Ապրելու խոհեր եւ ճռռացող լռութիւն

ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

—Ձեր վիճակն այնքան էլ գովելի չէ,—ժպտում է:
Ժպիտը տկար է:
—Գիտեմ,— ժպտում է:
Եւս մէկ տկար ժպիտ:—Սուր հայմորիտի(*) պատճառով ձեր ջերմութիւնը բարձրացել է, ինչը վտանգաւոր է պտղի համար: Ինչպէ՞ս կարող էիք այդքան անտարբեր լինել:
Լռութիւն… Լռութիւնը կախւում է սենեակի կիսաբաց դռնից եւ ճռռում է այնքան, մինչեւ ներս մտնող բուժքոյրը փակում է դուռը: Բայց դա ընդամենը մի քանի րոպէ է, քամին ներս է սողոսկում բաց պատուհանից եւ վազում դէպի դուռը: Նորից ճռռոց: Նա ականջները պահ է տալիս ճռռոցին: Դա իր մանկութեան ծանօթ երգն է յիշեցնում:
—Դուք ինձ լսո՞ւմ էք:
Նա նորից հասկանում է , որ նստած է սպիտակ խալաթով կնոջ առաջ: Միայն թէ ականջները, չգիտես ինչո՛ւ, իրեն չեն ենթարկւում, ճռռոցի կարիք ունեն:
—Ինչու՞ աւելի շուտ չեկաք, ես ձեզ հեռախօսով ասել էի, որ անմիջապէս գաք ու պառկէք:
—Ուզում էի սպասել:
—Ինչի՞ն:
—Հրադադարին:
—Ես ձեզ չեմ հասկանում:
—Ընկերուհուս ամուսինն էր զոհուել, ես նրա կողքին էի:
—Այդ վիճակո՞ւմ:
Բժշկուհին ակնոցի տակից նայում է նրա դալուկ դէմքին:
Նորից տկար ժպիտ:
Պատասխան ժպիտ: Եւս մէկ տկար ժպիտ:
—Մենք կ՚աշխատենք ամեն ինչ անել, իսկ հիմա ձեզ հանգիստ է պէտք:
Սենեակում կոկիկ շարուած գործիքները, վիրակապերը եւ միւս նման ու ոչ նման բաները հոգին լցնում են անբացատրելի ունայնութեամբ: Այդ գործիքները… վիրակապերը… ներարկիչները… Դրանք կարող են մէկի կեանքը փրկել, միւսինը՝ ոչ: Բայց մի՞թէ դրանք են փրկողը: «Մենք կ՚աշխատենք ամեն ինչ անել»,— բժշկուհու ձայնը խլացնում է ականջները, յետոյ հասնում է մինչեւ կոկորդը. ականջներն ու կոկորդը ցաւում են: Նա կուչ է գալիս: Մի՞թէ վերեւից չի որոշւում՝ անել, թէ չանել, լինել, թէ չլինել: Եթէ ինչ-որ մէկը կարող է «ամեն ինչ անել», ապա ինչո՞ւ այն տղաների համար չարեց. այն տղաների, որ մի քանի օր առաջ զրկուեցին ապրելուց: Իսկ այս բժշկական գործիքնե՞րը՝ երկար, բարակ, կարճ, սուր, հաստ, այս նորարական սա՞րքը, որ անիմաստ ձայն է հանում 10 րոպէն մէկ, բոլո՞րը, բոլո՜րը…Ոչ, փաստօրէն, նրանք չեն կարող անել այն, ինչ չեն կարող:
—Մեր բոլորիս պարտքն է առողջ ու շատ երեխաներ լոյս աշխարհ բերել, այդպէս չէ՞, այդպէս չե՞ն յաղթում…
Բժշկուհու ձայնը հոգատար երանգ է ստանում:
—Տեղաւորէք նրան հիւանդասենեակ համար 18-ում, ժամանակ առ ժամանակ չափէք ջերմութիւնն ու ինձ տեղեակ պահէք, առաւօտ շուտ ուլտրաձայնային հետազօտութիւն կ՚անենք,— բժշկուհին դառնում է բուժքրոջը:
Սպիտակ խալաթով հաստլիկ բուժքոյրը նրան ուղեկցում է դէպի դուռը: Դուռը մի վերջին անգամ ճռռում է: Այս անգամ ճռռոցը նմանւում է հիւանդի նվոցի եւ փակւում, մնում է սենեակում: Նրանք մանրաքայլ մօտենում են հիւանդասենեակին: Հիւանդասենեակում ասես մարդ չկայ, բայց կան երկու հոգի: Նրանց հայեացքները գամուած են հեռուստացոյցին: Նրանցից ամեն մէկը լռութիւն է ոտից գլուխ: Հեռուստացոյցն է նրանց փոխարէն խօսում.
—Իրավիճակը շարունակւում է լարուած մնալ սահմանի ողջ երկայնքով՝ անգամ պարտադրուած հրադադարից յետոյ… Ադրբեջանը դարձեալ փորձում է թոզ փչել միջազգային հանրութեան աչքերին… Դարձեալ…
Վերջին դարձեալ-ը չի լսում, լսողութիւնը կանգ է առնում «միջազգային հանրութեան« վրայ: Ախ, էդ միջազգային հանրութիւնը. փչեն, թէ չփչեն թոզը, մէկ է՝ կոյր է ի ծնէ, ուրեմն ի՞նչ տարբերութիւն, թող ինչքան ուզում են փչեն: Կոյրից օգուտ չկայ, եթէ ամբողջ մարմնով է կոյր…
Ականջներն ու միտքը մի կերպ պոկւում են «միջազգային հանրութիւն»-ից եւ բարեւում է: Բարեւին պատասխանում են եւ շարունակում լսել: Արդէն չգիտի՝ այս սենեակո՞ւմ է տխրութիւնն աւելի շատ, թէ՞ իր մէջ, իր ներսի սենեակներում: Բայց մի բան հաստատ է՝ իր ներսի ու դրսի սենեակները արեւի կարիք ունեն, տաք, շա՜տ տաք արեւի…
* * *
Որոշ ժամանակ անց, երբ պիտի գնար լուացուելու, բուժքոյրը պիտի համառօտ պատմէր երկուսի պատմութիւնը.
—Պատուհանի տակ պառկածն Անահիտն է: 3 օր առաջ է երեխային կորցրել, հէնց հրադադարի օրը: Հինգ ամսական էր յղիութիւնը: Բժիշկները եզրակացնում են, որ նկուղի խոնաւութիւնից է եղել:
Միւս հիւանդը Արուսեակն է: Վաղաժամ ծննդաբերութեան վտանգի պատճառով են պառկեցրել: Պայթիւնններից վախեցել եւ ուշաթափուել է փողոցում: Հիմա պայքարում են երեխայի կեանքի համար: Նրա՝ այստեղ գալու օրը եղբայրն է զոհուել, բայց չեն ասում նրան, մենք ասել էինք, որ հեռուստացոյցը չի աշխատում, բայց ինչպէս տեսնում ես՝ արդէն միացրել է… Երանի՜ չիմանայ…
Հիւանդասենեակի դուռը բացւում է եւ «երանի՜»-ն նրանց հետ ներս է մտնում, ու այլեւս դուրս չի գալիս:
Ամբողջ գիշեր Անահիտն աղօթում էր: Ինքը նոյնպէս աղօթում էր՝ չիմանալով քանի հոգու համար՝ իր դեռ չծնուած երեխայի՞, Անահիտի՞, Արուսեակի՞, սահմանը հսկող զինուորի՞… բոլոր ծնուած ու դեռ չծնուած երեխաների՞, բոլոր անահիտների՞, բոլոր արուսեակների՞, բոլո՞ր… բոլո՞ր…
Աղօթքի վերջում , «Ամէն»-ի փոխարէն, մտքում ասաց՝ միայն թէ Արուսեակը դեռ չիմանայ, որ եղբայրը զոհուել է…
Առաւօտ կանուխ կիսաբաց պատուհանից ձայներ են ականջին հասնում: Նայում է՝ մարդիկ են հաւաքուել, ամենուր ծանրոցներ են դարսուած, սահմանապահ զինուորների համար է, մարդիկ իրենց հնարաւորութիւնների չափով օգնութիւն են հաւաքել:
—Երանի՜ միշտ այսպէս ձեռք-ձեռքի լինէինք,— լսում է:
—Չէ, հայի խասիաթ (բնաւորութիւն) է, կռիւ գնալիս եղբայրներ ենք, նոյն միս ու արիւնը, իսկ կռուից յետոյ ապրում ենք թմբիրի մէջ, մի տեսակ իրար մոռացած: Է՜հ… Երանի՜… այնքան երանի՜ կայ,— տարեց մարդու ձայն է:
Մեղմ քամու հետ երկրորդ «երանի՜»-ն է ներս մտնում, բայց այս անգամ քամու մէջ թեթեւ ջերմութիւն կայ, ասես՝ արեւը ուզում է դուրս գալ, բայց չեն թողնում…
Արուսեակը միացնում է հեռուստացոյցը: Հաղորդավարը յայտնում է, որ ամեն կողմից շարունակւում է կամաւորների ժամանումր Արցախ, թէեւ արդէն զինադադար է:
Չակերտաւոր զինադադար… Չակերտաւո՜ր. ո՞վ է տեսել չակերտաւոր զինադադար, չակերտաւոր խաղաղութիւն, չակերտաւոր մանկութիւն, չակերտաւոր կեա՜նք… Ով պատերազմ չի տեսել, ուրեմն չի ճանաչի այդ չակերտները (երանի՜ չտեսնողին):
— Բժշկուհին կանչում է ձեզ, պետք է ուլտրաձայնային հետազօտութիւն անենք՝ երեխայի վիճակին տեղեակ լինելու համար,— բուժքոյրը յայտնւում է դռան առաջ:
«Ադրբեջանը միտումնաւոր թաքցնում է իր զոհերի իրական թիւը, բայց առաւել քան ակնյայտ է, որ…»,— հեռուստացոյցի ձայնը կորչում է դռան փակուելուն հետ: Միջանցքում բուժքոյրը հարցնում է նրան:
—Գիտե՞ս երեխայի սեռը:
—Չէ:
—Ուրեմն կ՚իմանաս: Առաջնե՞կդ է:
—Ոչ, տանը որդի ունեմ:
Մտնում են կիսամութ սենեակ: Բժշկուհին հարցնում է, թէ գիշերը ցաւեր ունեցե՞լ է :
—Ոչ,—ասում է, բայց հասկանում է, որ իրականում չի յիշում, ուղեղն ասես դատարկ պարկ լինի:
Փոքրիկ, քառակուսի էկրանը լուսաւորւում է եւ մի քանի րոպէ յետոյ բժշկուհին ասում է.
—Ամեն բան նորմալ է: Շնորհաւորում եմ, դուք զոյգ տղաներ էք ունենալու:
Ուրախութեան թրթիռները մէկ-մէկ հաճելիօրէն ծակում ու ներս են մտնում, մարմինը լցւում է ջերմութեամբ, ուղեղը դառնում է ուրախութեան պարկ…
Դուռն առանց ծեծելու բացում են.
—Բժշկուհի, շտապէք, հիւանդասենեակ 18-ի Արուսեակն է ուշաթափուել,— ներս է վազում փոքրիկ մարմնով մի բուժքոյր:
—Եղբօր նկարն է տեսել,— աւելացնում է հեւիհեւ:
Բժշկուհին շտապ վեր է կենում.
—Հազար անգամ ասել եմ՝ հեռուստացոյցը մի միացրէք…
Լռութիւն… Նա ուզում է շնչել, բայց թթուածնի տեղ լռութիւն է… սենեակի տեղ լռութիւն է, իր փոխարէն, բուժքրոջ փոխարէն, ամեն բանի փոխարէն… փոխարէ՜ն….
Հաստլիկ բուժքոյրը բռնում է ձեռքը.
—Շնորհաւորում եմ, զոյգ տղանե՜ր…Աւելի լաւ բան չէր կարող լինել:
Նա ուզում է շնորհակալութիւն ասել, բայց բառերը չեն ծնւում, մի տեսակ ամաչում են ծնուել, բառերը մի տեսակ մեղաւոր են զգում՝ ծնուելու համար… Ախր, ինչ սրտով մտնի հիւանդասենեակ, ախր…Բա ո՞ր…
Բուժքոյրը կարդում է անհանգստութիւնը:
—Դեռ երեխայ ես, չես հասկանում, դա է կեանքի օրէնքը…
Նա փորձում է թաքցնել արցունքները, չի ստացւում:
—Քեզ յուզուել չի կարելի… Ուրախութեան արցունքներ ե՞ն…
—Չգիտեմ…
Ու լռութիւնը նորից ճռռում է ներսում…

Արցախ
2 ապրիլ 2018

*) Հայմորիտ — երեսի ոսկրախորշերու բորբոքում։

One Reply to “Ապրելու խոհեր եւ ճռռացող լռութիւն”

Leave a Reply to Էլլա Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *