Քերթուածներ

ԺԱՆՆԱ ԲԵԳԼԱՐԵԱՆ

 

Ոչ մի ձայն
այլեւս
չի հասնում ինձ
ու չի հասնելու։
Այս համատարած
աղմուկների մէջ
վերստին յայտնուել եմ
Մսրայ Մելիքի
անտակ հորի մէջ։
Ես ժամանակի
ցինիկ ստերում
մի աններելի
միամտութեամբ
ու անսթափութեամբ
տրուել եմ
միֆին
իմ անպարտութեան։
Հիմա մարմինս
բզիկ-բզիկ է,
աւերակներում
իմ շէն գիւղերի
կռնչում է բուն,
վանքիս գմբէթից
հանւում է խաչը,
քերւում նշանն
իմ հաւերժութեան։
Հիմա իմ հոգին
գերեզմանոց է,
ու անպատարագ
բիւր թաղումներում
սուրբ մասունքներն են
իմ զաւակների,
որոնք հաւատով
կրակ նետուեցին,
հոգիս փրկելո՛ւ
անտեղեակ, որ այն
չնչին գրոշով
ընչաքաղցները
յանձնել են
Նեռին։
Հիմա եղեռն է,
ահաւոր եղեռն
հաւատի,
լոյսի
ու յաւերժութեան։

19 դեկտեմբերի 2021թ.

ԵՍ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԲՈՒ ԵՄ

Ինձ՝ ամենատիրոջս,
Ինչպէ՞ս կարողացաք զրկել
հանգրուակէտերից։
Ինչպէ՞ս մէջս
իրար խառնեցիք
ցերեկ ու գիշեր,
ստուեր ու լոյս։
Ինչպէ՞ս գոյութիւնս
հանգեցրիք
անպատուհան
փակուղու։
Հայրենիքս
բռնաբարելուց առաջ՝
թեւերս փշրէիք,
որ ամեն գիշեր,
որպէս միայնակ բու՝
չգնամ չթառեմ
Խծաբերդի
Շէնին գլխի
սրբատեղիին
ու չողբամ,
չողբա՛մ,
չողբա՜մ
եօթ սրբատեղիներիս
պղծուած
շնչառութիւնը։
Ինձ Հայրենիքից
զրկելուց առաջ՝
մթագնէիք
գիտակցութիւնս,
որ ամբողջ
կեանքում
սուրբ աղօթք
պատարագած
շրթունքներս
հիմա
չպղծուե՛ն,
այսպէս չպղծուե՜ն
դժխեմ
անէծքներով։
Անզգայ մարմին-հոգիներիդ
կռնչոցս
չի՞ հասնում։

25 դեկտեմբերի 2021

Հիմա միայնակ
նստած եմ Խծաբերդի
Չիմանին
աղբիւրի
Մեծ քարին՝
թափանցիկ շորերի մէջ,
ոտաբոբիկ։
Շուրջս համատարած ձիւն է,
ոտքերս ձեան ճերմակի մէջ,
չեն մրսում։
Էմինի եւ
Էդիտայի
աղբիւրի ջրի
մոլուցքից բարձրացող
գոլորշին
շղարշում է մարմինս
ու ջերմացնում։
Գենդարայի կածաններով
մի նպատակադրուած
շլդիկ
վետվետելով
Հարոսից գալիս
հոտոտում է
ափիս
բազմաբուրութիւնը’
տանելով այն
Հարոսի ու Տումու
անտառներին’
համոզելու նրանց ,
որ իրենց սմքած
յաւերժատիրուհու
անպարտ հոգին
դարերով
թեւածելու է
իրենց վրայ
ու յուշելու է
փրկութեան ԵԼՔԸ։
Չիմանի ձիւնածածկ
կածանով
ինձ մօտ է իջնում
Սահունասարի
հինաւուրց բերդի
Իշխանը
ու ուսերիս է նետում
դարերի
անպարտութեան
ծիրանին։
ԵՍ հաւատում եմ՝
ԴՈԻՔ մի օր
իրար էք գալու,
Սասնայ առիւծասիրտ
Դիւցազուննե՛ր։

25 դեկտեմբերի 2021

Ցուպ է իմ ձեռքին։
Ես կշիռ չունեմ։
մէջս սրուել է
եղանակների
զգացողութիւնը։
Ձիւներն ինձ անարգել
չպղծած
տարածքներ են
տանում։
Այն միակ տեղը,
ուր գարնան սպասման

տուայտումի մէջ
գեղեցկանում է
միայն ինձ ճանանչ
ՁՆԾԱՂԻԿԸ։
Իմ հրավառ շուրթերի
հպումին է սպասում,
որ գարնան պայթելու
անխափան երաշխիք է։
ԻՄ ՄԻԱԿ ՁՆԾԱՂԻԿԸ,
ՅԱՒԵՐԺԱՏՈՒՆՆ ԱՆՔՆՆԵԼԻ։

25 դեկտեմբերի, 2021

Արդէն լոյսերում
մոգական ձայների
տիրակալ Հայկոյի
«Խաչագողի յիշատակարանի»
դառնամուխ մեղեդու
ելեւէջների ներքոյ
մի ողջ
յաւիտենութիւն է
թեւածում
աւերակուած
մանկութեանս տան
անբեկանելի գոյութեան
կամարների տակ։
Մինչ ուղն ու ծուծը
քեզնով յագեցած՝
քեզ տեսնելու
պահանջի զգացումը
ուշաթափւում է
սպասման տուայտումում՝
կամենալով, որ դու՝
ուսապարկը ուսիդ,
երկաթէ քայլերով
բարձրանաս
աստիճաններով,
ձեռքերով,
հայեացքով,
հագուստներով
փարուես
պապոնց տանդ
պերճութիւներին։
Վերցնես պապիդ
երկփողանի
որսորդական
հրացանը,
պղծուած շնչառութիւնը
Հինաւուրց Խծաբերդի
մաքրաջրես
հրացանի
կրակոցներով։
Շուրջդ լցնես
հերոսական
Խծաբերդի
պատմական ու
գալիք նիրհած
հսկաների
բոցեղէն հոգիների
շուրջպարերով։
Սահունասարը
հրեղէն լաւա
ժայթքի։
Լեռ, դաշտ, քարափ,
սրբատեղիներ
ձերբազատուեն
դարաւոր թվացող,
բայց իրականում՝
միամեայ
ամօթանքից։
Դու լինես,
լինե՛ս,
լինե՜ս՝
փխրուն ուսերս առած
հզօր թեւերիդ մէջ,
ինձ պարուրած
հար կենսունակ
քո մերձութեամբ։

26 դեկտեմբերի 2021

Անմաշ տարիներ են՝
անտրամաբանական
անվերջութեամբ։
Թոփախաչի հսկայ կաղնիների
խառոյկների
բոցերը
Հարթագողի
փրփուրներին են
հասել։
Իմ Սանդուխտ նանի,
Հայկանուշ ու Անուշ
տատերի,
Շուշան հօրաքրոջ,
իմ Նորա մօր,
Սաքանանց Զառու ու
Աշխէն-Ակայի
հրեղէն հոգիների
խաղլացաւը
Ծեղքին ծմակի
կաղնիների
կատարներին
չի մեղմանում:
Ոսոխն
անքննելի
պահի մէջ
ծնկում է,
ծնկու՛մ է,
ծնկու՜մ է։
Սկիզբը
մերձ է ՇԱ՜Տ։

27 դեկտեմբերի 2021

Ստեփանակերտ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՄԱՍԻՆ

Ժաննա Բեգլարեան ծնած է Արցախ, Հադրութի շրջանի Խծաբերդ գիւղը։ Բանասիրական կրթութիւնը ստացած է Ստեփանակերտի մանկավարժական հիմնարկէն, ապա 1977-էն ի վեր նուիրուած է Արցախի մշակութային կեանքին, որպէս ուսուցիչ, մշակութային ոլորտի պատասխանատու աշխատող, ռադիօհաղորդումներու խմբագիր։ 1999-էն ի վեր կը դասաւանդէ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանէն ներս։
Հեղինակ է աւելի քան մէկ տասնեակ բանաստեղծական ժողովածուներու, որոնցմէ մի քանին արժանացած են մրցանակի։ Հայաստանի եւ Արցախի գրողներու միութեանց անդամ է։
Ընթերցողի ուշադրութեան կը յանձնենք վաստակաշատ բանաստեղծի քերթուածներու այս փունջը, որ գրուած է անցեալ տարի, իր ծննդավայր Խծաբերդի եւ մանաւանդ իր աւագ զաւկին՝ Վահագն Սարդարեանի կորուստէն ետք. վերջինս հերոսաբար ինկաւ Կարմիր Շուկայի մատոյցներու կռիւներուն 2020-ի նոյեմբերի 8-ին, 44-օրեայ պատերազմի վերջին օրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *