տալիս ձիապան Մեսրոպի պատմութեանը, որին նա նուիրել է թէ՛ առանձին գործ, թէ՛ փոքր ու մեծ հատուածներ ինչպէս «Բեռնաձիերում», այնպէս էլ այլ գործերում («Սկիզբը», «Ալխօ», «Նարինջ զամբիկը», «Կայարան», «Խումհար»): Այս տրոհումը հետեւանք է գրաքննչական արգելքների, եւ գուցէ առանց ձեռագրերի դեռ լրիւ ծաւալով ամբողջացած չէ Մեսրոպի թեման: Բայց եղածն էլ բաւական է նկատելու մի շարք օրինաչափութիւններ:
Դրանցից մէկը թուրքի գործած վայրագ սպանութեան անձնական-ինքնակենսագրական ընկալումն է:
Ճակատագրի բերումով յայտնուելով թուրքերի ոչնչացրած եւ իւրացրած Անիում՝ Մաթեւոսեանը իր տպաւորութիւնը հպանցիկօրէն շարադրել է «Թափանցիկ օր» (1965) էսսեում: Անիում նա առաջինը յիշում է, թէ ինչպէս է հօրեղբայրը իրեն հետը տարել սարի թուրքերից կարագ առնելու, եւ թէ ինչպէս է ինքը վախեցել. «Մեր սարերում թուրքի ուրթեր կային: Գալիս էին իրենց դեղին հովիտներից, մեր սարերում կարմրում, ճաքճքում, բարձում իրենց քոչը իրենց եզներին ու հօ հա հօ՝ էլի իրենց դեղին հովիտները:
Հիմա, մեծ հօրեղբօրս հետ գնացել ենք նրանցից իւղ առնելու, իմ կեանքում առաջին անգամ ուրիշ լեզուի խօսակցութիւն եմ լսում ու վախենում եմ: Աշխոյժ, հայհոյող, թաքուն խփող ու աշկարայ ժպտացող սատանի ճուտ երեխէք են, մի տեսակ՝ չմտածող աչքերով: Ես նրանց մէկ էլ քսան տարի յետոյ երազում տեսայ. Կարնոյ բերդն էր իբր, կաւէ պարիսպներ ու այդ երեխէքը, ու երեսուն տարեկան՝ ես երազում էլ վախեցայ» (1, 339):
Առաջին անգամ ուրիշ լեզու լսող փոքրիկ տղայի այս տագնապները Մաթեւոսեանը բաց խօսքով խոստովանել է հասուն տարիքում՝ վերջին հարցազրոյցներից մէկում. «Մինչեւ հիմա էլ թուրքի, թուրքի շան, թուրք բնակատեղիի իմ վախը ես չեմ յաղթահարել…»(9):
Իսկ վիպականօրէն այս հոգեբանութիւնը մարմնաւորուել է նրանով, որ մեսրոպեան ասքի զանազան դրուագներում հեղինակը խաչաձեւում է հօր սպանութիւնը ամբողջ կեանքում վերապրած հերոսի եւ դրանից ոչ պակաս ցնցուած պատմողի կերպարները:
«Սկիզբը» վիպակում այդ երեխայի նախնական հարցականների մէջ կենտրոնական տեղ են գրաւում թուրք հովւի ու նրա խելագարուած ոչխարների մղձաւանջային ալեգորիան եւ կենսաբանական վախը թուրքերից. «Մոնղոլի աչքերն ինչո՞ւ են նեղ, թող նեղ լինեն, տեսնում են՝ բաւական է, բայց դու չես հասկանայ, թէ այդ նեղ աչքերի ետեւում ի՞նչ նպատակ ունի մոնղոլը քո մասին՝ մտածում է սպանե՞լ թէ բարեւել: Թուրքերը մոնղո՞լ են: Թուրքերը լաց լինո՞ւմ են: Թուրքերը ծիծաղո՞ւմ են: Նրանց ծիծաղը նմա՞ն է մեր ծիծաղին թէ մի ուրիշ տեսակ է՝ չգիտես ծիծաղ է թէ չար միտք. ոչխարը ծարաւից իրօ՞ք խելագարւում է, իսկ կարո՞ղ է պատահել, որ հին թուրքերի դրօշին խելագար ոչխար էր նկարած եւ մեր հայերը վախից փախչում էին» (1, 240):
Այս մղձաւանջը կրկնւում է վիպակի իններորդ գլխի վերջում: Թուրքի ոչխարները գժւում են եւ խմբեր կազմած՝ սկսում կրծել միւս ոչխարների բուրդը: Թուրք չոբանը փորձում է ցրել ոչխարների կոյտերը, բայց նրանք դարձեալ կուտակւում են. «Տափաստանով մէկ կոյտեր տուած՝ ոչխարը ոչխարի բուրդն ուտում էր: Թուրքն ու տղան խրտնեցնում էին, կոյտերը մի քիչ ցրւում էին, հեռանում ու հաւաքւում, տղան քրտնել ու խեղդւում էր…» (1, 280-281): Եւ յանկարծ որպէս փրկութիւն՝ յայտնւում է Ղազարեան Մեսրոպ քեռին: Ճանապարհի վերջնամասը նրանք անցնում են երկուսով, լուռ կամ կէսխօսքով վերապրում Աւետիքի սպանութեան եւ նրա այգու ու ջրաղացի ամայացման կրկնակի ողբերգութիւնը:
Մաթեւոսեանը խոստովանել է, որ «Սկիզբը» վիպակում շատ բան կայ իր մանկութիւնից եւ որ Արայիկ տղայի կերպարով ներկայացուած է բանաստեղծի կամ արուեստագէտի ծնունդը: Այս իմաստով վիպակի մեսրոպեան շերտը մատնում է հեղինակի մանկական կրկնորդի անձնական հետաքրքրութիւնը թուրքերի վրիժառութեան զոհ դարձած Աւետիքի եւ նրա որդու ճակատագրով: Նրան ահաւոր տանջում է Մեսրոպի հօր սպանութեան առեղծուածը, բայց խօսքը միանգամից չի յանգում դրան: Ուշագրաւ է, որ մինչեւ սպանութեան տեղին հասնելը Ղազարեան Մեսրոպ քեռին յանդիմանում է տղային՝ ձին դանդաղ քշելու համար, եւ թերագնահատում նրան՝ համեմատելով սալահլուեցի արագաշարժ ու ճարպիկ մի թուրք տղայի հետ. «— Քշիր, քշիր, ձին չպիտի իմանայ թէ երբ ես խփում, տնաշենի տղայ, — նա կախուեց ու վրայ բերեց տղայի գլխի վրայով Ալխոյի գաւակին: — Ոտքերիդ վրայ մնայ, խուրջին չես: Սալահլուեցի մի մատ լակոտը Փափախքարայ տուեց ու տասը րոպէում դուրս եկաւ Գառնաքար, կարմիր շորը մէկ Փափախքար տեսայ, մէկ էլ տեսայ Գառնաքար է: Բուդիոննին ետեւից չէր հասնի, դու քանի՞ տարեկան ես:
Տղան ճիպտեց:
— Չէ՜ մի, թուրք կը դառնաս: Մի րոպէում կը հասնէր ու կը ծուատէր» (1, 281-282):
Թուրք տղայի առաւելութեան ընդգծումը ներքնապէս առնչուած է Մեսրոպի հօր սպանութեան մոտիւին: Շարունակութեան մէջ գերիշխողը այդ մոտիւն է. ինչից էլ խօսում են աւագ ու կրտսեր հերոսները, երկուսի մտքում գերիշխողը այդ դէպքն է. «Աւետիքի հին ջրաղացատեղը մօտիկ էր, բայց գետի ձայնը չէր լսւում, ջրաղացը կարծես ջրով չէր աշխատել եւ ջրաղացատեղը պատմութեան մէջ էր: Այդ մարդու հօրն այստեղ սպանել էին, եւ այդ մարդը հիմա լուռ էր: Տղան ուզում էր հարցնել, բայց չգիտէր կարելի՞ է հարցնել թէ չի կարելի» (1, 282-283):
Համարձակութիւնը յաղթում է , երբ հասնում են հին ջրաղացատեղին: Տղայի հարցին՝ «— Էստե՞ղ են մարդ սպանել», Մեսրոպը մի փոքր յապաղումով պատասխանում է. «— Միջնակ են սպանել: Որտեղ որ ճանապարհից հանեցին՝ անցանք: Որ քո ետեւից հասայ՝ ճամբից էնտեղ հանեցին» (1, 283):
«Բայց այդ մարդը չպատմեց»,— յարասում է վիպակը, թէեւ ուշադիր ընթերցողը շատ լաւ գիտի այս տեղը եւ կատարուածը՝ շնորհիւ «Նարինջ զամբիկը», «Խումհար» եւ յատկապէս բուն «Մեսրոպ» գործերի: Ճիշտ է, «Սկիզբը» վիպակի հրատարակման պահին «Մեսրոպը» Հայաստանում դեռ չէր տպագրուել:
Սպանութեան վայրից մինչեւ վիպակի վերջը ընկած ծաւալուն մասում գրեթէ ուղղակի անդրադարձ չկա հայասպան թուրքերին, եւ Մաթեւոսեանն առաւելապէս ծանրանում է բառի նախնական իմաստով հասկացուած հայրենիքի ՝ հայրական ունեցուածքի, նրա այգու, ջրաղացի, տնկած ծիրանի ծառի կորստեան, մի խօսքով՝ հօր յիշատակների համար Մեսրոպի ապրած դրամայի վրայ: Դրա հանգուցալուծումը հոգեկան լարուած վիճակին յաջորդած հարբածութիւնն է ու ձիուց ընկնելը: Սակայն այդ ամենի հիմքում թուրքերի վրիժառութեան հետեւանքով հօրը՝ Աւետիքին կորցնելու ողբերգութիւնն է:
Թափանցիկ խօսքով թուրքական թեմային են առնչուած նաեւ սարուոր թուրք հովիւների դէմ մղած կռիւները եւ սահմանային հանդամասերի վերադարձման պահանջով մոսկովեան ղեկավարութեանը յղուած դիմումները, որոնց յիշատակութիւնը նոյնպէս ծանօթ է «Մեսրոպ» վիպակից. «Այդ մարդը յեղափոխութեան Բուդյոննուն Փափախքար է դնում, Ծմակուտը՝ մինիստրութեան քարտէզին կնքած, եկուոր չոբանների հետ սարերում փետակռիւ է անում եւ սարուորների մէջ ասում՝ Մոսկուայ-Կրեմլ, ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդի Նախագահութեան Նախագահի՛ն» (1, 284):
Այսպիսով՝ վիպակի հերոս երեխայի տագնապոտ աշխարհում ծանրացած թուրքի գոյութիւնը խաչաձեււում է Մեսրոպի պատմութեան հետ: Դրանով աւելի է որոշակիանում թուրքի յարուցած ողբերգութեան վերապրումը: Մեսրոպի թեման, թուրքի արեան վրէժի խնդիրը դառնում են էական Արայիկի, այսինքն՝ Մաթեւոսեանի համար: Չմոռանանք, որ հեղինակ-պատմողը ներկայ է նաեւ «Մեսրոպը» վիպակում, որտեղ կարճ երկխօսութիւններ է ունենում գլխաւոր հերոսի հետ:
Հէնց Հրանտ անունով պատմողը մասնակցում է նաեւ «Նարինջ զամբիկը» պատմուածքի գործողութիւններին: Եթէ «Սկիզբը» վիպակում Մեսրոպի կերպարը յայտնւում է վերջնամասում, ապա այստեղ նրա պատմութիւնը տրւում է հէնց սկզբնամասում: Զգացւում է, որ Մաթեւոսեանը առիթը բաց չի թողնում թուրքերի ձեռքով խորտակուած ճակատագրի գեղարուեստական մարմնաւորման համար: Այս դէպքում հիմքն այն է, որ Մեսրոպը ձիապան է, իսկ «Նարինջ զամբիկը» պատմութիւն է ձիերի մասին, Լեւ Տոլստոյի բառերով ասած՝ «ձիու պատմութիւն»:
Պատմուածքի սկզբում պատմւում է, թէ ինչպէս «հազար ինն հարիւր քառասունվեցին աքսորից վերադարձաւ Մեսրոպը», իսկ մէկ տարի յետոյ՝ «հազար ինն հարիւր քառասունեօթին Մեսրոպին նորից տարան»: Սկսելով երկու աքսորների ժամանակագրութեամբ՝ Մաթեւոսեանը ականատեսի հաւաստիութեամբ համառօտ, բայց լիարժէք պատմում է «Մեսրոպը» վիպակի սիւժէն, ներառեալ Մեսրոպ-Լեւոն հակամարտութիւնը: Առանցքայինը, սակայն, այստեղ էլ թուրքերի կատարած սպանութիւնն է, որ յստակ պատմւում է՝ ի տարբերութիւն «Սկիզբը» վիպակի. «Հիմա ես երեսուն տարեկան եմ. Մեսրոպի հայրը հազար ինն հարիւր ութ թուականին սպանել էր մէկին: Այդ վայրը կոչւում է Թուրքի սպանած: Հազար ինն հարիւր տասնութին երեքով եկել սպանել էին Մեսրոպի հօրը: Այդ վայրը հիմա կոչւում է Հայի սպանած: Յետոյ քսանհինգ տարեկան Մեսրոպն ուզեցել էր վրեժխնդիր լինել՝ կուսքարտուղար Լեւոնը նրան բանտարկել էր տուել: Հազար ինն հարիւր յիսունվեցին Մեսրոպն աքսորից եկաւ: Եկաւ մտաւ գրասենեակ, հաւաքեց Լեւոնի օձիքն ու թափահարեց.
— Անմեղ տեղը չեկա էիր, հա՜, բերում տունս, գիշերուայ ժամը երեքին, հա՜…
Լեւոնը չկծկուեց: Նա էլ սրա օձիքից բռնեց ու սկսեց թափահարել.
— Խորհրդային օրօք նացիոնալիզմ էիր անում, հա՜… Որ կուսակցութիւնը խղճացել է ու բաց է թողել՝ չկարծես թէ արդար էիր, դրա համար է բաց թողել: Սիբիրը խորն է, հա՜, կուսակցութիւնն անդաստիարակներին չի խղճայ…
— Մի սրան տեսէք, մի սրան տեսէք, — քմծիծաղեց Մեսրոպը, — Ռուսաստանից ես եմ գալիս, կուսակցութեան անունից սա է խօսում:
— Կուսակցութիւնը չի՛ խղճայ, — գոռաց Լեւոնը:
— Էդ՝ կուսակցութիւնը դու ե՞ս: — Մեսրոպը նրան ոտից գլուխ չափեց:
Լեւոնի տրեխը ծակ էր, տրեխի տակ՝ գուլպան ծակ էր, տրեխի եւ գուլպայի միասնական ծակից մեծ գլուխը հանել էր բթամատը: Լեւոնի մի աչքը կոյր էր, Լեւոնը ճաղատ էր, ճողուած էր, — Կուսակցութիւնը ես չեմ, — խեղճ-խեղճ ասաց Լեւոնը: — Ես ի՜նչ կուսակցութիւն եմ:
— Բա էլ ինչո՞ւ ես անունից խօսում:
— Բա դու ինչո՞ւ էիր Լէօ կարդում» (1, 328-329):
Ուշադրութեան արժանի հանգամանք է, որ այս հատուածում ներկայացուած է դէպքերի ճշգրիտ ժամանակագրութիւնը: Սա մի կողմից հաւաստի, անգամ վաւերական է դարձնում պատումը, միւս կողմից՝ այդ գեղարուեստական հիւսուածքը մասամբ վերածում է պատմութեան:
(»Մաթեւոսեանական ընթերցումներ«, գիրք 3, Երեւան., ԵՊՀ հրատ., 2016)

Ծանօթագրութիւններ
1) Հրանտ Մաթեւոսեան, Ես ես եմ: Հարցազրոյցներ, Երեւան, «Ոսկան Երեւանցի», 2005, էջ 408:
2) Հրանտ Մաթեւոսեանի «Ահնիձոր» ակնարկի քննարկումները եւ արձագանքները (Փաստաթղթեր եւ նիւթեր): Կազմող եւ խմբագիր՝ Սամսոն Քառեան, Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատ., 2007, էջ 3:
3) Հրանտ Մաթեւոսեան, Երկեր երկու հատորով, Երեւան, «Սովետական գրող» հրատ., 1985, հ. 1, էջ 9: Այս երկհատորեակից կատարուելիք հետագայ յղումների հատորն ու էջը կը նշուեն շարադրանքում:
4) Հրանտ Մաթեւոսեան, Նանա իշխանուհու կամուրջը, Երեւան, «Օգոստոս» հրատ., 2006, էջ 45:
5) Նոյն տեղում, էջ 80:
6) Գրեցէք այսպէս, եւ աւելացրէք թէ Ալէպպոյում
Մի փաթթոցաւոր չարագործ տաճիկ մի օր ծեծում էր
Մի վենետիկցու, եւ հայհոյում էր մեր պետութեանը.
Իսկ ես բռնեցի այն թլպատուած շան կոկորդից, եւ նրան
Զարկեցի, այսպէս:
Վ. Շեքսպիր, Երկեր, Երեւան,
Երեւանի համալսարանի հրատ., 1991, էջ 245:
7) Վահրամ Փափազեանի թարգմանութիւնը եւ բեմական իմպրովիզացիայի ստեղծումը ներկայացուած են մեծ դերասանի «Իմ «Օթելլոն»» գրքում. «… Դառնում եմ յանկարծ ներկաներին.
— … Եվ յետոյ՜, յետոյ աւելացրէ՛ք,
Որ մի օր, վաղուց, Հալէպում…
Կեանքումս միայն մի անգամ եղել եմ Հալէպում, ու տպաւորութիւնը մինչեւ օրս էլ թարմ է մնացել: Եւ «Օթելլոյի» ներկայացման սառած մի գիշեր, հեռու վայրում, արտասանելիս Հալէպ բառը, արեւոտ քաղաքի յիշատակն այդ տաքացնելով յանկարծ այնքան հեռուներում մոլորուած հայրենաբաղձ հոգիս, տաքացրեց եւ ցուրտ թատրոնը այնպիսի մի ջերմ ճառագայթումով, որ հեռանալով մի րոպէ կերպարից՝ փակագծի մէջ առայ ես այդ բառը ու մի քանի անգամ կրկնեցի դա թախծալից կարօտի ցաւագին կանչով: Այդ հասաւ հանդիսատեսին, ու այս անսովոր անցումից իմ մէջ զարմացած կերպարը թէեւ փորձեց ինձ կարգի բերել, բայց դուր եկաւ նրան այդ, շնորհակալութեամբ ընդունեց տարերային այդ կանչը ու սրբագործեց հետագայում.
— … Վայրենի մի, խրոխտ տաճիկ,
Փաթթոցաւոր մի սրիկայ,
Թլպատուած մի շուն,
Անարգում էր իմ հայրենիքը,
Որի համար ես իմ կուրծքը պատուար շինեցի,
Իսկ ես, վայրենամռունչ վագրի նման, կատաղի,
Բռնեցի այդ թլպատուած շանը
Ու խեղդեցի
Այ, այսպէս…»:
Վ. Փափազեան, Երկեր 5 հատորով, հ. 3, Ե.,
«Սովետական գրող», 1982, էջ 453-454:
8) Հրանտ Մաթեւոսեան, Սպիտակ թղթի առջեւ: Յօդուածներ, Ե., «Հայագիտակ» հրատ., 2004, էջ 149-150:
9) Հրանտ Մաթեւոսեան, Ես ես եմ, էջ 146:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *