ԾՆՈՒՈՂԻ ՃԻՉԸ

ԿՈՐԻՒՆ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Եղեռնի զոհերին յիշատակին

Փորձութի՞ւն էր մեծ,
Թէ սատանայի
«Խրախճանք» անկուշտ,
Դժուար է ասել…

Իսկ կատարուածը
Մահուան չափ ծանր է
Անգամ յիշելը.
Առաւել դաժան՝
Այն վերապրելը…

Լոկ մեր ցաւից չէ,
Որ աղօթքի հետ
եւ ճչացել ենք…
Մեր ճիչը երբեք
Նման չի եղել
Թոյլի բողոքի,
Կամ որբի լացի…
Յանուն ապրողաց
Ու «ինչ-որ բանի»,
Մենք մեզ խեղդելով
Նաեւ լռել ենք…

Մեր լռութիւն էլ
Քարացած ճիչ է
Եղել մշտապէս.
Վկան՝ լեռները
Մեր երկնասլաց,
Վկան ձորերը
Մեր անդնդախոր…
Մենք որպէս Նոյի
Ոգու կրողներ,
Հատուած անտառի
Հաստաբուն կոճղերից
Հրաշքով նորից
Վերածիլուել ենք…

Անհնարին է
Թոյլ տալ, որ յանկարծ
Մէկ այլ մարդակեր
Իր յոյսը դնի
Մարդ-յիշողութեան
Կորստի վրայ։
Անհնարին է
Նաեւ Աստծոյ դէմ
Գործած մեղքերի
Ծանր բեռի տակ
Մարդ արարածը
Այնպէս չճչայ,
Որ չար ու անկիրթ
Ցեղերը նորից
Չկարողանան
իրենց հիւանդոտ
Ուղեղիկներով
Նոր ելքեր փնտռել
Անմեղանալու,
Մարդակերութեան
Արդարացումի…

Նրանց ականջին
Եւ պէտք է ձայն տայ
Մեր հոգու ճիչը,
Ովքեր մեզանից
Յետոյ են գալու։
Ովքեր որ մի օր
Մարդ-ասուներիս
Հարցեր են տալու,
իսկ գիտե՞նք ի՞նչ ենք
Պատասխանելու…

Թմբիրից հանող
Մեր հոգու ճիչը
Երբեք մեր ցաւը
Լոկ ամոքելու
Խնդիրը չունի։
Այլ ունի պահանջ
Այս մոլորակն իր
Ծիրում պահելու,
Որ աղօթքի պէս
Մեր մէջ յար ապրի
Ամենակարող
Յոյսը ապրողաց՝
Ծնուողի ճիչը…

Իջեւան

Leave a Reply

Your email address will not be published.