Իմ հոգին արարչութիւնն է Աստծոյ

ՀԱՅԱՍԷՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Խմբագրութեան կողմէ. ստորեւ կու տանք «Գրանիշ» կայքի,— ուրկէ արտատպեցինք Հայասէր Յովսէփեանի սոյն քերթուածները,— խմբագրութեան ներածականը. այլ խօսքեր աւելորդ են։
Նրանք ապրում էին իրենց երկրում ու հողում, իրենց տանը, խաղաղ աշխատանքով էին զբաղուած՝ դասաւանդում էին, բժշկութեամբ, հողագործութեամբ կամ որեւէ այլ աշխատանքով զբաղւում: Երբեմն նաեւ ստեղծագործում էին, գրում իրենց հողի, իրենց հոգեւոր ապրումների ու դժուար կեանքի մասին, մինչ ինչ-որ մարդիկ անհասկանալի հողատիրական պահանջներով գլխիվայր շուռ տուեցին նրանց կեանքը՝ փորձելով դուրս հանել նրանց իրենց իսկ տնից, հողից:
Եւ ահա դու, սովորական մի ուսուցիչ-բանաստեղծ, զէնքը ձեռքիդ կանգնած ես խրամատում, որովհետեւ թիկունքում քո տուն է, քո տատ ու պապից մնացած յիշողութիւնը, որ պարզապէս չես կարող յանձնել օտարին:
Հայասէր Յովսէփեանը ուսուցիչ էր աշխատում, նաեւ բանաստեղծ էր: Ցաւօք, արցախեան այս պատերազմը ընդհատեց նաեւ նրա կեանքը: Խոր կսկիծ ենք ապրում, յիշում ենք ու յիշելու ենք իրենց հողի ու տան համար պայքարող մեր բոլոր հայրենակիցներին: Յիշատակդ վառ կը մնայ մեր սրտերում, Հայասէր ջան: Խոնարհւում ենք քո անմահ յիշատակի առջեւ…

(Գրանիշ)

Իմ հոգին արարչութիւնն է Աստծոյ,
որ երկինք պիտի տանեն անկումիս սպասող հրեշտակները ստրկամիտ:
Բայց ես մարմին ունեմ ըմբոստ,
որ տուել եմ խրամատներիդ արնածարաւ,
եւ ծածկում եմ,
ահա,
քո մարմինը փխրուն
մարմնով իմ պողպատէ,
բեկելով սլացքը դէպի քեզ սուրացող մահաբեր գնդակների:

Ես կառչել եմ այս հողին իմ գոյութեամբ,
ինչպէս ծառն՝ իր արմատներով,
ինչպէս քարն՝ իր ծանրութեամբ,
եւ համբուրում եմ նրա մէջ
այն արիւնը,
որ այս երկրի փրկութեան համար
թափւում է հայ զինուորի սրտից:

* * *

Զգում եմ,
որ ինձ պարզուած ափերի մէջ
ժպտադէմ բարեւների
թունաւոր քնքշանք կայ,
եւ սիրտս կծկւում է ամեն ձեռքսեղմումից…

* * *

Աստծոյ ամեն անաստուած օր
ես մտնում եմ եկեղեցի,
քաւում մեղքերս
եւ մաքրագործուած հեռանում՝
նոր մեղքեր գործելու:

* * *

Այնքան շատ են յիշողութիւնները,
որ երբեմն թւում է,
թէ մի ամբողջ
յաւերժութիւն ես ապրել:
Այնինչ,
յաւերժութեան աչքին մարդն ընդամենը
սովորական մի թիթեռ է,
որ աշխարհ է գալիս միայն մէկ օրով…

* * *

Այսօր էլ մարդ արարածը,
ինչպէս երեկ,
ինչպէս միլիոն տարի առաջ,
ծնւում է աստծոյ պատկերով,
բայց նրա հոգին
սատանայի կերպարանք ունի:

* * *

Արփի անունով կրակէ մի աղջիկ,
ամեն առաւօտ
վարսերն է լուանում Արաքսի ջրերի մէջ…

* * *

Ժամանակը
վիթխարի մի գնացք է,
որի մէջ յայտնուած
ամեն ուղեւոր
անսպասելի մի կանգառ ունի:

* * *

Դժուար է սեփական ոտքերի վրայ
գետնին կանգնելը,
մանաւանդ,
երբ հէնց քո՛ ուսերին է իջնում
տիեզերքն
իր ողջ ծանրութեամբ:

* * *

Ես խնամքով հաւաքում եմ բոլոր քարերը,
որ մարդիկ նետում են իմ ուղղութեամբ:
Մի օր անպայման
տուն կը կառուցեմ այդ քարերից:

Եւ յետոյ, տեսնելով տունն այդ,
մարդիկ զարմանքից
քար կը կտրեն,
քա՛ր աւելի,
քան քարերն այն,
որ նետել են ինձ վրայ:

* * *

Դու վախկոտ ես, խաղաղութիւն:
Տեսել ես կարմիր արիւնը
ընկած զինուորի
եւ անամօթաբար միշտ
լքում ես ինձ,
երբ ես կանգնում եմ
այս արիւնոտ խրամատում,
ինչպէս հոգին է լքում մարմինը
սպանուած իմ ընկերոջ:
Լքում ես… եւ հակառակորդն
անարգել
կրակում է ինձ վրայ:
Կանգ առ, դաւաճան,
ես եմ զրահը քո կրծքի
եւ իմ սիրտը`
թիրախ ոսոխին:
Մնա՛ իմ թիկունքում,
այնտեղ մանուկներ կան`
անմեղ, անհոգ…
Կանգ առ, անամօթ…

* * *

Այստեղ ամեն մի քար լուռ
պատմաբան է,
ամեն ժայռ
թշնամու դէմ վահան է,
ամեն ծառ
կռուի տարիներից
մի բեկոր է կրում իր կրծքում,
ամեն ծաղիկ
մի նահատակի սրտից է բուսնում,
ամեն գետ
հայերէն է կարկաչում,
ամեն թռչուն
անպայման հայերէն է երգում:
Այստեղ,
այս հողի վրայ,
օտարերկրացին անգամ
հայերէն է քայլում:

Ես կառչել եմ այս հողին
իմ գոյութեամբ,
ինչպէս ծառն իր արմատներով,
ինչպէս քարն`
իր ծանրութեամբ,
եւ համբուրում եմ նրա մէջ
այն արիւնը,
որ այս երկրի փրկութեան համար
թափուել է
հայ զինուորի սրտից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *