Յակոբ Կարապենցի ստեղծագործութիւնը — 5

ՆԱՆԱՐ ՍԻՄՈՆԵԱՆ

Արցախի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախօս

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

(Բ.)

ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԻ ԱՐՁԱԿԸ, ՆՐԱ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Յակոբ Կարապենցի պատմուածքների երկրորդ՝ «Հին աշխարհի նոր սերմնացանները» ժողովածուն, ինչպէս եւ առաջինը, ունէր ընդհանուր նպատակասլաց ուղղութիւն, ինչը հնարաւորութիւն էր տալիս այնտեղ ամփոփուած ստեղծագործութիւնները դիտել իբրեւ հարցադրումների միասնական ամբողջական շարք։ Եւ դա այն աստիճանի, որ հեղինակին մղում էր նաեւ ժանրային կառուցուածքի նոր հարթութեան՝ վէպի նախապատուութեան ճանաչման։ Այս գրքի առաջաբանում կայ նման շահագրգիռ հարցադրում, մանաւանդ եթէ հաշուի առնենք, որ դրանից ընդամենը երեք տարի առաջ հեղինակը փորձել էր իր ուժերը նոր ժանրում, հրապարակ էր իջել, բայց դրա կողքին կայ նաեւ արձակագրի ազնիւ տագնապը՝ այն անհնար է կոչել «դասական իմաստով վէպ — թէեւ ժամանակի ու միջավայրի տեսակէտից նիւթերը շաղկապուած են իրար՝ կազմելով վէպի համար անհրաժեշտ ներքին համադրութիւնը («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 5)։
Սա նրա երրորդ գիրքն էր. պատմուածքների առաջին եւ երկրորդ ժողովածուների միջեւ ընկած էր «Կարթագէնի դուստրը» վէպը, որտեղ միջավայրը թէեւ պայմանական, բայց որոշիչ նշանակութիւն էր ստանում։ Գրողն ինքը մնում էր վէպի տիրական հրապոյրի ու պատմուածքի գայթակղութեան սահմանագծում, եւ նրա երկուութիւնն զգացւում է նոր գրքում։
Միջավայրի խնդիրն այստեղ, յիրաւի, կառուցողական գործօն է Յ. Կարապենցի համար։ Նա խոստովանում է, թէ ելնում է՝ ապաւինելով ընթերցողի երեւակայութեանը, որ կարողանայ «…այսպէս ասած, տեղականացնել դրուագները՝ նրանց մէջ փնտռելով իր ապրած միջավայրի կեանքն ու տիպարները։ Չէ՞ որ տարագրութիւնը նոյնն է ամեն տեղ, ամեն երկրում։ Չէ՞ որ ամեն տարագրի սրտում տակաւին մխում է հայրենի տան կարօտը»։ Ահա թէ ինչու նա ընթերցողներին խորհուրդ է տալիս՝ «…անուն ու հասցէ չփնտռել այս գրքում» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 5)։
Իսկապէս, համընդհանուր են, ըստ արձակագրի, հայերի ապրելու ջիղը, սերնդի ազգաշունչ «հպարտութիւնն ու տկարութիւնը», կողք կողքի՝ «….ազգային հպարտութիւնն ու նուաստացման զգացմունքը։ Ջէֆըրսոնի հայութիւնը սովորական իմաստով համայնք չէ, այլ բազմաբարբառ մի վիթխարի ընտանիք, որ աներեւոյթ լարերով միմեանց է զօդում գերդաստանի անդամներին» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 11)։ Ընդվզումի ջիղը հայ մարդուն տանում հասցնում է ամերիկանալու, օտարի մէջ նոյն օտարին գերազանցելու պահանջին, որը փաստացի ներքին տառապանքի ձուլման ճանապարհն է։ Հայ մնո՞ւմ են՝ ճակատագիր է, նահանջո՞ւմ են, նոյնպէս ճակատագիր է։ Իր բոլոր հերոսների համար գաղտնի արցունք ունի նրանց կարեկից դարձած, նրանց իր հերոսները դարձրած արձակագիրը, քանի որ պահում է վերջիններիս անցած ճանապարհի գենետիկ յիշողութիւնը։
Հալէպից քննադատ Թ. Թորանեանը սերմնացանի ամեն մի կերպարի տակ ջանում է առաջինը գտնել Յ. Կարապենցի «հագուստ-կապուստն» ու միտքը, նրա անհանգստութիւնները, ասել է թէ՝ ամբողջական անհատականութիւնը։
Իրականում տեսական պլանի գրական նոր յանձնառութիւն է ստանձնում Յ. Կարապենցը՝ միջավայրի ուրուագծման քայլի դիմելով. իր Ջէֆերսոն քաղաքը, ինչպէս բանաստեղծական ներշնչանքով գրում էր՝ կար ու չկար. «Այն կարող էր լինել Բոստոն, Դիթրոյթ, Լոս Անջելոս կամ թէ Նիւ Եորք, Փարիզ ու Բուէնոս Այրէս։ Կամ մի գուցէ Բէյրութ, Թեհրան ու Հալէպ։ Ի՞նչ տարբերութիւն։ Հայ սերմնացանները ցրուած են աշխարհով մի։ Ջէֆըրսոնն էլ մի հանգրուանն է հայ տարագրութեան բազմաթիւ հանգրուաններից։ Սակայն հանգրուանը խարիսխ չէ, տուն չէ, մնայուն չէ, հայրենիք չէ» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 6)։
Ասել է թէ՝ իր ժողովրդի սերմնացանները, որոնք դեռ պահում են դասական աշխատաւորի՝ Համաստեղի գրչի ծայրից ծնուած կիրքը, մնում են իրենց ապրած ջէֆերսոններում, նորանոր, բայց անհետաքրքիր միջօրէականներում: Ահա՛ այդ սերմնացանները հասնելով Նոր Աշխարհ («Նոր Աշխարհներ»)՝ փորձել են ներքնապէս զգալ ու դրսեւորել ուժի ու եռանդի իրենց «աւելցուկը»։ Նրանք կառուցել են եկեղեցիներ ու դպրոցներ, թերթ ու գիրք են հրատարակել, բայց ենթագիտակցական խորը շերտերում, անշո՛ւշտ, զգացել են, որ այլեւս հայրենի հող չեն հերկելու, սերմ չեն նետելու, «ափ մը մոխիր հողի» մէջ (պատահական չէ, որ Յ. Կարապենցն անակնկալ յիշում է Սիամանթոյին), որն իրենցը չէ, անյոյս թախծում են, քանի որ հարազատ երեխան փլուզում է ընտանիքի աւանդական սիւները։ Ենթագիտակցութիւնը չի լքելու նրանց, որովհետեւ, — հեղինակը պատռում է երազի վերջին ծուէնը. — «Ամենից իրականն ու անըմբռնելին այն է, որ բոլորն էլ ամերիկացի են, այնպէս, ինչպէս ամերիկացի է Ջօ Սմիթը կամ Ջիմ Պրաունը» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 12)։ Ուիլեամ Սարոյեանի հերոսի պէս Յակոբ Կարապենցը մանուկ է դառնում կարծես, որ յայտարարի, թէ՝ «Մի տեղ, մի անպատմելի ժամանակ, խախտուել էր մի բան» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 13)։
Պատմուածաշարի առթիւ Փարիզի «Յառաջ» օրաթերթի մեկնաբան Ժ. Միրիճեանը ճիշտ է նկատում «սերմնացանների» երկփեղկ վիճակները: Նրանք փորձում են, կարծես, հաստատուել Նոր Աշխարհի մէջ, բայց եւ մեկուսի են, ետ են մնում, քայլ չեն նետում իրենց կաշկանդիչ «հոգեխառնութեան» պատճառով. «Ասոնք` ներքին կապով ագուցուած, աւելի խճանկարներ կը թուին ըլլալ…։ Բոլորովին այլամերժ քառուղիներու եզրին կեցած հին սերմնացաններ են, որոնք եթէ ընդհանրապէս յաջողած են իրենց ժուժկալ աշխատանքով տեղ եւ դիրք գրաւել Նոր Աշխարհին մէջ, միւս կողմէ շարունակած են ապրիլ առանձնացած, անջատուած դուրսէն իրենց հոգեխառնութեամբ»(68):
Նոր սերմնացանները տարիք ու կենսափորձ ունեցող տառապեալներ են, ովքեր, յատկապէս առաջին եւ երկրորդ ալիքի գաղթականները, քաջ գիտեն, որ ապրելու համար դիմակայութիւնը փրկարար հանգրուան է։ Երրորդի մէջ նահանջն այլեւս արեան մէջ է, նրանց մէջ ամերիկացին արթուն է, սիրով է ընդառաջ գնում նորի, օտարի կոչնակներին, ինչի նկատմամբ առաջինների խանդն անթաքոյց է։ «Հին սերունդը յուշերով է ապրում: Միջին սերունդն ընկել է երկու քարերի արանքում: Իսկ նոր սերունդը փարթամ բոյսի պէս մեծացել, դարձել է ամերիկացի` յաճախ խարխափելով իր ազգային ծագման խորհրդաւոր կածաններում: Ու տառապում են բոլորը` մեծով ու պզտիկով» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 11):
Ահա թէ ինչով է կարեւորում հեղինակն այս ժողովածուն, որը համարում է սիրոյ մատեան, «ընդհանուր զարկերով բաբախող հաւաքական սիրտ», արեան ձայն ու հոգու տուրք։ Սիրոյ երախտիքը բնաբուխ է, այն բխում է իր ժողովրդի հանդէպ անմնացորդ ու անսակարկ զգացումից, արեան միասնական վազքից եւ գրողի խոնարհումից. «եւ վերջապէս, գրականից առաւել այս գիրքը սիրոյ երախտիք է, արեան ձայն ու հոգու տուրք: Այս մի համեստ ձօն է նրանց, ովքեր մերժեցին մահն ու պարտութիւնը, եւ նրանց, ովքեր վերադարձի երազը սրտում` գրկեցին օտար հողը: Այդ բի՛րտ, բարի՜ սերմնացանները» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 6):

Հրաշալի՛ է ասուած, երդումի, օրհներգի պէս է հնչում։ Կախարդական հայկական հնչիւնների ներքոյ Յակոբ Կարապենցը կրնկի վրայ բացում է ջէֆերսոնեան դարպասները, որտեղից յորդում է արեւմտահայերի տխրամած, բայց գունեղ առօրեան՝ թախծի, կարօտի, երազի մեծութեան դիմաց համազգային խոնարհումի յիշատակի համանուագը՝ որպէս իւրատեսակ հիացումի շարունակականութիւն ու ծաւալուող հրաժեշտի արտայայտութիւն։ Արեւմտահայութիւնն է, մեռնող ու մահուան դէմ սուսեր ճօճող, յարութիւն առնող ու ազգային իր ինքնութեանն ապաւինած այդ հաւաքականութիւնը։
Քարտէզագրուած է Ջէֆերսոն քաղաքի գեղարուեստական համայնապատկերը։ Արձակագիրը խօսում է նրա բնակիչների հոգեբանութեան, կերպարի ու պատկերի ներքին միասնութեան լեզուով։ Այդ հերոսներն անհատականութեան դրոշմ ունեն, էթնիկական ոգու յիշողութեան եւ ազգային նորօրեայ կեցութեան կրողներն են: Կարապենցը քանդակում է աշխոյժով լցուած հայկական բնաւորութիւններ` յամառ, կոպիտ, երբեմն ինքնասածի, երբեմն սնապարծ, յաճախ անցեալը, պատմութիւնը ոգեկոչող, բայց միշտ սերմնացանի մաճը նոր ժամանակներում արդար գործադրող ուժ:
Ո՞րն է Իշխան Փիլիպոսի վերջին բաղձանքն այստեղ՝ Ջէֆերսոնում. զէնք ու զրահ կապել, սպիտակ ձի հեծնել ու աչքերը գոց արշաւել Կիլիկիայի երկայնքով՝ կայծակնաթափ հասնելով Կոռիկոս, Պապիռոն, Լուլու եւ Լամբրոն՝ ամենուրեք վառելով ազատութեան ջահը։ Աւարտական սքանչելի պատկերի գնահատութեամբ Կարապենցը բացում է Ամանոսի լեռների նման մռայլ, ութսունն անց Փիլիպոսի վաղնջական բաղձանքը, որ բոլորի տեսլականի մէջ կորսուած, բայց դեռ մնայուն հուրն է, «աւետուող աւետիսը». «Տենդն այրել, զտել էր նրա միջից վհատութեան վերջին նշոյլը։ Հիմա նա իր երազների մէջ աւելի իրական էր, քան իրականութիւնը» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 48): Ու ոչի՜նչ, որ պապին տեսնելու եկած թոռները խռնուել են՝ զուարթ աղմուկ բարձրացնելով, ոչի՜նչ, որ նրանք հայրենի լեռնաշխարհի զինուորները չեն։ Այս պահին Իշխան Փիլիպոսը կարող է իր վերջին հրամանն արձակել՝ «Ճամբայ բացէ՛ք…»։
Երազը, թոռների հոսանքին ընդառաջ գալով, խուժում է կեանք։
Յ. Կարապենցը չի իդէալականացնում Ջէֆերսոնի հայկական համայնքի կեանքը: Նոր աշխարհում երէցներն անդադար աշխատում էին, դժուարութիւնների միջով անցնում, հոգում զաւակների կրթութեան գործը: Նրանք հին աշխարհի ապրող, յարատեւող անկիւնաքարն են։ Դա աւելի կարեւոր է հեղինակի համար, երբ ուրուագծում է հերոս-հերոսուհիների հաւաքական տրտմութիւնը, անձնական ձախողուած կեանքը կամ աւերուած արտաքինը, տգեղութիւնը։ Միեւնոյն է, նրանցից ակնածում են, հաւատում խօսքին։ Լաւագոյն օրինակն Իշխան Փիլիպոսն է, ում լսում ու հպատակւում է համայնքը։ նրա իշխանական տիտղոսն աներեւոյթ, անստոյգ պատմութիւն էր, չգիտէին՝ որտեղից է «կպել» նրան, բայց իսկութեան պէս էր, «մի տեսակ պարտադրիչ ներկայութիւն» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 30), անցեալի հայրենական ներքին ուժն այստեղ` Ջէֆերսոնում, ամրագրող անհատականութիւն։ Կիլիկիայի հարուստ պատմութեան դասերից նա ուսանել է ուժի բարոյաբանութիւնը. «Առանց ծովի Հայաստան չ՚ըլլար», — բարձրաձայնում էր իր մտահոգութիւններն ու սրտի ցաւը դիւանագիտութիւնից հեռու ու մօտ մեր ծերունին՝ նստած ամերիկաներում, — Մեծն Տիգրան ու Փիլարտոս Իշխան միակն էին, որ հասկցան սա ճշմարտութիւնը։ Եթէ մեր նախահայրեր քիչ մը հեռատես ըլլային, փոխանակ լեռ բարձրանալու, բաց ծով կ՚իջնէին, եւ այսօր մենք մենծ պետութիւն կ՚ըլլայինք։ Քեզ օրինա՛կ Կիլիկիոյ հարստութիւնը» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 34)։
Գեղարուեստական մտածողութեամբ պատմական այս ակնարկն անցեալ դարի նոյն 70-ական թթ., նոյնայանգ դատողութեան ծիրով, քաղաքական մեկնութեան աղբիւրից բխող նոյն դառնութեան սլաքով ներկայացրել էր ամերիկահայ ճանաչուած արձակագիր Արամ Հայկազը։ Վերջինս Յ. Կարապենցից մի փոքր առաջ իր գրած «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» (1972) վէպում ցաւ էր ապրում, որ հայերը պայքարունակ չեղան պատմութեան տարբեր փուլերում եւ չապաւինեցին սեփական ուժի գործօնին։ Ա. Հայկազը ողջ վէպի ծաւալումներում ընդգծում էր ազգային ուժին հաւաքականօրէն ապաւինելու անհրաժեշտութիւնը, ինչը, իբրեւ դաս, չենք սերտել։
Գրականագէտ Սուրէն Դանիէլեանը, անդրադառնալով Ա. Հայկազի վէպի ազգային-քաղաքական հարցադրումներին, հարկ է համարում ուշադրութիւն սեւեռել համընդհանուր դժգոհութեանը. «… ինչքան է կորցրել ժողովուրդը, երբ անտեսել է ռազմական հզօրութեան պայմանը, երբ փորձել է հաւատալ միայն հոգեւոր շնչի յաղթանակին։ … Ժողովրդի ողբերգական փորձից գրողը, — եզրակացնում է հայրենի գիտնականը, — գալիս է մաքառման փիլիսոփայութեան շեշտադրութեան»(69)։
Ա. Հայկազի վէպում մարտնչող դատողութեան եղանակն արդէն տպաւորիչ է. «Կը մտածէի, — խորհրդածում է գլխաւոր հերոս-հեղինակ Արամ-Մուսլիմը՝ վերյիշելով «Զգործս ձեռաց մերոց բարի արա…» պատգամը, — որ եթէ պապերս ժամանակին պզտիկ խարդախութեամբ մը այդ աղօթքին մէկ քանի բառերը փոխէին …«Զսո՜ւրս ձեռաց մերոց կտրո՛ւկ արա» աղօթէին, այսօր մեր ճակատագիրը բոլորովին տարբեր կ՚ըլլար։ Վարը կապտաւուն մշուշին մէջ լողացող երկիրը մե՛րը կ՚ըլլար»(70)։
Յ. Կարապենցը, անշուշտ, ծանօթ էր այս վէպին եւ մատնանշում էր, որ ինքն առնուազն ընդունում է Ա. Հայկազի մտայանգումները, նրա պէս իւրացրել է ցաւի ու ափսոսանքի ուսանելի դասը։ Ամերիկահայ երկու արձակագիրների հարցադրման մէջ ուշագրաւը ոճային նոյնական կառոյցն է, ինչն էլ մեր նշած գրական համերաշխութիւնն է։
Զուգահեռի մէջ կայ բարոյահոգեբանական տարբերակում. Ա. Հայկազի մօտ դժգոհութիւնը ծաւալւում է քրիստոնէական հանդուրժողական համակերպութեան շուրջ, իսկ Յ. Կարապենցի ծերունին յենւում է համաժողովրդական պայքարի` ժամանակին կորսուած վճռականութեան վրայ։ Հերոսի հասցէագրումն ուղղագիծ է՝ թուրքական կայազօրի պետ Իսմայիլ Քուչուկօղլուն է խլել իր պապենական տունը՝ վերայանձնելու շողոմ խոստումով, բայց առանձնակի դաժանութեամբ նրանց գաղթի մատնելով ընդհուպ մինչեւ Բէյրութ։

Արձակագիր Յակոբ Կարապենցը չի խուսափում ներքին խմորումների եւ արտաքին աշխարհի, հայրերի ու որդիների առճակատումը քննելուց, ինչը դառնում է երբեմն պատումի հանգուցային անխուսափելի ներքին կառոյց: «Իշխան Փիլիպոսի վերջին բաղձանքը» պատմուածքում իր վեց զաւակների վրայ տիրական «իշխանութիւնն» աստիճանաբար կորցնող ծերունին դիմում է խենթ քայլի՝ ի մի բերելու իր ցրիւ եկած, հասուն մարդ դարձած տղաներին ու աղջկան, բոլոր թոռներին, զաւակներին, որպէսզի նրանք հաւատարմութեան երդում տան` հայրենիքի ու ժողովրդի խորհուրդներն ագուցելով ամենակուլ ժամանակին յանդիման` վերակազմելու «նախնեացս աւանդոյթները», վերստեղծելու հայոց ամբողջական «պետութիւնը՝ Սեւ ծովէն մինչեւ Միջերկրական», «Արարատէն մինչեւ Մուսա տաղ» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 46)։
Ըստ Յ. Կարապենցի՝ վիպային այս շունչն է հային հայ պահելու դժնդակ մեր ժամանակներում։ Իւրովի «վերադարձի» այս «խելառ» մղումը չէ, արդեօ՞ք, որ օգնեց անցեալ դարավերջին ի կատար ածելու «երդումի» առաջին ենթակէտը՝ ազատագրել Ղարաբաղը ոսոխի ճիրաններից։
Յ. Կարապենցն իր Իշխան Փիլիպոսի պէս է, իր անցեալի ու ներկայի հետ, իր «խելառ», անգամ անէացած քայլերի, բայց եւ իմաստուն գոյապաշտ դատողութիւններով։ Դիպուկ եւ թիրախաւորուած է հայրենի գրականագէտ Հրանտ Թամրազեանի գրիչը, երբ ընդգծում է, թէ «…կայ ինչ-որ մանկական բան այդ ամենի մէջ, դոնկիշոտեան ազնիւ ու ջերմին հոսանք, որը, սակայն, ունի նաեւ հոգեկան ուժեղ շեշտադրում: Դա բնաւ էլ թատերական բան չէ: Պատկերը (գիտնականը նկատի ունի պատմուածքի մէջ Իշխան Փիլիպոսի երդման ռոմանտիկական մղումով բուն արարողութիւնը – Ն.Ս.) հոգեբանական մեծ խորք ունի, որտեղ հնչում է անցեալի ահեղ ու արդար պատգամը, ինչպէս, ասենք, Սիամանթոյի «Դիւցազնօրէն»-ի մէջ: Եւ դա չի կարող չցնցել նոր մարդկանց ու նոր սերունդներին, նոյնիսկ թատերախաղի դէպքում, քանի որ անցեալը մօտենում է ներկային: Այստեղ գործում է արեան կանչը: Ուժեղ մարդիկ հեշտ չեն մեռնում, նրանց արմատները խորն են, չեն կարող ոչնչանալ` առանց ուժ ու լիցք տալու ճիւղերին, ցօղուններին, գագաթին, սաղարթին»(71):
Հրաշալի է ասուած։ Հին սերմնացանի, անցեալից վերջին մոհիկանի վերջին կանչն է սա՝ ամենակուլ անհունի մէջ կորսուող հայութեան համախմբման գուցէ եւ վերջին ճիչը։ Միանգամայն ճիշտ է, որ «ուժեղ մարդիկ հեշտ չեն մեռնում», բայց ազգային սերուցքն այլեւս նոսր լիցք ունի։ Ճիշտ է նոյնքան եւ այն, որ Սփիւռքը յարաբերական է, առանց ենթահողի։ Նորօրեայ Սփիւռքի մէջ անցեալը փախչում է խուսափուկ ու չի կարող լուծուել ներկայի մէջ։
Նկատենք, որ «Փիլիպոս» անուան ընտրութիւնը գալիս է նորից «Ամերիկայից», այս անգամ Համաստեղի շնորհիւ։ Ով գիտի ի՛նչ ճանապարհներով Խարբերդի գիւղերից մէկում՝ Փերչենճում, յայտնուել էր «Փիլիկ ախպար» անունը, ասել է թէ՝ «Փիլիպոսը»՝ խեղճ, աննշան մի գիւղացի։ Վերարթնացել է կարծես Փիլիպոսը Յ. Կարապենցի գրչի տակ, բայց որպէս այլեւս «իշխան», որպէս մարտնչող, որպէս համախմբող ուժ։ Ազգային հոգեբանութեան կրողներն են ե՛ւ Իշխան Փիլիպոսը, ե՛ւ Տափան Մարգարը: Ճիշտ եւ ճիշտ Համաստեղի հերոսի նման Յ. Կարապենցի «միապետ» իշխանը Ջէֆերսոնի Լոնգֆելլօ փողոցի իր հին «դղեակից» կառավարում էր հայկական համայնքի գործերը, հերթով ընդունում համայնքի մեծ ու փոքր անդամներին, խորհուրդներ ու հրահանգներ տալիս, հիւրասիրում: Իսկ երբ բոլորը հեռանում էին, Իշխան Փիլիպոսն անէացած նայում էր Կիլիկիայի հայկական քարտէզին, վերապրում հայրենի օջախի շունչն ու յիշատակը։ Այս երկու կերպարներն ազգային հոգեբանութեան կրողներն են։
Այս ժողովուրդը, իրականում օտար ու խորթ, հայրենի բնօրրանին անհաղորդ Ջէֆերսոն քաղաքում փորձում է վերակազմել լեռնաշխարհի իր վստահագիրը, աւելցուկ ու այլեւս «անպէտ» ուժն ու հպարտութիւնը, որն այստեղ խենթութիւն է թւում։ Եւ դա ոչ միայն իբրեւ վերջին մոհիկան Իշխան Փիլիպոսի «վերջին բաղձանք», այլ իբրեւ հայութեան յատկանիշ, ինչպէս Խ. Աբովեանը կ՚ասէր՝ «…կորցրած փառքն ու մեծութիւնը, մեր առաջին, է՛ն հիանալի թագաւորաց, իշխանաց գործքն ու կեանքը, մեր Հայրենեաց, մեր սուրբ աշխարքի առաջուան սքանչելիքն ու հրաշքը, մեր ընտիր ազգի աննման բնութիւնն ու արած քաջութիւնները»(72) վերականգնելու վճռականութեան անմարելի ցուցիչ։
Ասուածի վկայութիւնները տասնեակից աւելի պատմուածքներն են։ «Աբգար ամու օտար հարսը», «Յովնանի չորս որդիները», «Արեւոտ առաւօտների կարօտը», «Գոնսուլ Առաքել», «Սոսկալի Սահակ», «Օրիորդ Անթառամ» եւ այլ պատմուածքներ, որոնց մէջ շատերն իբրեւ վերնագիր կրում են բնաշխարհի ուղիղ կապը՝ բնութագրիչ անուններ, որոնք «հին աշխարհի» հետ կապի վկայութիւններն են այս նոր ու անկարեւոր թուացող ջէֆերսոններում։
Պատահակա՞ն է արդեօք Ջէֆերսոն ընկած «Յովնանի չորս որդիները» պատմուածքի գլխաւոր հերոսի վերաբերմունքը նոր միջավայրին, որը երկրորդական, ածանցեալ է իր համար. «Ջէֆըրսոն։ Մտքում շարունակ կրկնում էր՝ Ջէֆըրսըն։ Ի՞նձ ինչ։ Թող լինի հազար Ջէֆըրսոն, թող լինի հազար ապարանք, սակայն ո՞վ կարող է բերել իրեն Զէյթունի արեւախանձ հողի բուրմունքը եւ Մարաշի երկնքի կապոյտը։ Ցաւն այն է, որ Յովնանը որեւէ յարակցութիւն չէր գտնում իր ու Ջէֆըրսոնի միջեւ, կարծես ճամբի կէսին կանգնել, իջեւանել էր պատահական պանդոկում՝ արշալոյսին շարունակելու երթը։ Այդ վաղը դարձել էր քսանըհինգ տարի, իսկ ինքը դեռ սպասում է պատշգամին յենած՝ խորթ ու անհանգրուան» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 141)։
Երկրորդական է նաեւ հարցումը, թէ որտեղից են նրանք, բնաշխարհի՝ «հին աշխարհի» արեւմտեան կամ արեւելեան ո՛ր հատուածներից՝ Արաբկիրից թէ Երեւանից, Բէյրութից թէ Թաւրիզից, Զեյթունից թէ Մարաշից։ Հայրենակից գրականագէտ Անահիտ Քեշիշեանը՝ նպատակային զուգահեռներ է տանում Յ. Կարապենցի «հին սերմնացանների» էպիկական հզօր շնչի եւ ազգային էպոսի առասպելածին ծռերի միջեւ: Յիրաւի, ամերիկահայ արձակագրի հերոսները դիւցազնական շունչ ունեն, անմիջական ծռութիւն, որը մտերմիկ համակրական սահման է գծում նրանց ու ընթերցողի միջեւ: Նա մատնանշում է այլ առնչութիւններ եւս. «Յ. Կարապենցի` դիւցազնական գծերով օժտուած հերոսներն ասես սերում են «Ջոջանց տան» զարմերից եւ ժառանգել են նրանց իւրայատուկ ցեղային ծռութիւնը: Իրենց ողբերգական ժամանակավրէպութեամբ նրանք յիշեցնում են Փոքր Մհերին: Նրանց ներքին «ժամացոյցի» եւ իրական ժամանակի աններդաշնակութիւնը խզում է առաջացնում ժամանակի հետ: Այդ խզումը յաճախ վերածւում է ողբերգութեան, եւ այս միամիտ հսկաները, յաւիտենական այս «ծռերն» իրենց անկատար երազն են փորձում պահ տալ ժառանգներին կամ այլոց…»(73):
Ստեղծագործական տարերքին հաւատարիմ՝ Յ. Կարապենցն ապաւինում է հոգեւոր, մշակութային Հայաստանի գերակայութեանը։ Դա յատկապէս նկատելի է «Օրիորդ Անթառամ» եւ «Յովնանի չորս որդիները» պատմուածքներում։ Ընդ որում՝ վերջին պատմուածքում առանձնակի ջանասիրութեամբ տրւում են ազգ ու ոգի պահող գրական դէմքերը («մեծ մասամբ բանաստեղծներ՝ տասնիններորդ դարի փոթորկաշունչ երգիչներ, որոնք սէր ու սոխակ մէկդի դրած՝ հրաշէկ խօսքեր էին ասում դարաւոր թմբիրի մէջ ընդարմացած ժողովրդին՝ Նալբանդեանց, Շահազիզեանց, Ծատուրեան, Րաֆֆի, Պէշիկթաշլեան, Թումանեան, Ալիշան եւ դեռ Ահարոնեան ու Չօպանեան, Խրիմեան Հայրիկ ու Փորթուգալեան») (Նոյն տեղում)։ Այս ամենը Յ. Կարապենցը բացում է մանրամասներով, հնարաւորինս ժամանակագրական հերթականութեամբ, որը չի զլանում տալ իր հերոսի «տեսողութեամբ», սակայն իրականում՝ հէնց ի՛ր նախընտրութեամբ է անում։ Դա է վկայում Ռ. Պատկանեանի ստեղծագործական «հարազատ ջրերը» վերադառնալու բուռն փափագը, որի մասին, հերոսի բառամթերքով, Յ. Կարապենցը խոստովանում էր, թէ լաւագոյնն է, «իսկականը, բառերի հետ չէր խաղում, ասելիքն ասում էր տղամարդու պէս՝ շիփ-շիտակ մարդու երեսին» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 142)։ Բանաստեղծի թելադրութեամբ է, որ Յովնանը պահանջում է իր չորս որդիներից՝ «Կ՚ուզեմ որ մեր ժողովուրդէն ստացածը տասնապատիկ չափով վերադարձնէք ժողովրդին… ձե՛ր անունը, ձե՛ր հայութիւնը» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 146)։
Կեանքի ռիթմն ու բաբախը լաւագոյնս զգացող արուեստագէտն ուրուագծում է նաեւ համայնքի ստուերոտ կողմերը՝ անհարկի բանավէճեր, աթոռակռիւ, տարակարծութիւն, «ներսի» ու «դրսի» սրուածութիւն: Նոր աշխարհի այդ պարզ ու խոնարհ սերմնացաններն ապրում են մայր հայրենիքի տեսլականով, հայրենիքից դուրս Հայաստանի եւ հայութեան հեղինակութիւնը բարձր պահելու, իրենց զաւակներին ու թոռներին հայեցի դաստիարակելու, ազգային գծերն ամբողջացնելու, աւելին՝ համաշխարհային մշակոյթի մէջ խոր յետագիծ ձգելու համար: «Հոգեկան լարուած ցանցերի մի անքակտելի հանգոյց են հին սերմնացանները՝ արտաքնապէս այդ պարզ ու խոնարհ գիւղացիները։ Ու սակայն հէնց այդ ծանրաշարժ ու դիւահար գաւառացիներն են, որ նիւթական հայրենիք են կերտել Հայաստանում եւ հոգեկան Հայաստան` Սփիւռքում» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 20):
Այդ «հոգեկանը» ջեֆերսոնցու արեան վազքի մէջ է։ Եթէ անգամ, ըստ Յ. Կարապենցի, անգիտակցական է, քանի որ «Ամերիկան անիրական էր» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 14), աւելին, քանի որ՝ «ամենաանհասկանալին Ամերիկան չէ, այլ իրենք (այսինքն՝ մեր «ծռերը» – Ն. Ս.), իրենց հոգին…», — ուրեմն պիտի շարունակել փնտռել մարդկայինի զօրընդեղ ակունքը։ «Կարեւորն այն է, որ Ամերիկայում գտնուելով հանդերձ` նրանք Ամերիկայում չեն ապրում։ Կերտել են իրենց ուրոյն պատեանը, մտել մէջը եւ ամփոփուել։ Հոգ չէ, թէ այդ նեղլիկ անցքից դրսի մակարդակը բեկբեկուն է։ Այդ արտառոց ինքնամեկուսացումը նրանց տառապանքի ու յարատեւութեան աղբիւրն է» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 22)։
Գրողի պատկերների մէջ ներխուժում է վիպային կառուցողական ոճապատումը, որը թերեւս հեղինակին փոքր-ինչ հեռացնում է գոյապաշտական մտածողութեան տիրապետող եղանակից. «Եւ երբ քուրայի թէժ կրակն են բորբոքել, Հայաստա՛նն են յիշել: Քար են կրել, պողպատ են ծռել ու երգել Հայաստանը: … տուն-տեղ են շինել եւ օրհնել Հայաստանը: Հարսանիքի մէջ թէ թաղման ժամանակ ներկայ է եղել Հայաստանը: Զաւակներին դպրոց ուղարկելիս նրանց մէջ խօսել է Հայաստանը: Երգել են ու պարել` հայութիւնը պահպանելու համար: …Հայհոյելի՛ս անգամ Հայաստանի մրրիկներն են յիշել։ …Այս բոլորն արել են, որպէսզի յաւերժ լինի Հայաստանը: Որ անխախտ մնայ հաւատքը հանդէպ հայութեան ու Հայաստանի» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 22-23):
Նրա դիւցազնակերպ հերոսները շարունակում են ապրել երազի շարունակական տարածքներում. երազ, որն ընդհատուել էր 1915 թուականին: Հայրենի եզերքի հանդէպ մխացող կարօտն է, որ հերոսներին կտրում է ամերիկեան իրականութիւնից, թռցնում երազուած անմատչելի բերդերի լեռնային ծերպերը:
Միեւնոյն ժամանակ Նոր աշխարհի հին, տոկուն սերմնացանները հասցնում են ցաւով արձանագրել հայութեան յարաճուն ամերիկացումը: Ծնունդով ամերիկացի այս «կիսահայ» երիտասարդները դեռ հանդուրժում են իրենց ծնողներին ու պապերին` որպէս պատմական անհրաժեշտութիւն, սակայն, իրենց ուղին համարում են տարբեր: Նրանք դրանում վստահ են եւ շրջապատին փորձում են հաւատացնել, թէ հէնց իրե՛նք կարող են լուծել Հայոց Դատը:
Նրանք այլ տեսակէտ եւ մօտեցում են ցուցաբերում համայն հայութեան ձայնն աշխարհին լսելի դարձնելու, Արեւմտեան Հայաստանն ազատագրուած տեսնելու հարցում: Հայ համայնքի ուսերին արձակագիրը դնում է հասակ առնող ինքնավստահ այս նոր սերնդի հոգսը, սերունդ, որ հայ կամ ամերիկացի լինելուց առաջ իրեն մարդ է կոչում: Նրանք վստահ են. էականը մարդն է` անկախ սոցիալական կարգից, ազգային պատկանելութիւնից, մաշկի գոյնից, անգամ կրօնական պատկանելութիւնից: Յ. Կարապենցի ստեղծագործութիւնների մէջ, մեր կարծիքով, այս միտքը տեւական ժամանակ մնում է առաջնային:
Յ. Կարապենցն իր հերոսների իւրայատկութիւնները բացայայտում է վերջիններիս անձնական որակների շեշտումով: Օտարի դէմ անդուլ մաքառող, ութսունհինգի դռները ծեծող Աբգար ամին, օրինակ, իր յամառութեան շնորհիւ Ջէֆերսոնում ստեղծել էր Գարակէօզեան շինարարական կայսրութիւնը, որը միայն արդիւնաբերական հզօր սիւն չէր այդ քաղաքում, այլ նաեւ անկոտրում ու ծայրայեղ բնաւորութեան միջնաբերդ։ Զաւակների ու թոռների համար կառուցած հինգյարկանի հսկայական տունը Ֆրանկլինի փողոցի վրայ իւրատեսակ միջնաբերդ էր. ո՜վ կարող էր վիճարկել նրա իրաւունքը, չէ՞ որ Արաբկիրը նրա համար առանձին աշխարհ էր, առանձին երկիր ու ժողովուրդ, որի գերդաստանին «պատկանելու համար մի նախապայման էր պէտք։ Լինել արաբկիրցի» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 53): Ո՜վ կարող էր յանդգնել էրզրումցու, խարբերդցու կամ այլոց ամուսնութեան թեկնածութիւններով անհանգստացնել անյողդողդ արաբկիրցուն՝ «Չըլլա՛ր», ու վե՛րջ։ Գենի մաքրութեան խնդիր է, որը հեգնանքի լոյսով բացում է հեղինակը։
Միջնաբերդը կայ, ճի՛շտ է, բայց թոռը կարծես փլուզում է ծերունու կենսափիլիսոփայութիւնը։ Աչքի լոյս, ամենից ուշիմ, համալսարան յաճախած միակ թոռ Վահանը, «լախտի հարուած է» իջեցնում «Արաբկիրի հին առիւծի» ուսերին՝ տուն բերելով բողոքականի աղջիկ Մերիլինին՝ «այրիշի (իռլանդացու — Ն.Ս.), սքաճի (շոտլանդացու – Ն.Ս.) ճուտ» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 58): Իրական անակնկալը սակայն դա չէ, այլ այն, որ չքնաղ այդ կինը սիրոյ անխօս պահանջով իւրացնում է հայերէնը` իր համար «օտար» բարքը, նուաճում կայսրութեան «բնակիչների» հմայքը, անգամ ստիպում է Աբգարի նման կարծր անձնաւորութեանը հաշտուելու ճակատագրի հեգնանքին։
Յ. Կարապենցին խառն ամուսնութիւնների մէջ հետաքրքրում է առարկայօրէն «դաւադիր» հարցը՝ իսկ եթէ այդ «օտար հարսը» մարդկային անհամեմատ բարձր նկարագիր ունի, հրաշալի մա՞րդ է։ Նկատելի է, որ անակնկալ հարցին յստակ պատասխան չունի արձակագիրը: Ընտանիքն օտար միջավայրում չի կարող խուսափել օտարամուսնութեան պարտադրութիւններից, եւ դա խորութեամբ գիտակցում է հեղինակը։
Ալ. Շիրվանզադէի «Քաոս» վէպի մեծահարուստ Մարկոս աղա Ալիմեանի ապրած ողբերգութիւնը կարծես «վերանորոգում է» Յ. Կարապենցը, թէեւ ուրիշ է միջավայրը, ուրիշ՝ ժամանակը, ուրիշ՝ հոգեբանութիւնը: «Օտար հարսի» բարդոյթը նոյնն է. ռուս կինը նոյնպէս ազնիւ է, բարի, սոցիալական ստոյգ ուղղորդումով։ Ակնյայտ է կեանքի մայրամուտն ապրող երկու ծերունիների նոյնհասցէ տագնապը. «Անիծուի՛ այն օրը, երբ նա թոյլ տուեց ի՛ր Սմբատին գնալ ուրիշ երկիր՝ ուսումը շարունակելու, անիծուի՛ նա, որ կորզեց իրենից իր որդուն…»(74): Յ. Կարապենցի հերոսը եւս մորմոքում է թոռան ուսման ընտրութեան հետ կապուած. «Ոտքը կոտրուէր, ուսումնարանի երես չտեսնէր, որ Աբգար Գարակէօզեանին այս օրին չհասցնէր» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 59): Հայ մարդու մէջ անփոփոխելին բնաւորութեան ազգային պահպանողական արքետիպն է, թէեւ աւելի քան 80 տարի է բաժանում երկու նշանաւոր արձակագիրներին։
Պահպանողականի բարդոյթը մտահոգիչ է նաեւ «Օրիորդ Անթառամ» պատմուածքում, որտեղ արձակագիրը բացում է միայնակ կնոջ հոգսերի բեռն ամերիկեան հողի վրայ, առօրէական ու ազգային պարտաւորութիւնների շղթայական հանգոյցներում: Կանացի ամենօրեայ տառապանքի եւ շարունակական երազների պատանդն է Օրիորդ Անթառամը, ով կերտել է իր պատեանը, ներփակուել ու մեկուսացել:
Կարո՞ղ էր նա երջանիկ լինել։ Ի հա՛րկէ, եթէ յիսունական թուականներին իր նշանածը՝ Մարգարը, չզոհուէր կորէական պատերազմում: «Թող զանգերն այլոց համար ղօղանջեն։ Ինքը կը մտնէ իր հոգու մատուռը, դուռը կը կողպի եւ այլեւս դուրս չի գայ» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 83): Կարող էր, եթէ համակերպուէր ժամանակին ու չմերժէր իր պէս միայնակ բոսի՝ «Ֆենիքս» փոխադրական հաստատութեան կառավարիչ, գերմանացի Ջեյմս Վագների սիրոյ առաջարկը։ «Չապրուած կեանքի ահռելի պարապը» ոչ մի կերպ չի լցւում նոր ժամանակի ընկալումներով, մենութիւնը յաղթահարելն անհնարին է, եւ դա կարեկցանք է առաջացնում միջավայրում ու ընթերցողի մօտ։ Հայի մենութեան խոր արձագանգն զգալի է ամերիկեան խորթութեան ընդհանուր պատկերում։ Ահա թէ ինչու է նա ի վերջոյ ընդառաջ գնում նախկին մուսալեռցի Նազար Բէկեանի՝ ընտանիք կազմելու անկեղծ առաջարկին: Բէկեանը մեքենագէտ է, յաղթանդամ, թաւ մազերով, եւ գուցէ թէ Անթառամը հոգու թրթիռներ չապրի նրա հետ շփումներում, սակայն ներքին հաղորդակցութեան ազգային արահետը հաստատ տանելու է ճիշտ ուղիով:
Այդուհանդերձ, Անթառամի հոգէաշխարհի գեղարուեստական քննութիւնը, մեր տպաւորութեամբ, ձգձգուած է, սիւժէն անհարկի ծանրաբեռնուած:
Յուշագրութեան պատմավաւերական հպանցիկ, բայց տպաւորիչ կնիք ունի «Ո՞ւր մնացին սասունցիները» պատմուածքը, որտեղ հեղինակը ներկայացնում է Անդրանիկի երբեմնի զինուոր, Սասունի ապստամբութեան մասնակից Սարգսի ամերիկեան «անշուք» օրերը։ Նրա աչքի առաջ թուրքերը խոշտանգել են կնոջը, սրախողխող արել երկու մանկահասակ տղաներին: Մտապատկերները` արեան, ճիչ ու լացի տեսքով, տարիներ շարունակ խռովել են նրա կեանքը: Ու այսքանից յետոյ ինքը դարձեալ մնացել է «հին բարդու պէս ուղղաձիգ մարդ», որի յատկանշական կողմը «երկար, պատկառելի բեղերն էին, որոնք նրա փոս ընկած այտերի ներքեւ, սպառնագին մի խոյեանքից… իջնում էին մինչեւ նրա խիստ կոճկուած զինուորական օձիքը» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 115):
Նա առաջին ալիքի տարագիրների շարքը լրացնում է իբրեւ «Ֆըրսթ Նաշընըլ» դրամատան դռնապան, բայց շարունակում է մնալ Մշոյ դաշտում՝ հողագործի իր աշխատանքի պատրանքին: Դրամատունն ովկիանոսից այն կողմ միայնակ, բայց երբէք չխեղճացող սասունցուն նուիրել էր տնամերձ տարածք, որն ինքը տարիների ընթացքում շէնացրել է՝ գրքերի, քարտէզների շնորհիւ վերակերտելով Հայաստանի պատկերը՝ զոյգ Արարատներով, Զուարթնոցով, Սուրբ Էջմիածնով, Արաքսով, Անիի մայր տաճարով, Օշականով, Մաշտոցի կիսանդրիով, Աղթամարով, Երերոյքով ու, անտարակո՛յս, Երեւանով, նրա շէնշող լոյսերով:
Սասնայ տան հողագործը եղել էր քարտաշ, հիւսն, փականագործ, «օտար ճանապարհների շինարարական կառոյցներում ձեռք բերած իր ամբողջ փորձառութեան» շնորհիւ կարողացել էր Արարատի կորսուած երկիր վերստեղծել։ Յ. Կարապենցը տրւում է տարիներով իր իսկ ստեղծած սիւժետային «հեքիաթային» խաղին՝ դիւցազնի հանդէպ հիացումն արտայայտելու համար. «Այդ աշխատանք չէր, այլ ինչ-որ անհասկանալի մոլեգնութիւն, որը փոթորկել էր նրա ողջ էութիւնը: Կացնի ամեն մի հարուածի հետ նա տապալում էր թշնամուն: Ամեն անգամ քարը քարի վրայ դնելիս նրան թւում էր, թէ պարտութեան է մատնում չարին: Սասունցի Սարգիսը կառուցում էր, որպէսզի աշխարհը շէն մնայ, որպէսզի մարդն այլեւս մարդուն վատութիւն չանի: Թէեւ նա ամբողջութիւնը չէր կռահում, սակայն գիտէր, զգում էր, որ մի տեղ մի բան խարխլել է, որ ինքն ու իր ցեղը ինչ-որ անասելի անդոհանքից են անցել» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 119-120)։ Որքա՜ն համահունչ է «մի տեղ մի բան խարխլել է» տողը սարոյեանական նշանաւոր՝ «Ես ոչ մէկի անունը չեմ տալիս, պա՛, բայց ինչ-որ տեղ մի բան սխալ է… »(75) արտայայտութեանը «Իմ սիրտը լեռներում է» աշխարհահռչակ դրամայից: Նոյնակարգ դատողութեան մենք հանդիպում ենք «Արեւոտ առաւօտների կարօտը» թաւրիզցի հայերի ջեֆերսոնեան կեանքի մասին պատմուածքից, որի հերոսը՝ մեծահարուստ Նիկողոս Մուրադխանեանը, չէր հաշտւում, որ իր յիշողութեան մէջ թարմ ու մնայուն են «…թաւրիզեան սպիտակ օրերը…, երբ կեանքն այնքան լի էր երազներով ու խոստումներով։ Մի՞թէ աւելի լաւ չէր լինի Թաւրիզում չոր հաց ուտել եւ հայ մնալ, քան գալ այստեղ ոսկիների վրայ նստել ու մի պատառ հայութեան կարօտը քաշել։ Չէ՛, մի տեղ հիմքում մի բան խարխլել է», — եզրակացնում է եօթանասունին մօտեցող ծերունին («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 221)։ Այս վերջին օրինակը ցոյց է տալիս, թէ Վ. Սարոյեանը որքան խորն է նստած Յ. Կարապենցի ստեղծագործական ներքին շերտերում։
Յ. Կարապենցի սասունցի հերոսը, ով ապրում էր Ջէֆերսոնում, ժողովրդին ուղղորդում էր դէպի ազգային արժէքները: Եւ յուլիսին Ջէֆերսոնի ողջ հայութիւնը հաւաքուել, խռնուել էր սասունցի Սարգսի հրաշք ձեռքերով մշակուած, ուխտատեղի դարձրած այգում՝ «Արարատի դաշտում»՝ հայրենիով նորոգութեան խանդավառ օրեր վերապրելու։
Քանի ու քանի գիշերներ աշխատանքից խոնջացած Սասունցի Սարգիսը նստում էր պարտէզում՝ խորհելով. «Եթէ բոլորս ի մի գանք, … թիկունք թիկունքի տանք, վերստին տէր կը կանգնենք Արարատին: Նրա հայեացքը դառնում էր ընդհանուր համայնապատկերի վրայ եւ իջնում այն ճանապարհին, որը տանում էր դէպի Սասուն (ուշադրութիւն դարձնենք, թէ ինչպէս է հեղինակը սահուն ու աննկատ փոխում հարցի ուղղութիւնը դէպի ազգային մտորումների չարչրկուած հուն — Ն.Ս.): Ո՞ւր են սասունցիները: Սասունցի մնացե՞լ է, թէ ինքը վերջինն է: Ցուրտ զգաց ոսկորներում: Այդ գիշեր միայնակ էր աշխարհում» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 123)։
Թւում է՝ Սասունից վտարանդուած սասունցու երազների վերջին այգին է այն հեռաւոր ամերիկեան հողի վրայ, ուր խաղաղ հանգրուանն անգամ յարաբերական է։ Այստեղ վրայ է հասնում աւերիչ «Էմմա» թայֆունը, որը հայերիս համար զուգակցւում է ցեղասպանութեան ողբերգական զգայութիւններին։ Թւում է՝ ծովամրրիկը հողին է հաւասարեցնում Սարգսի անցեալն ու ներկան:
Պատմուածքի աւարտը փիլիսոփայական խորք ունի: Է. Հեմինգուէյի նշանաւոր «Ծերունին ու ծովը» վիպակի ծերունու նման Սարգիսը յամառօրէն վերսկսում է պայքարը ճակատագրի դէմ:
Սփիւռքի վաղուայ օրուայ ազգային, մշակութային եւ կրթական հեռանկարների հարցադրումներին ու լուծումներին Յ. Կարապենցն անդրադառնում է «Գոնսուլ Առաքել» պատմուածքում: Համանուն հերոսը ներկայացուած է մտերմիկ, բայց եւ հեգնախառն ոճաւորումով։ Գործունեայ բնաւորութեան, «վերեւներում» տարաբնոյթ հարցեր լուծելու կարողութեան համար նրան տուել են «Գոնսուլ» մականունը։ Զգայուն, սրտաբաց հայը միշտ սատարել է ամենքին, կոչ արել տէր կանգնել ազգային ակունքին ու աւանդոյթին: Ողջ եւ մահացած զաւակների կարօտն անթեղած՝ Գոնսուլ Առաքելն ապրում էր ազգի, եկեղեցու, դպրոցի հոգսերով: Նա աշխուժօրէն մասնակցում էր Ջէֆերսոնի հայկական համայնքի ժողովներին, որոնց հոգեբանական նկարագիրը պատմուածքում տրւում է հումորով, երբեմն՝ սարկազմով: Պատմուածքն առանձնանում է Յ. Կարապենցի գրական ոճաւորման նոր յատկանիշով, ուր երգիծական ուրուագծումներն ամենեւին չեն ստուերում վարսավիր Չարլիի, «սահմանադրագէտ» Կարապետի, դերձակ Աւետիսի, ապահովագրական ընկերութեան նախկին գործակալ Փանոսի եւ, ի հարկէ, «Գոնսուլ Առաքելի» ազգային նուիրումները, որոնք հեղինակը համարում է «հայ ոգին փոխանցելու միակ աստուածային բանալի»` թրծուած գրամշակութային «հիմնական» ու «յաւերժական» տարրեր լեզուի շաղախով:
Ոգեւորութեան գագաթնակէտին Գոնսուլ Առաքելը խոստանում է հարիւր հազար դոլար տրամադրել Ջէֆերսոնում չորսյարկանի շէնքով դպրոց եւ եկեղեցի կառուցելու համար. ճիշտ այնքան, որքան դրամատունն առաջարկում է ունեցած սեփական շէնքի համար: Ահա՛ ազգային կեցութեան իմաստնութեան դրոշմը, որի գիտակցումն է առաջնորդում ազնիւ, ինչ որ տեղ նաեւ պարզամիտ մեր հերոսին, երեւոյթը Սփիւռքի տարածքի համար դարձնում համընդհանուր։ Նա կը կատարի իր խոստումը, ինչպէս սասունցի Սարգիսը կը վերակերտի իր Արարատի ու Հայաստանի մանրակերտը թայֆունից յետոյ։
Հայրերի եւ որդիների դարաւոր անհամաձայնութեան, պապենական աւանդներից հեռանալու արդիւնքում վրայ հասած ողբերգութեան, ամերիկաներում եւ հայրենիքից հեռու այլ հանգրուաններում ուծացման վտանգին քայլ առ քայլ կուլ գնացող սերունդների մասին է պատմում գրողը («Արեւոտ առաւօտների կարօտը»): Ապազգային կենսաձեւի եւ նահապետական արժէքների սուր առճակատման արդիւնքում էլ տեղի է ունենում է հզօր բախումը:
Պատմուածքի վերնագիրը քնարական հնչեղութիւն ունի։ Սակայն որդու հետ բախումն ու դրա հետեւանքով Նիկողոսի անակնկալ մահը վերացնում է քնարականութեան տպաւորութիւնը:
Նախ՝ ինքնահաստատման եւ ապահով կեանքի հովերով լցուած, զաւակներին լաւ կրթութեան տալու նպատակով Ամերիկա եկած Նիկողոսն զգում է, որ անբաւ հարստութեան կողքին գահավէժ կորցնում է հոգեկան հանգիստը: Գիտակցում է, որ անդառնալիօրէն փոխուել է իր միջավայրը, փոխուել է կինը, զաւակները՝ անճանաչելիօրէն խորթացել: Խորագիրը հակադրական երանգ ունի. ո՛չ Ամերիկան, ո՛չ Ջէֆերսոնը չեն կարող ետ բերել պարսկահայ ծննդավայրի առաւօտների թարմութիւնն ու կանչը։ Մտամոլոր շրջում էր փողոցներում, որոնում Թաւրիզի արեւոտ երկինքն ու նահապետական կեանքը, ամբողջ մարմնով լսողութիւն դարձած սպասում Թաւրիզի Սուրբ Աստուածածին եկեղեցու զանգերի ղօղանջին: Մինչդեռ Ջէֆերսոնի շարունակական պարահանդէսները, արեւելեան պորտապարերը, թուրքախառն երաժշտութիւնը հազիւ թէ կարող են պահպանել հայկականութիւնը, — իրաւացիօրէն խորհում է Նիկողոսը: Նա աշխատասէր, արդարամիտ, բայց եւ դիւրագրգիռ է, խօսքի մէջ՝ կռուազան: Բացառիկ աշխատասիրութեամբ է հիմնել իր առեւտրական հաստատութիւնը, Գոնսուլ Առաքելի պէս օգնութեան հասել ամենքին: Սակայն փառասիրութիւնն ուտիճի պէս աստիճանաբար «նստել է» ընտանիքի անդամների, առհասարակ նոր սերնդի մէջ:
Յ. Կարապենցն արձանագրում է, որ ԱՄՆ-ի հայկական ընտանիքներում սկսել է իշխել քաղքենի ու օտարոտի ապրելակերպը՝ լեզուի նահանջին զուգահեռ: Նիկողոսի աւագ որդին ամուսնանում է այլազգի աղջկայ հետ: Թոռների միայն անունները կարող են յուշել, որ վերջիններս հայերի շառաւիղներ են: Հայերէն ո՛չ մի խօսք կամ բառ: Նոյնը նաեւ Նիկողոսի երկու զաւակները՝ Հրանդիկն ու Ռիմիկը, ովքեր հրաժարւում են հայկական դպրոցից, հայերէն սովորելուց` պատճառաբանելով, իբր, շատ զբաղուած են: Նիկողոսի հոգեկան տուայտանքն աւելի է խորանում, երբ որդին, փող պահանջելով եւ չստանալով, սպառնում է տնից հեռանալ: Ծանր աշխատանքով, դառը քրտինքով վաստակած փողի արժէքի մասին հօր խօսքին որդին շպրտում է՝ «Մի՞թէ ես մեղաւոր եմ, որ դու էշի պէս աշխատում ես» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 239)։
Դա դեռ ոչինչ, պարզւում է՝ որդուն գումարն անհրաժեշտ է թղթախաղի մէջ կոտր չընկնելու համար եւ այն էլ իր կոշտուկներով բարձրացրած Հայոց Մշակութային Տանը, ինչպէս յուշում է Իշխան Փիլիպոսը կամ այդ սկզբունքների շուրջ անօգուտ վիճում փաստաբան Ֆրանկեանը:
Վայրագ նահանջ է սա, ինչպէս շահնուրեան վէպում, միայն մի տարբերութեամբ. Շ. Շահնուրի հերոսները գիտակցում էին, ինչ-որ տեղ տառապում դրա դիմաց, մինչդեռ Ջէֆերսոնի «ոսկի» երիտասարդները, ովքեր իւրատեսակ խաղով կրկնում են Ալ. Շիրվանզադէի յայտնի հերոսների կենսափորձը, կամայ թէ ակամայ խրուել են ապականութեան մէջ, որի հետեւանքը Նիկողոսի արժէհամակարգի ու գաղափարական ընկալումների փլուզումն է:
Հերոսի կեանքն ու մահը հեղինակի քարոզ-յորդորն է, զօրեղ տագնապի խփած ահազանգը։ «Մէկը կարծես նշտրակ խոցեց նրա սիրտը։ Աթոռը գլխին բռնած մի քանի քայլ առաջ շարժուեց, երերաց ու անշարժացաւ… նրա աչքերը դուրս պրծան խոռոչներից: Բերանը բացուեց, ծամածռուեց: Կուրծքը պատռուեց ցաւից, եւ մի ահռելի հռնդիւն արձակելով՝ տապալուեց յատակին՝ ինչպէս լախտի մահացու հարուածից ընկած մի գոմէշ:
Նիկողոսի սիրտը դադարել էր, սակայն միտքը մի քանի վայրկեան թափառեց տիեզերքում եւ կանգ առաւ Թաւրիզ, ուր չգիտես որտեղից բացուեց մի արեւոտ առաւօտ… Վազում էր յաւերժական առաւօտի միջից, խայտում անանուն խլրտումների բերկրանքից եւ փորձում մի կտոր երկինք գողանալ լեղակի պէս կապոյտ կամարից:
— Մամէն բոյիդ ղուրպան, աշխատանքից մի՛ ուշանայ…» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 248):
Մայրը երկնքից ընդունում է որդու մաքրութեան բարոյախօս վերադարձը, որը նախապէս անկարելի էր թւում: Գեղարուեստական հրաշալի պատկեր է մեր առջեւ, մարդու եւ մարդկայինի, ազգայինի մաքուր աւազանի հաստատումը մահուան խորհրդի գնով։
Ցածրահասակ, բայց խարբերդցու յամառ, հաստատակամ, միեւնոյն ժամանակ գործնական տիպարն է Սոսկալի Սահակը՝ համանուն պատմուածքից, ինչպէս նրան «փաղաքշաբար» բնութագրել էին մեքսիկացիները: Նկատելի է, որ իւրաքանչիւր պատմուածքում հեղինակը նախ ուրուագծում է կերպարը, նրա յատկանշական կողմերը՝ հայ համայնքի ընդհանրական գծերի ներգրաւումով, յետոյ նոր անցնում է բուն գործողութեանը, կամ ինչպէս ընդունուած է ասել` հանգուցալուծման արագընթաց տարրերին։ Այն շատ յաճախ անակնկալ բնոյթ ունի, թւում է՝ անգամ «հեղինակի աչքին»։ «Սոսկալի Սահակը» պատմուածքի անակնկալը մի փոքր այլ է. այն նման է «Արեւոտ առաւօտների կարօտը» պատմուածքի սիւժետային ներքին կառոյցին, յատկապէս գործողութեան զարգացման տրամաբանութեամբ։ Այստեղ եւս տրուած է անհանգիստ հերոսի մահը՝ ցաւի ու տառապանքի մանրամասներով։ Միշտ գոռում էր, անզիջում կռիւ տալիս գիւղատնտեսի իր փորձառութեամբ։ Ջէֆերսոնի մէջ նա նոյն խարբերդցի գիւղացին է, հողի անխոնջ մշակը: Թէեւ այստեղ իրաւաբանական կրթութիւն է ստացել, բայց այն իր տարերքը չէր, հոգեբանօրէն պատրաստ չէր մարդկանց ճակատագրերի հետ խաղալ եւ դա զգացել էր առաջին իսկ քայլերից ու փակել իր գրասենեակը։
Ունէր սեխի հսկայական ցանքատարածութիւններ: Սակայն հրաժարւում է սեխը յանձնել, քանի որ վերջին պահին ընկերութիւնը շահի անարդար թելադրութեամբ խախտել է պայմանագրի կէտերը: Ինչպէ՞ս պայքարել անարդարութեան դէմ. վճռում է՝ ոչ ամենեւին ամերիկեան գործարար անհոգիութեամբ, այլ «հայկական» ազնուական անբաւ շռայլութեամբ. ամբարած սեխի հսկայական պաշարն անհատոյց ուղարկում է հայկական համայնքներին, պահանջում հասոյթի զգալի մասը յատկացնել ազգային դպրոցներին, հայկական տարաբնոյթ հաստատութիւններին, ճամբարներին, մանկական հիւանդանոցին, աշխատակիցներին: Կազմակերպում է «Արմենիա» տեսակաւոր սեխի փառատօն: Նա գործարար լինել չի կարող, թէկուզ սնանկանայ։
Կայ նաեւ ներանձնականը, խնամքով քողարկուած վիշտը. ծերութիւնը հետզհետէ չոքում էր դռանը, իսկ ինքն ու կինն անժառանգ էին: Հեղինակը մի կողմից գծագրում է կոպիտ Սահակի հոգեկան փխրուն ներաշխարհը. «Իր ներսում, իր մարմնի տակ, ինքը դեռ վառվռուն երիտասարդ է, ամա՛ռ, ամա՛ռ, վաղը կը գնայ իր փողոցի մանուկների հետ կրկին բէյսբոլ կը խաղայ, ինչպէս այդ անում է ամեն Կիրակի առաւօտ, այնքան գարուններ ունի կուտակած սրտում, որ կարող է բոլորին բաժանել, իսկ ամենից զմրուխտը տանել ու փռել Հեղինէի ոտքերի տակ, միայն թէ՝ Աստուած մի զաւակ ընծայէր, որ տունը լցուէր ճիչ ու խինդով» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 267), միւս կողմից՝ «անսահման» փոքրութիւնը՝ իբրեւ հեգնանք ամերիկեան իր կեցութեան, ի տարբերութիւն առհասարակ խարբերդցիների, որոնց «յաղթանդամ ահաւորութիւնը …համագաւառացիների մարմնական խոշոր չափերը» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 259) չէր ժառանգել ինքը՝ «Ջէֆերսոնի՝ ամենից փոքրահասակ խարբերդցին» («Նոր աշխարհի հին սերմնացանները», էջ 258), ամերիկեան մեծ աշխարհին մարտահրաւէր նետած այդ միայնակ աղմկարար փոքր հսկան։ Ի վերջոյ, անհանգիստ բնաւորութիւնը, անհաշտութիւնը ժամանակի անսիրտ ու դաժան թելադրութիւններին նրան հասցնում են մահուան։ Սիրտը դաւաճանում է նրան իր ձեռքերով մշակած սեխի արտում:
Յ. Կարապենցի արձակն աչքի է ընկնում ընդհանրացման ուժով, հոգեբանական ներթափանցումներով, անկաշկանդ անկեղծութեամբ: Հեղինակը թախիծով արձանագրում է, որ Հին աշխարհից, Երկրից եկած փորձառու, հին սերմնացանները Նոր աշխարհում կորցրել են իրենց երազները, կարօտը խեղդում է, խեղճ են, միայնակ։ Լուսաւոր աչքերը փնտռում են այն, ինչ այլեւս լքել են մէկընդմիշտ։ Նրանց ջիղերում դեռ կենսասիրութիւնը յորդում է, բայց ակամայ «դաւաճանն» անպատասխան հողն է, մայրական դաշտին փոխարինած Ջէֆերսոնի հայկական «կայսրութիւնը»։ Քրտինքը դեռ թափւում է հին սերմնացանների ճակատից, բայց տիրականը մնում է կարօտի հեգնախառն, թաքնաթաքոյց ողբերգական արցունքը։
Հայրենի գրականագէտ Հրանտ Թամրազեանը դիպուկ գնահատական է տալիս անցման այս շրջանի փիլիսոփայութեանը, որ «Եթէ հայոց տան ճանապարհի պատմութեան մէջ, ասենք, Յակոբ Ասատուրեանը մրցակից չունի, իր իսկ Կարապենցի խոստովանութեամբ, ոչ մէկը դեռ նրա պէս չի ստեղծել Եղեռնի բերանն ընկած ծննդավայրի եւ ժողովրդի ողբերգութիւնը, ապա ինքը (խօսքը հէնց Յ. Կարապենցի մասին է — Ն.Ս.) շարունակում է այդ թեման, ողբերգութեանը յաջորդելու է գալիս դրաման»(76): Օտարատունկ սերմնացանները, որպէս կանոն, չեն զգում իրենց ապրած ողբերգութիւնը, իսկ ապրածը դրամա է։ Ցաւը խորն է, բթացրել է վիշտը։ «Փրկուած» սերմնացանների շեշտադրուած ողբերգութիւնն ուղղակիօրէն շարունակուող ցեղասպանութիւն է։
Նրանց հայկականութիւնը տապալւում է արեան ջիղին այդպէս էլ խորթ մնացած Ջէֆերսոնի փողոցներում, ուր, թւում է, նորոգել են յիշողութեան «կայսրութիւնները»։ Իսկ Յակոբ Կարապենցը սթափութեամբ, բայց մեղմօրէն, կարծես վէրքը հոգածութեամբ մշակելով, յուշում է, որ մնացեալը խաբկանք է, Ահարոնեանի յայտնի թելադրութեամբ՝ «ջրի քամք»։ Չմակարդուած արեան յիշողութեան ծալքերում են Կարապենցի պատմուածքների հերոսների՝ դիւցազուն հսկաների վերջին ուժով վերստեղծած «կայսրութիւնները»։ Իրենցից յետոյ սերմնացանների տեղը պարապ է։
(Շար. 5)

ՅՂՈՒՄՆԵՐ ԵՒ ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

68) «Յառաջ» / օրաթերթ, Փարիզ, 1979, 4 Մարտ:
69) Դանիէլեան Ս., Սփիւռքահայ վէպը, գիրք Ա., Ժանրը, աւանդոյթները, պատմութեան փիլիսոփայութիւնը, Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ, 1992, էջ 254
70) Հայկազ Ա., Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ, Անթիլիաս, 1972, էջ 211։
71) Թամրազեան Հր., Գրական դիմանկարներ / յօդուածներ, էջ 176:
72) Աբովեան Խ., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Եր., 1984, էջ 6:
73) Քեշիշեան Ա., Յակոբ Կարապենց / Աշխարհընկալումը եւ արուեստը, էջ 140:
74) Շիրվանզադէ Ալ., Երկերի ժողովածու տասը հատորով, հ 3-րդ, Եր., Հայպետհրատ, 1959, էջ 13-14:
75) Սարոյեան Ո., Ընտիր երկեր` չորս հատորով, հ. 2-րդ / պիեսներ, պատմուածքներ, Եր., «Սովետական գրող», 1987, տե՛ս՝ էջ 39 եւ էջ 42։
76) Թամրազեան Հր., Գրական դիմանկարներ, յօդուածներ, էջ 183:

Leave a Reply

Your email address will not be published.