ԲՈԼՈՐ ԱՐԱՀԵՏՆԵՐԸ

ԷՐԻԿ ԲԵԿՆԱԶԱՐԵԱՆ
ԱՂՋԻԿԸ (ՀԱՅՈՒՀԻՆ)

— Էսօր տեսայ նրան: Կարծում էի էլ երբեք չեմ տեսնի, անցել են երկար ամիսներ, գուցէ տարիներ, բայց էսօր, էս անիծուած օրը շուկայից ականջակալներ գնելիս կրկին տեսայ նրան: Կարծում էի, թէ նա մեռել է, գետնի տակն է անցել, գրողի ծոցն է կորել, ուր որ է, մենակ թէ չերեւար:
Ես ոչինչ չգիտէի նրա ճակատագրի մասին: Համալսարանն աւարտելուց յետոյ ես շարունակեցի ուսումս, իսկ նա՝ չգիտեմ: Ասենք նա համալսարանում էլ հազիւ էր մնում, մի քանի անգամ փորձել էր դուրս գալ, հեռացուել, բայց կարծեմ ինչ-որ կապեր կային, որ հետ էին պահում նրան: Այլեւս չկային: Ոչ ոք իրօք չգիտէր՝ նա ինչով է զբաղւում:
Տեսայ նրան, ու հին յիշողութիւնները թունդ գինու պէս գլխիս խփեցին: Չնայած երբեք էլ գինի չեմ սիրել: Մենակ ծնունդների ժամանակ ու նոր տարուն, մի երկու անգամ, տնական գինի էր: Բայց պապիկս ամեն անգամ գինի քաշելիս պատմութիւններ էր անում դրա էս կամ էն բանի մասին, ու ես լսում էի դրանք որպէս մի ուրիշ աշխարհից եկած նորութիւններ, որովհետեւ ուրիշ ոչ ոք ինձ հետ այլ՝ ոչ առօրէական բաներից չէր խօսում: (Ոչ ոք բացի նրանից, ում տեսայ էսօր): Էդպէս օրինակ ես գիտեմ, որ գինին գլխին է խփում, օղին ոտքերին, շամպայնը ոչ մի բան է, բայց եթէ շատ խմես՝ գինու աչքն էլ կը հանի, օղունն էլ հետը: Բայց էդ ժամանակ ես դեռ չգիտէի՝ ինչ է նշանակում «գլխին խփել»:
Նա նոյնն էր, ասես չէր փոխուել: Չգիտեմ, դժուար է բացատրել: Նա ոնց որ փոխուել է, ինչ-որ մի մասնիկ ասես փոխուել էր նրա մէջ, բայց երբ արագօրէն անցայ կողքով էնպէս, որ ինձ չտեսնի, նրանից նոյն այն ոգին էր ճառագում, ինչ էն ժամանակ, երբ…
Քայլում էր երկու հոգու հետ: Կենտրոնում չէր, որովհետեւ չէր սիրում կենտրոնից քայլել: Երկու տղաները, որ քայլում էին նրա հետ զրոյցի բռնուած ինչ-որ բան էին քննարկում: Խօսում էին երեւի մեքենաների մակնիշներից կամ աղջիկներից: Նա ձեւացնում էր, թէ լսում է, իբր մասնակցում է խօսակցութեանը, բայց իրականում էդպէս չէր: Ես նրան լաւ գիտեմ: Նա խաբելով ինձնից կորզեց իմ առաջին, ամենամաքուր, կուսական համբոյրը: Նա համբուրեց շուրթերս:
Այսպէս՝ նա չէր մասնակցում խօսակցութեանը: Ես վստահ եմ դրանում, որովհետեւ եթէ նրանք մեքենաներից էին խօսում, ապա նա ոչինչ չէր հասկանում մեքենաներից, որ խօսէր, իսկ թէ աղջիկներից էին խօսում, ապա աղջիկների մասին նրա պատկերացումը հաստատօրէն տարբերւում էր իր զրուցակիցների պատկերացումներից: Դա էլ գիտեմ:
Նա թեթեւակի, գրեթէ աննկատ նայում էր շուրջը, ասես ինչ-որ բան էր փնտռում: Նա միշտ էդպէս էր անում, նա միշտ կարծես ինչ-որ բան էր փնտրում: Ծխում էր ու ծուխը փչում կողքի, որ փչելուն զուգընթաց կարողանայ աննկատ շուրջը նայել: Զրուցակիցների հարցերին կարճ պատասխաններ էր տալիս՝ հա կամ չէ, իսկ թէ խօսում էլ էր, մէկ է, չէր նայում նրանց: Էդ ամենը չէր հետաքրքրում նրան, նա անտարբեր էր ընկերներին, զրոյցներին, զբօսանքին: Ասես պարզապէս օտար երկրից ժամանած հետախոյզ լինէր, որ ուսումնասիրում էր շուրջը ու էդ ամենը տպագրում յիշողութեան մէջ: Ես ասացի օտար երկրի՞ց: Ոչ, օտար մոլորակից: Ես ատում եմ նրան, էդ հիւանդ տղային:

ՀԻՒԱՆԴ ՏՂԱՆ

—Երբ բանը հասաւ ամենածայրայեղ կէտին, թողեցի ամեն բան ու սկսեցի հեռանալ: Սկզբի համար ոտքով հասայ մինչեւ Հաղարծին ու էնտեղ երկու օր անցկացրի: Մի տեսակ սիրում եմ էդ գիւղը, դէպի նրան տանող ճամփի գետակն ու քարերը, ու մի բան կայ էնտեղ՝ դպրոց է, Ջալխէջի դպրոցն է, որը շրջապատուած է ցանցաւոր վանդակներով, ու երեխաները դասամիջոցին դուրս են գալիս խաղալու կամ հանգստանալու, ու վազվզում են մինչեւ ցանցաւոր վանդակները, որը պաշտպանում է նրանց արտաքին աշխարհից: Դա լաւ է, որ կան վանդակները. բոլոր երեխաները մեռնում են արտաքին աշխարհում:
Յետոյ ճամբին պատահած մի մեքենայ նստեցի: Վարորդը քիչ թէ շատ հաճելի կարգին մարդ էր, յամենայն դէպս՝ տանելի: Ճանապարհին մի քանի լաւ երգեր էինք լսում, ասենք՝ Hozier-ի Movement-ը, յետոյ ընկաւ Jim Croce-ի Roller Derby Queen-ը ու էլի մի քանի բան, որոնք հիմա թռել են մտքիցս: Ուզում էի, էնպէս էի ուզում շնորհակալութիւն յայտնել նրան էդ երաժշտութեան համար, մինչեւ հասկացայ, որ դա ընդամենը ռադիոն էր, ոչ թէ նրա երգացանկը: յետոյ կանգ առանք մի գազալցակայանում, որտեղ վարորդը ծխեց ու սիգարետը բերանին մտաւ զուգարան, իսկ ես նստեցի եզրաքարին ու մի ծխախոտ էլ ես վառեցի: Յետոյ գազալցակայանի շունը մօտեցաւ, ու ես նրա գլուխը թեւիս տակ առայ, իսկ նա դունչը դրել էր ծնկներիս ու մի տեսակ տխրութեամբ մերթ նայում էր ինձ, մերթ փակում աչքերը: Երբ գազը լցուած էր, վարորդը վճարեց ու նշան արեց, որ գնում ենք արդէն: Ես թողեցի շանն ու մեքենան նստելուց առաջ կռացայ նրա վրայ ու ականջին շշնջացի, որ յանկարծ չտխրի, թէպէտ ինքս էդ պահին մեռնելու տրամադրութիւն ունէի:
Երբ հասանք Դիլիջանի ոլորանները, իջայ մեքենայից: Վարորդը հարցնում էր, թէ ինչ եմ անելու էս ճամբի կէս տեղը: Ասացի, որ պայմանաւորուածութիւն ունեմ, պէտք է գան հետեւիցս: Ես ի հարկէ չունէի նման ոչ մի բան: Բայց միտք էր յղացել: Նայեցի ձախ ու որոշեցի, որ պէտք է մոլորուեմ Դիլիջանի անտառներում: Մտայ անտառ ու քայլում էի առանց ուղղութեան ու նպատակի, բայց գիտէի, որ ինչ-որ մի տեղ պէտք է հասնեմ՝ ասենք մոգական մի տեղ: Բայց չեղաւ: Մի քանի ժամ յետոյ սովից սատկում էի: Ստամոքսս գրմռում էր, թուքս չորացել էր: Մի տեսակ տհաճ ամայութիւն էր մտել բերանիս մէջ, որը կոկորդիս միջով անցնելով հասնում էր մինչեւ հոգուս խորքը: Մի երկու տերեւ ծամեցի համը փորձելու համար: Թթու էր: Յետոյ ինչ-որ ձեւ, չգիտեմ ինչպէս անտառից դուրս եկայ վերադառնալով մի տեղ, որը կարելի էր եւ քաղաքակրթութիւն անուանել: Ճամբի վաճառականներից սիմինդ առայ ու բրդուճներ, որ իրենց ընդմիջման համար էին պահել, ու շարունակեցի շարժուել:
Դիլիջանի կենտրոնում էի, էն կլոր շրջանի մօտ, ուր Մհեր Մկրտչեանի արձանը կայ: Փաստօրէն անտառի միջով քայլելիս նահանջել էի: Կանգնել էի շրջանի մօտ ու չէի կողմնորոշւում ուր գնալ՝ Երեւան թէ Վանաձոր: Բայց Երեւանում եղել էի արդէն՝ դա արեւածագին էր:
Քայլեցի Վանաձորի կողմը: Քայլելիս յանկարծ միտքս եկաւ, որ էնտեղ մի մոգական գիւղ կան՝ Մարգարտաշէն էր անունը կամ նման մի բան: Էդ գիւղում ու շուրջբոլորը արձակ դաշտավայրեր էին, հովիտներ ու մարգագետիններ: Մի քանի օր ոտքով ու տասը րոպէանոց մեքենաներով շարժուեցի դէպի էդ գիւղը, ու երբ հասայ, որոշեցի մնալ: Անունը Մարգահովիտ էր: Իմ առջեւ արձակ դաշտ էր փռուած: Պառկեցի էդտեղ մի քանի շաբաթ: Գուցէ ամիս: Ամայութիւն էր ու մենութիւն, ես ինքս ինձ հետ էի, բայց այն չկար:
Գուցէ ամիսներ էին անցել, երբ վերադարձայ իմ քաղաք: Չգիտեմ՝ ոչ ժամացոյց ունէի, ոչ օրացոյց, իսկ ժամանակի զգացողութիւնս կորցրել էի դեռ առաջին օրերին: Զարմիկս իր ընկերներից մէկի հետ դիմավորեց ինձ, մի քիչ քայլեցինք: Գլուխս պայթում էր ու պտտւում քաղաքից, քաղաքի ասֆալտից: Ջղաձգուած էի: Չեմ սիրում քաղաքը, երբեմն չեմ սիրում: Կարծում եմ սիրում եմ նրա՛ն՝ այլուհի աղջկան:

ԿԷՍ ՀԱՅՈՒՀԻ ԱՂՋԻԿԸ ԿԱՄ ԱՅԼՈՒՀԻՆ

—Որոշեցի թողնել գեղասահքն ու բանկային գործ սովորել: Ոչ մի հայ գեղասահորդուհի մինչեւ հիմա բանի չի հասել, ես ի՞նչ պիտի անէի: Պէտք էր պիտանի մի բան սովորել, փող աշխատել, հակառակ դէպքում… չէ՜ մի, ամուսնանամ ու նա հոգայ ծախսերս: Ստրկութիւն: Բայց հնարաւոր է, որ նա իսկապէս սիրում է ինձ եւ, որ ես էլ իրականում սիրում եմ նրան: Հնարաւոր է, որ իմ միակը հէնց նա է. ասում եմ սա ու յիշում Հախվերդեանի այդ երգը: Ասում է՝
«Նա է իմ միակ, միակ իմ սէրը
Եւ իզուր են ձեր դատարկ խօսքերը
Դուք ասում էք ինձ, որ դա դայ դա, դա դայ դամ…»:
Երեւի: Հէնց մտածում եմ նրա մասին յիշում եմ էս երգը, բայց նման զգացողութիւն չեմ ունենում: Զգացողութիւններին չգիտեմ՝ պէտք է վստահել, թէ չէ:
Հա, նա ինձ կ՚օգնի բանկային գործ սովորել, հաստատ կ՚օգնի, ու աւելի կարեւոր մի բան՝ նա հաստատ կ՚ուրախանայ, որ որոշել եմ դրանով զբաղուել: Չէ որ ինքն էլ բանկում է, արդէն վարկային բաժնի պետ է: Ճիշտ է՝ բանկը փոքր է: Է՜հ, ինչ արած, նա էսպէս ասած մի փոքր թագաւորութեան տէրն է: Իսկ ես կ՚ուզեմ դրա տիրուհին լինել, երբ բանկային գործ սովորեմ: Համ էլ մենք սազում ենք իրար. երկուսս էլ բարձրահասակ ենք, ու նա սիրուն է, մենք սիրուն զոյգ կը լինենք: Նա քաղցր օծանելիք է ցանում, սիրուն, կոկիկ սանրուածք ունի, ու նրա բանկային մուգ կապոյտ համազգեստը ոնց որ հէնց նրա համար կարուած լինի: Նրա հետ լաւ նկարներ կը ստացուեն:
Բայց այսօր ուզում եմ վազել: Կամ չէ: Կը սպասեմ այգաբացին, ու հէնց արեւն ուզենայ ծագել՝ դուրս կը գամ վազելու: Ինձ թւում է՝ մաման դէմ չի լինի: Եթէ չթողնի կ՚ասեմ, որ իրիկունը նրա համար աստղաձեւ բլիթներ կը թխեմ: Մենակ մի բան չգիտեմ. հիմա քնեմ ու արեւածագին զարթնեմ, թէ սպասեմ: Հմմ… չէ, շուրթերս եմ կրծոտում, եղունգներիս չհասնեմ յանկարծ, եղունգներս պէտք է լաւը լինեն: Ուրեմն էսպէս՝ աւելի լաւ է՝ սպասեմ, թէ չէ ես գիտեմ ինձ, եթէ քնեմ երեւի էլ չկարողանամ ժամանակին վեր կենալ:

ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԸ

—Էսօր հաշուետւութեան օր է: Մինչեւ օրուայ վերջ կառավարչին պիտի զեկուցեմ արդիւնքները: Ոնց են նեարդայնացնում սէնց օրերը «Պարոն Խալաթեան, էս ամիս արել ենք էսքան բաները՝ թուերով ներկայացուած… տոկոսային յարաբերութեամբ… նոր վարկատեսակը արդարացնում է իրեն, այսինքն դեռ շուտ է դրա մասին խօսելը, բայց բանը նրանում է, որ խայծը վերցրել են» : «Դէ հա խայծի նման է, կառավարիչ ջան, որովհետեւ, եթէ միւս ամիս չփոխենք գոնէ փաստացի տոկոսադրոյքը կամ ինչ-որ այլ հնարք, ապա խոշոր հաշուով տրուած վարկերը պիտի որ գերազանցեն աւանդները: Ու դէ հասկանում էք, պարոն Խալաթեան, թէ ինչ կը լինի»: Բայց դժուար թէ հասկանայ, պիտի մանրամասն բացատրեմ. «Իհարկէ, ինքս նոր առաջարկներ ունեմ, պարոն Խալաթեան. տրամադրել վիզա ու մաստեր քարտեր՝ առաջին տարին անվճար, իսկ յետոյ ամսական ասենք մի հինգ հարիւր կամ վեց հարիւր, բայց տարուանը միանգամից կը գանձենք ու սկզբում: Կարծում եմ՝ էդպէս կը շահենք երկարաժամկէտ հատուածում»:
Բայց չէ է՜, միանգամից երկու նոր ծրագիրը, ու երկուսն էլ հիմնուած երկարաժամկէտ հատուածի ու մեր բանկից կախուածութիւն ստեղծելու վրայ, մի քիչ ռիսկային է: Չէ, պէտք է մի լաւ տնտղել սա, մինչեւ նրա մօտ մտնելը: Բայց լաւ է, որ հէնց ինձ յանձնարարեցին էս գործը, սա առաջխաղացման հնարաւորութիւն կը տայ, վատագոյն դէպքում դէ գոնէ աչքի կ՚ընկնեմ պետերի մօտ, կը տեղափոխուեմ մի ուրիշ մասնաճիւղ: Էս ամենը պրծնելուց յետոյ արժի հանդիպել գեղասահորդուհու հետ. մի քիչ միամիտ է, մի քիչ էլ անմիտ, բայց լաւիկն է: Ասենք՝ աղջիկը էդպիսի բան է, բան չկայ, բայց նման մի բան, եթէ հէնց հիմա ինձ բարձր պաշտօն առաջարկեն, ի՞նչ, պիտի մերժե՞մ, իհարկէ չէ: Իսկ եթէ էդ սիրունիկ աղջիկը հաւանում է ինձ, ես էլ իրան երեւի հաւանում եմ, պիտի մերժե՞մ, է՜հ, սիրելս որն է, գործերիս յաջողութեան համար անհրաժեշտ է, որ կողքիս գեղեցիկ կին լինի, երբ պաշտօնս բարձրացնեն պաշտօնական հանդիպումներին էդ ինձ պէտք կը գայ, գործն էդպէս է արւում, առք ու վաճառք առանց խորանալու:

ՊԱՐՈՆ ԽԱԼԱԹԵԱՆԸ

—Էս ամիս ոնց որ լաւ ենք պրծել, հաշուետւութիւնները վատը չեն, արդիւնքը՝ դրական: Եթէ յաջողուի մեր բանկը լաւագոյն եռեակի մէջ կը մտնի, եթէ ներքին հաշուարկներում մեր մասնաճիւղի ցուցանիշները տոկոսային յարաբերութեամբ աւելի բարձր լինեն, քան միւս մասնաճիւղերում, իսկ էդ ոնց որ թէ լինելու է, ուրեմն կարող է եւ նոր պաշտօն առաջարկեն, օրինակ՝ գլխաւոր բաժանմունքում: Եթէ էսպէս շարունակուի տղուս կ՚ուղարկեմ Անգլիա՝ սովորելու, իսկ հիմա… հիմա հաճելի եղանակ է, արժի դուրս գալ՝ զբօսնելու, բայց նախ պէտք է յանձնարարել սպասարկման բաժնի աշխատողներին, որ ստորագրելու ու հաստատելու փաստաղթղերը պատրաստեն սեղանիս մօտ: Ու հա, անպայման զգուշացնել, որ էլի չխառնեն սեղանս: Վերադառնալիս ոսկերչի հետ պէտք է խօսել, դրա հաշուարկները մի առանձին գլխացաւանք են, ու ինչ լաւ է, որ պրծայ դրանից, հիմա սպանեն էլ էլ վարկային բաժնում չեմ կարողանայ աշխատել:
—Թղթերը, աղունիկներս, չմոռանաք սեղանիս դնել, — ասաց նա ու դուրս եկաւ բանկից, քայլում էր սրճարանների կողքով՝ յստակ ու կայացած մարդու քայլերով, ում ոտքի ամեն մի հպումը գետնին մի դոլար էր բերում: Շատերը էդ շրջանում ճանաչում էին նրան ու քծնելով շտապում բարեւել: Նրա կլորիկ, կիսաճաղատ գլուխը շարժւում էր ի նշան ողջոյնի, ու մաքուր սափրուած դէմքին ժպիտի նշոյլներ էին երեւում: Նա հօ գիտեր, որ պարզապէս քծնւում են:
Քայլեցի էնքան ժամանակ, մինչեւ հանդիպեցի մի մարդու, ում հետ իսկապէս արժէր զրուցել. նախկին դասախօսս էր, է՜հ, քսան տարի առաջ է դասաւանդել ինձ, մազերը ճերմակել են, թէպէտ նա դեռ չի ծերացել, չէ, նա նման չէ ծերուկի, երիտասարդական մի բան կայ նրա մէջ, պէտք է մօտենալ, ողջունել նրան:

ԴԱՍԱԽՕՍԸ

Նա, որ Խալաթեանին դասաւանդելիս դեռ ասպիրանտ էր, իսկ հիմա պրոֆեսոր, քայլում էր Երեւանեան աղմկոտ փողոցներով այնպէս հանգստօրէն, ինչպէս Պլատոնը, երբ նրան թուաց, թէ զգում է, որ լսում է տիեզերքի անհունութեան մէջ շպրտուած մոլորակների երաժշտութիւնը: Նա հանգիստ էր, անվրդով, բայց եւ այնպէս դեռ չէր աւարտել իր կռիւն էս կեանքի հետ, ու երբեմն… երբեմն ոռնացող մեքենաների աղմուկը…
—Ահա էս ծառերը, էն սիրուն անտառն ու էն անդուռ ռեստորանը, դէ էդ ի հարկէ ամենապրիմիտիւ օրինակով, էս յիմար քաղաքական գործիչները՝ իրենց հիմար քաղաքականութեամբ, որ չեն կարողանում համատեղել բնութիւնն ու քաղաքակրթութիւնը: Ախր, ախր բնութիւնն ինքը պիտի լինի քաղաքակրթութիւն: Էհ, ինչ արած, էս է մեր ունեցածը, էս մերն է: Ես ինչ կ՚անէի: Ես ինչ կ՚անէի: Երեւի ես էլ նոյն բանը կ՚անէի: Կ՚անէի՞: Էհ, ինչի՞ս է: Եղանակը լաւն է էսօր:
Դասախօսին է մօտենում հին ուսանողը՝ Խալաթեանը: Երկար-բարակ, դատարկ-մատարկ խօսքեր, ձեւական բաներ, որից յետոյ.
—Բա էս ո՞ւր էք գնում, պրոֆեսոր:
Ահա, Խալաթեանն իմացաւ, որ պրոֆեսորը Իջեւան է գնում, որովհետեւ վերջին տարիներին սկսել է նաեւ էնտեղ դասաւանդել: «Երեւի բնութիւնն է էնտեղ ուրիշ կամ մարդկութիւնը», — եզրափակել է նա:
Նա, երբ նոր էր սկսել դասաւանդել, այն յոյսն ունէր, թէ իր լաւագոյն ուսանողների հետ կը հաւաքուեն ու մի նոր, բոլորովին նոր տնտեսական մոդել կը մշակեն: Չէ՞ որ էս ամենը հիմնուած է զրոյական խաղի վրայ՝ մինչ էն պահը, երբ նոր արտադրութիւնը ընդլայնում է շրջանակը, որի արդիւնքը դեռեւս եւ միշտ զրոն է: Ուստի, եթէ յաջողուէր, եթէ յաջողուէր փոխել իրերի արժեքը… եթէ յաջողուէր մի պահ կանգնեցնել պահանջարկը, ու խթանել առաջարկը էնպէս, ինչպէս հարկն է… ու եթէ յաջողուէր դա էնպէս անել, որ չվերածուէր բազմիցս կրկնուած սովորական տականքութեան:
Բայց դրանք անցած գնացած բաներ են, հիմա, ի հարկէ, պարզ է, որ նախկին ուսանող պարոն Խալաթեանի համար մի ողջ վարչութեան պետի տեղակալ եւ բանկի կառավարիչ լինելն աւելի յարմար է, քան ճգնաւորական կեանքի վտանգին տրուելով՝ մի նոր տնտեսական մոդել մշակելը:
—Սրճարանների վերջին շարքում մեքենան ազդանշան տուեց, ու երկու ժամ յետոյ մենք արդեն տեղ հասանք՝ մինչ ճանապարհին ես նայում էի բնապատկերներին ու պատշաճութիւնից դրդուած մի երկու բառ փոխանակում տաքսու վարորդի հետ: Քաղաք հասնելով մեքենան կանգնեցնում եմ շուկայի դիմաց՝ որոշելով մի քիչ քայլել էդ փոքրիկ անտառային քաղաքով: Երեւանում էս ժամին եռուզեռ է տիրում, մինչդեռ մարդիկ էստեղ քայլում են ու չեն շտապում, իսկ ես քայլում եմ ծառուղիներով՝ բարդիների ու սոճիների արանքով դուրս եմ գալիս մի փողոց, որտեղ հաւասարապէս եւ մարդիկ են քայլում, եւ անցնում են մեքենաները՝ առանց որեւէ կարգաւորման համակարգի: Մեքենաները, որ երբեմն անգամ անցնում են քսուելով մարդկանց հագուստի ծայրին: Զբօսնում եմ հէնց էնպէս, որը գուցէ հէնց էն պէսն է, որը ինձ պէտք է, ու ինձ թւում է, թէ տեսնում եմ իմ ուսանողներից մէկին եւս, աւելի թարմ մէկին: Նա հեռւում է ու հեռանում է: Տեսողութիւնս չլինի թէ խաբի ինձ: Քայլում է երկու հոգու հետ, խօսում է նրանց հետ, բայց կարծես ներկայ չէ նրանց խօսակցութեանը:
Մի ժամանակ դասախօսը նրա հետ էլ մեծ յոյսեր էր կապում: Ուսանողն ինքն էր տնտեսական նոր մոդելի գաղափար առաջարկում, բայց պրոֆեսորն արդէն յոգնել էր էդ մտքից ու գուցէ նաեւ բազմաթիւ ձախողումներից: Յետոյ նրանք փորձեցին միասին մի բան մոգոնել, բայց չստացուեց: Յետոյ ուսանողը հեռացաւ ոտքով՝ ճանապարհին պատահած մեքենաներով, ու հիմա վերադարձել էր:
—Էհ, տղաս, ո՞ւր էիր գնում, ի՞նչ էիր փնտռում:

ՓԱՅԼՈՒՆ ԿՕՇԻԿՆԵՐՈՎ ՏՂԱՆ

—Ոչինչ, ձեւեր է թափում: Սաղ աղջիկներն էլ էդպէս են անում, շուտով կը կոտրուի: Մի քիչ կը ֆռֆռանք, յետոյ կը տեսնենք՝ ինչ կը լինի: Լաւն է, վատը չէ, համեստ աղջիկ է երեւում, կ՚ամուսնանամ հետը, երեւի սիրահարուած է, իսկ հիմա, հիմա արժի մի քիչ ֆռֆռալ քաղաքով, տղերքին տենալ, նայել՝ ինչ կայ, չկայ: Կարելի է վերեւներում լռուըցնել, — ասում է փայլուն կօշիկներով տղան՝ կիսագողական դէմքով, ժամանակակից հագուստով, հատ-հատ սանրած մազերով, որոնք ուղղուած էին դէպի ճակատը:

ԱՂՋԻԿԸ (ՀԱՅՈՒՀԻՆ)

— Արդէն երկրորդ անգամն է մօտենում ինձ, իսկ մնացած ժամանակ հետեւիցս է գալիս, սիրահարուած է ինձ, երեւի մի քիչ շփուեմ հետը: Եթէ մի անգամ էլ մօտենայ, ուրեմն աստիճանաբար կը սկսեմ խօսել հետը, հնարաւոր է նաեւ՝ մոռանամ էդ հիւանդին: Չեմ ուզում մտածել դրա մասին:
Ու ինչպիսի զուգադիպութիւն. էն հիւանդի կօշիկները միշտ փոշոտ էին, իսկ էս մէկինը միշտ փայլուն: Զուգադիպութի՞ւն է:

ՀԻՒԱՆԴ ՏՂԱՆ

—Ես գնացի դաշտերն ու լեռները ու չգտայ ոչինչ, ու հիմա, երբ վերադարձել եմ, ինձ սպասում են չորս պատերը: Տնից էլ դուրս չեմ գայ, իմաստ չունի: Էս չորս պատերը, էս հէրն անիծած չորս պատերը, սրանք ամենաուժեղ մրցակիցն են, որ երբեւէ տեսել եմ:
Զանգե՞մ գեղասահորդուհուն, թէ՞ չէ: Ոչ մի բան չունեմ՝ նրան առաջարկելու, իսկ էդ սիրունիկ, գեղեցկագոյն էակը կը համաձայնի՞ ապրել ոչ մի բանով: Չէ, նա անդունդներում չի ապրի, իսկ ես պէտք է գնամ ամենախոր անդունդը, որ շուռ տամ աշխարհը, որ յայտնուեմ ամենաբարձրում: Էդպէ՛ս:

ԱՂՋԻԿԸ (ՀԱՅՈՒՀԻՆ) ՈՒ ՓԱՅԼՈՒՆ ԿՕՇԻԿՆԵՐՈՎ ՏՂԱՆ

Նա քայլում էր աղջկայ հետեւից, իսկ աղջիկը ասես շտապում էր հեռանալ, սակայն անցնող օրերի հետ, երկուսի կամօք, տարածութիւնը կրճատւում էր նրանց միջեւ:
Շուտով արդէն աղջիկը սկսում էր պատասխանել նրա զանգերին. սկզբում կարճ էր կապում խօսակցութիւնը, յետոյ՝ երկար: Յետոյ նրանք սկսում են հանդիպել, յետոյ աղջիկն ինքն է սկսում զանգել, եւ աղջիկ հայուհին մտածում էր, որ հնարաւոր է ամուսնանայ նրա հետ, երբ վերջնականապէս աւարտի ուսումը:

ԱՂՋԻԿԸ (ՀԱՅՈՒՀԻՆ)

—Արդէն մի ամիս է, ինչ հանդիպում ենք, ես երբեք աւելի փայլուն կօշիկ չէի տեսել, քան նրանն է: Հագնուածքը նորմալ է: Ես նիւթապաշտ չեմ, բայց էդ հիւանդից յետոյ, երբ նա թափանցեց հոգուս խորքը ու անցաւ ոսկորներիս միջով, երբ ես ինքս տեսայ նրա ներքին աշխարհն ու մոլորուեցի էնտեղ, դրանից յետոյ ես սկսել եմ ուշադրութիւն դարձնել մենակ արտաքուստ երեւացող, յստակ բաներին: Ես ու նա, որի կօշիկները փայլում էին, նստել էինք այգում: Նրա կօշիկներն աւելի փայլուն էին, քան արեւը, իսկ երբ արեւը սահում էր նրա կօշիկների վրայով՝ դրանք ասես հայելի դառնային ու կարող էին ծակել աչքերդ: Մենք զրուցում էինք, նա ձեռքը տարաւ պարանոցիս, ես ետ հրեցի. — Դեռ ժամանակը չէ, — ասացի ես: Նա նորից փորձեց, ուզում էր գրկել ինձ, ես ետ հրեցի նրան: Իսկ յետոյ, յետոյ յանկարծ անզուսպ պոռթկումով գրկեցի ու համբուրեցի նրան: Շուրթերով: Իսկ յետոյ, յետոյ գնացի զուգարան ու փսխեցի ողջ կերածս:

ՓԱՅԼՈՒՆ ԿՕՇԻԿՆԵՐՈՎ ՏՂԱՆ

—Վերջ, էդ քածն արդէն իմն է, տղէք: Էսօր համբուրեցի, վաղը մնում է մենակ մի յարմար հիւրանոց գտնեմ: Լաւն է, վատը չէ, բայց ախր, այ ապուշ, էշ, ախր, դու ոնց էիր մտածում, որ կարելի է ամուսնանալ դրա հետ: Ախր չորրորդ օրը նա արդէն խօսում էր հետդ, իսկ մի ամիս էլ չանցած արդէն համբուրում է քեզ, ու թէկուզ սիրտս էլ հալուի դրա համար, ապուշ, դու ուզում էիր պսակուել դրա հետ: Բայց աւելի լաւ, չէ, իրօք, աւելի լաւ, մէկ է հարսանիքի համար հիմա ծախսերը չէին հերիքի, բայց հիւրանոցին կը հերիքեն: Հիմա զանգեմ տղէքին, էժանով մի լաւ տեղ գտնենք: Ա՜յ, բայց ինչ գազան բան էր, հը, ի՜նչ փչացածն է: Արտաքուստ էլ էնքան համեստ, էնքան ամաչկոտ է երեւում, բոլորն ասում էին՝ լաւ աղջիկ է, բայց արի ու տես…
Էհ, ոչինչ, մի համեստ աղջիկ կը գտնեմ, կ՚ամուսնանամ, իսկ սրան որպէս քած կը պահեմ: Բայց ընտիր պատմութիւն կը լինի, զանգեմ տղէքին պատմեմ սաղ: Ես իմը կ՚անեմ, ինձնից յետոյ թող իրանք էլ օգտուեն:

ՀԻՒԱՆԴ ՏՂԱՆ ՈՒ ԱՂՋԻԿ ՀԱՅՈՒՀԻՆ

—Հէնց առաջին պահից ինձ գրաւում էր նրա ամօթխածութիւնը, — ասում էր հիւանդ տղան, — մի տեսակ սիրուն էր նրա ինքնամփոփութիւնը, թէպէտ չեմ կարող ասել, թէ սիրեցի նրան: Սկզբում նա էնքան էլ սիրուն չէր, յետոյ յանկարծ ծաղկեց մոգական մի ծաղկի պէս: Նա սիրուն էր, սիրուն հայուհի՝ հեթանոսական գեղեցկութիւն: Ու նա անկեղծ էր, չափազանց անկեղծ: Էդ պարզ անկեղծութիւնը մարդկութեան վերացող տեսակին է պատկանում, ու մի պահ ես սիրահարուեցի նրան:
—Ես հէնց առաջին պահից սիրեցի նրան, — ասում է աղջիկը, — նրա ինքնավստահութիւնը, միաժամանակ հանգիստ ու սուր հայեացքը, ինձ թւում էր, որ նա ամեն ինչ գիտի, գիտի աշխարհի բոլոր հարցերի պատասխանները: Չէ, սիրելը սխալ է ասուած, պարզապէս հէնց առաջին պահից նա գրաւեց իմ ուշադրութիւնը, իսկ յետոյ ես թունդ սիրահարուեցի նրան: Հիմա ատում եմ նրան, ատում, որովհետեւ նա ինձնից կորզեց իմ առաջին համբոյրը, մենք իրար վաղուց էինք ճանաչում, որովհետեւ դա փոքր քաղաք էր: Սիրել, կամ աւելի ճիշտ՝ հանդիպել սկսել ենք միայն երեք օր: Էդ ժամանակ էր՝ վերջին երրորդ օրը, երբ նա բռնեց ձեռքս, ու ես իմ երկու ձեռքերով ծածկեցի նրա ափը: նա մի ձեռքը հենել էր ուսիս, խաղում էր մազերիս հետ ու անընդհատ համբուրում էր ձեռքս: Նրա ձեռքերը սառն էին, թրջուած, որովհետեւ նա մի տաս րոպէ սպասել էր ինձ՝ անձրեւի տակ: Ես երկու ձեռքով ծածկել էի նրա ձեռքը, որ տաքացնեմ նրան, թէպէտ նա չէր մրսում: Իսկ ես դողում էի:
Մենք նստած էինք շինութեան ներսում, որի անունը չեմ տայ: Նա գրկեց ինձ, ու ես հենուեցի նրան: Նա շոյում էր մազերս, յետոյ համբուրեց այտս, տաք ճակատս, այտերս, աչքերս: Ես չէի դիմադրում: Զգացողութիւններն այնքան ուժեղ էին, որ ես ոչինչ չէի զգում: Ասես էդ ամենը երազ լինէր, կամ թէ գոյութիւն չունենայի: Կամ թէ կայի՝ ասես դա գոյութիւնից ի վեր մի բան լինէր: Ես դէմ չէի նրա շոյանքներին, բայց դողում էի: Բայց էնպէս է, որ նա նոյնպէս հանգիստ չէր: Մենք նստած էինք շատ մօտ, ու նա ոտնաթաթը նեարդայնօրէն տկտկացնում էր գետնին, բայց ինքը դա չէր նկատում: Ես ձեռքս դրի նրա ծնկին, — Էդպէս մի արա, — ասացի ես խեղդուող ձայնով: Դա էն հազուադէպ բառերից էր, որ ես ասացի: Ես չէի խօսում, ես չէի յիշում: Էդ ամենն ասես երազ լինէր, իսկ մեր զրոյցը երազում արտաբերուած կիսատ-պռատ մրթմրթոցներ, որ չեմ յիշում: Այդպէս, ես դէմ չէի, որ նա խաղում էր մազերիս հետ, կամ համբուրում թեւերս, բայց ընդհատում էի նրան: Բայց երբ ընդհատում էի նրան ամուր սեղմում էի ինձ՝ նրա գլուխն իմ գլխին, բայց չէի թողնում, որ համբուրէր շուրթերս: Իսկ նա ուզում էր, էնպէ՜ս էր ուզում, ասում էր, թէ… ա՜հ, ինչպէ՞ս էր ասում, ըհը, ասում էր, որ մեռնում է ու ուզում է կեանքի հիւթեր քամել իմ շուրթերից: Ես հաւատում էի նրան, որովհետեւ երբեմն ինձ էլ թւում էր, որ նա մեռնում է, յետոյ ասում է, որ ուզում է առաջինը լինել, ով ինձ կը համբուրի, քանի դեռ էս քարանձաւի կապիկները չեն դիպել ինձ: Էդպէս էլ եղաւ, մենք համբուրվեցինք, շուրթերով:
Եւ մենք որոշել էինք՝ դա մեր երրորդ ու վերջին հանդիպումն էր: Չգիտեմ՝ ինչու էինք էդպէս որոշել, նա ասում էր յիմար պատճառներով: Դա մեր վերջին հանդիպումն էր: Յետոյ մենք գրկեցինք իրար, համբուրուեցինք չգիտեմ՝ շուրթերը, ճակատը, այտոսկրը, գրկեցինք իրար, ու ես լացեցի: Կարծեմ՝ նա էլ յուզուել էր, բայց չգիտեմ, նա տականք է ու դժուար յուզուէր, երեւի ուղղակի անձրեւի կաթիլներն էին նրա մազերից կաթում աչքերին:
Յետոյ դուրս եկանք շէնքից, դեռ անձրեւ էր: Մենք որոշել էինք, որ այն պահից, երբ դուրս կը գանք շէնքից, էլ երբեք չենք խօսի իրար հետ. էդպէս էլ եղաւ: Մենք դուրս եկանք շէնքից՝ որպէս անծանօթներ: Նա ծխախոտ վառեց, դեռ անձրեւ էր, դժուարութեամբ վառեց, նստեց իրեն սպասող մեքենան, պատուհանից գցեց ծխախոտը, հայեացքով հետեւեց՝ մինչեւ ես հասնեմ ինձ սպասող մեքենային, ու նրա մեքենան շարժուեց:

ՀԻՒԱՆԴ ՏՂԱՆ

—Նա չէր ուզում բաց հանդիպենք, էստեղ ու էնտեղ գնանք՝ յիմար պատճառներով. «Բա որ մարդիկ տեսնեն, ինչ կ՚ասեն», «Իսկ դու լուրջ նպատակներ ունես»: Հէ, անկեղծ ասած թքել եմ էդ մարդկանց վրայ ու ծիծաղել էս կեանքի լրջութեան վրայ: Ես սիրում էի քեզ, աղջիկ, դու ինչի մասին էիր մտածում: Ինքս էլ հասկանում էի, որ սա երկար չի ձգուի: Նման պայմաններում մեր սէրը, եթէ այն կար էլ, կը պղծուէր, իսկ ես չէի կարող դա թոյլ տալ: Ասացի, որ սա մեր վերջին հանդիպումն է, ու նա համաձայնուեց: Ես հոգեկան բնոյթի որոշ խանգարումներ ունէի, երբեմն անգամ ամիսներով տնից դուրս չէի գալիս, բայց էդ օրը մինչեւ ժամը 15:00-ն դրսերում էի մեր ընդհանուր ծանօթների հետ, իսկ յետոյ մի կէս ժամ ծխում ու նրան էի սպասում՝ մինչ անձրեւը տեղում էր վրաս: Յիշում եմ մենակ, որ սպիտակ վերնաշապիկս ջուր էր դառել ու կպել էր մարմնիս:
Նա գիտէր, որ հոգեկան ներաշխարհս խաթարուել է, ու նեարդերս պրկուել են: Ես բժիշկների մօտ դեղեր էի փնտրում, որ ապրեմ: Ես զգուշացրել էի դա նրան մեր հանդիպման առաջին օրը՝ ասելով, որ նոր ցնցումների չեմ դիմանայ: Նա ասաց, որ սիրում է ինձ ու երբեք իմ հոգեկան աշխարհը հոգեկան ցնցումների չի տանի, իսկ յաջորդ օրն ասաց, որ բաժանւում ենք: Կարծեմ ինչ-որ մէկը խորհուրդ էր տուել նրան չհանդիպել հետս: Այդպէս՝ ասացի նրան թող սա լինի մեր վերջին ու երրորդ հանդիպումը, ու նա համաձայնեց: Մտանք շինութեան ներսը, մի գաղտնի տեղ, որ զրուցենք հանգիստ: Նա չէր թրջուել: Էդ ողջ ընթացքում նա մօտերքում մի տեղ ինչ-որ անկապ գործով էր զբաղուած։ Կարծեմ գուցէ դա զուտ ինձ սպասեցնելու համար էր: Կամ էլ չէ: Երեւի ոչ, որովհետեւ նա ամենաանկեղծ աղջիկն էր երկրագնդի վրայ:
Երբ մենակ մնացինք, տեսայ, որ նրա թեւերին սարսուռներ կային. — Մրսո՞ւմ ես, — հարցրի ես: Դէ ի հարկէ նա չէր կարող մրսել. ներսում տաք էր, բայց մաշկը փշաքաղուել էր: Նայեցինք իրար ու ժպտացինք երկուսիս էլ հասկանալի մի ժպիտով: Նա ամաչելով էր ժպտում՝ հայեացքը կախ:
Ես սիրում էի նրան, իսկապէս սիրում էի, բայց երբեմն նա չափից դուրս առօրէական էր, երբեմն էլ չափից շատ էր ուշադրութիւն դարձնում մարդկանց կարծիքներին:
Ուզում էի լինել առաջինը, ով կը համբուրի նրա անմեղ շուրթերը, քանի դեռ էս քարանձաւի կապիկները չեն դիպել նրան:
Ես համբուրում էի նրա ձեռքերն ու աչքերը, նրա արցունքը, որ մի պահ իջաւ աչքերից: Նա մի տեսակ նուաղած էր, մարմինը փշաքաղուել էր, ես նոյնպէս՝ երազային մի բանի մէջ էի: Մենք սիրում էինք իրար ու դրա մասին էին վկայում անգամ ֆիզիկական փաստերը, բայց ի՞նչ:
Թող սա լինէր մեր վերջին հանդիպումը: Մօտ մի ժամ չէր թողնում, որ համբուրեմ շուրթերը, յետոյ թողնում էր, բայց համբոյրներիս չէր պատասխանում: Թողնում էր, որ շուրթերով հպուեմ իր շուրթերին, բայց ինքը չէր պատասխանում: Յետոյ ամենավերջում նա համբուրեց ինձ, մենք համբուրուեցինք (դա անփորձ ու չոր համբոյր էր), բայց դա մեր առաջին համբոյրն էր, յետոյ գրկեցինք իրար ու լացեցինք, որովհետեւ պէտք է դուրս գայինք շէնքից, իսկ շէնքից դուրս գալուց յետոյ, ինչպէս նախապէս որոշել էինք՝ պէտք է օտարներ դառնայինք միմեանց հանդէպ: Էդպէս էլ եղաւ:

ԿԷՍ ՀԱՅՈՒՀԻ ԱՂՋԻԿԸ (ԱՅԼՈՒՀԻՆ)

Նա թողեց գեղասահքն ու ամբողջութեամբ տրուեց բանկային գործի ուսումնասիրմանը: Այդպէս նա ուզում էր աւելի մօտ լինել իր ընկերոջը, որը վարկային բաժնի պետն էր, դէ, նրանք արդէն ընկերութիւն էին անում։ Ի տարբերութիւն Իջեւանի՝ Երեւանում երբեմն նման կարգի ձեւականութիւններն աւելի քիչ տեղ են զբաղեցնում:
Նրանք քայլում էին այգիներում, գնում էին սրճարաններ, որոնք գեղեցիկ անուններ ունէին ու հաճելի մթնոլորտ, լուսանկարւում էին ու սիրուն նկարներ էին ստացւում:
Բայց աղջիկը չէր նկատում, որ նրանք չեն հասկանում իրար: Ու վարկային բաժնի պետը, որ առաջին պահից գերուել էր աղջկայ սիրունութեամբ, ու հետաքրքրութեամբ լսում էր նրա անկապ պատմութիւնները կամ ասենք՝ նրա անկապ դատողութիւնները, սկսեց ձանձրանալ: Դէ էդպէս էլ պէտք է լիներ: Իսկ կիսահայուհին իւրայատուկ աղջիկ էր, իւրայատուկ գեղեցկութեամբ ու զգայունութեամբ, մանկանը յատուկ անմեղ ու մեղաւոր ցանկութիւններով: Ու մտքերով: Երկար ժամանակ կիսահայուհին համարում էր նրան իր ասպետը, բայց պարզ է՝ նրանց յարաբերութիւնները կարճ տեւեցին:

ԿԻՍԱՀԱՅՈՒՀԻՆ (ԱՅԼՈՒՀԻՆ) ՈՒ ՀԻՒԱՆԴ ՏՂԱՆ

—Մենք հանդիպել ենք երկու թէ երեք տարի առաջ, չեմ յիշում: Արեւածագին ես դուրս եկայ վազելու ու յետոյ քիչ էր մնում բախուէի նրան, ով արեւածագին դուրս էր եկել ծխելու: Քանի որ ոչ մի ուրիշ կենդանի շունչ չկար ամբողջ աշխարհում՝ մենք խօսեցինք: Մենք խօսեցինք սպորտից ու ծխելուց: Ես ասացի, որ ծխելը վնասակար է առողջութեանը, նա չհերքեց ու մի ծուխ էլ քաշեց ու ասաց, որ էլի լիքը բան կայ, որ վնաս է մեր առողջութեանը: Ես պնդեցի, որ դա վնասակար է, բայց էդ անգամ նա հակառակուեց՝ ասելով, որ դա խիստ յարաբերական բան է: Յետոյ ասեցի, որ շատ վնաս է, կը հիւանդանայ ու կը մեռնի, իսկ նա ասաց, որ իր առողջութիւնը ինչքան էլ վատ լինի՝ կը հերիքի մինչեւ կեանքի վերջը, ասաց, որ դա Մարկ Տուէնն է ասել, կամ Բեռնարդ Շոուն, ասաց, որ երբեք չի կարողացել տարբերել էդ երկուսին, իսկ ես ասացի, որ անկեղծ ասած չգիտեմ էլ, թէ ով են դրանք՝ փոփ երգիչներ են, դերասաններ են, մուլտհերոսներ են, թէ ինչ: Նա նայեց աչքերիս, մի պահ նայեց, ասես ռենտգէն ապարատով զննեց ինձ ամբողջօրէն, ու ինձ թուաց, որ ես յիմար բան էի ասել, որ հիմա նա կը ջղայնանայ, բայց նա ժպտաց ու ասաց, որ ես իւրայատուկ լաւն եմ ու մենք գնացինք գեղասահքի դաշտ: Ես սահում էի, իսկ նա սահել չգիտէր, բայց եւ այնպէս նա դրսում չմնաց, հանեց կօշիկներն ու դաշտ մտաւ: Ես սահում էի ու պարում, իսկ նա բոբիկ ոտքերով քայլում էր սառոյցի վրայ ու նայում իմ պարը: Նա ասաց, որ իմ պարը սառոյցի վրայ վերերկրային մի բան է, իսկ ես հարցրի, թէ չի՞ սառչի նա, ասաց, որ չի սառչի, ասաց, որ բանակում յաճախ էին բոբիկ ոտքերով քայլում սառոյցի վրայով կամ սառը ջրով ողողուած խոտերի վրայով, որպէսզի սպիացնեն զինուորական կօշիկների հասցրած վէրքերը: Յետոյ մենք իմացանք, որ երկուսս էլ սիրում ենք մի մուլտֆիլմ, որի անունը երկուսս էլ մոռացել էինք: Դա մի մուլտ էր, որտեղ տղան ու աղջիկը սիրում էին իրար, բայց չէին կարողանում անգամ դիպչել իրար, որովհետեւ մէկը կրակից էր, միւսը՝ սառոյցից: Մենք ուրիշ ընդհանուր բան չունէինք, պարզ է, յետոյ ամենքս մեր ճանապարհով գնացինք ու դրանից յետոյ հազուադէպ գրում էինք իրար կամ զանգում, հազարից մի անգամ՝ կարճ, անկապ խօսակցութիւններ:

ՀԻՎԱՆԴ ՏՂԱՆ

—Զարմիկս իր ընկերոջ հետ ինձ ճանապարհեց մինչեւ տուն, ու դրանից յետոյ չորս պատերը հարձակւում էին ինձ վրայ, ու ես ասես բռունցքներով պէտք է ետ մղէի դրանց: Բայց այլեւս անզօր էի: Ուզում էի կանգնել աշխարհի գլխին ու գոռալ, որ յանձնւում եմ. վերջ, հերիք է, թող այլեւս հանգիստ թողնեն ինձ:
Չեմ ուզում պատկերացնել, թէ ինչ կը լինէր, եթէ գործէր մեր նոր տնտեսական մոդելը, որը կը փոխէր իրերի արժէքը, չեմ ուզում պատկերացնել, թէ ինչ կը լինէր իմ ու սիրուն հայուհու միջեւ: Չգիտեմ՝ ինչ կարող էր լինել իմ ու իւրայատուկ կէսհայուհու միջեւ: Չգիտեմ՝ ինչ կը լինէր, եթէ չլինէր ոչ մէկը, կամ լինէին բոլորը, բոլորը առանձին, բոլորը միասին: Չգիտեմ՝ ուր էի ուզում հասնել, երբ սկսեցի հեռանալ:
Նստել էի երկաթէ մահճակալիս ու աչքերս կուրօրէն չռել մի կէտի: Ես առաջ էի նայում, բայց եւ այնպէս՝ հայեացքս դէպի ետ էր յառուած: Մէկ-մէկ լսում էի, թէ ինչպէս է կտկտում ժամը: Գիշերուայ երկուսն անց քառասունմէկ հեռախօսիս զանգ ստացայ՝ Էկրանին գրուած էր այլուհի: Կէսհայուհին էր, ում հետ վերջին անգամ երեւի մի կէս տարի առաջ էինք խօսել:
—Ո՞նց ես:
—Լաւ եմ, դո՞ւ:
—Հիանալի, ուղղակի… հիանալի:
—Քնած չե՞ս: Ես, ի հարկէ, մենք քնած չենք, մենք չենք քնում էս ժամերին:
—Որտե՞ղ ես, հը՞, տա՞նը:
—Հա:
—Դէ… գիտես…ըըը, մօտեցիր պատուհանին:
—Ըհը, մոտեցա:
—Ի՞նչ ես տեսնում:
—Շէնքեր, ցածրայարկ շէնքեր, հինգ յարկանի շէնքեր են, բաց կապտագոյն օդը, մեր սարերի ուրուագծերը, դո՞ւ:
—Ե՞ս: Էլի շէնքեր են՝ ինը յարկանի, տասնվեց յարկանի, յետոյ մի աստղ կայ՝ էնտեղ, ձախ կողմում նայիր, իսկ լուսինը տեսնո՞ւմ ես:
—Մահիկ է, ընդամենը մահիկ:
—Ուզում եմ երկուսով նայենք մի կէտի՝ որպէս ընդհանուր բան, որպէս կապող բան, որ մենակ չզգանք, հասկանո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես՝ ամպերը շարժւում են:
—Չգիտեմ, երեւի երկիրն է շարժւում իր առանցքի շուրջը, էդ հարցն ինձ էլ է միշտ հետաքրքրել:
—Բայց աստղը տեսա՞ր, էնտեղ՝ լուսնից ձախ ու մի քիչ վերեւ:
—Կարծեմ հա, լուսնի մօտերքը նման մի բան եմ տեսնում: Արի երկուսով նայենք մի կէտի…
—Գիտե՞ս ինչ…
—Ի՞նչ:
—Մենք մենակ ենք, անտանելիօրէն մենակ, ուղղակիօրէն լքուած տիեզերքի հեռուներում՝ մի ցեխագնդի վրայ, առանց որեւէ նպատակի, հէնց էնպէս շպրտուած ենք գոյութեան…

ԱՍՏՂԸ

Դրանց դիտանկիւնից լուսնից քիչ վերեւ ու ձախ մի աստղ կար: Աստղը ժամանակի միջով նայում էր նրանց ու իր անյայտ զգայարաններով ասես զգում էր նրանց ներկայութիւնը: Նա ոչինչ չունէր ասելու, պարզապէս նայում էր մինչեւ արեւածագը, երբ աւելի ուժեղ մի լոյս դանդաղ, աստիճանաբար սկսեց ծածկել նրան: Ու նա սպասում էր յաջորդ գիշերուան, որ կրկնի այն, ինչ անում էր նախորդ գիշերը, չնայած այն փաստին, որ նա մեռել էր, վաղուց մեռել էր:

Երեւան

Leave a Reply

Your email address will not be published.